Ինչ պետք է իմանալ արեւայրուք առաջացնող միջոցների մասին

10 ապրիլի, 2014  16:48

Ցրտաշունչ եւ երկարատեւ ձմռանից հետո մարդիկ նախքան ամռան գալը մի փոքր արեւ են ցանկանում:

Սակայն, ուլտարամանուշակագույն ճառագայթների՝ մաշկի քաղցկեղ առաջացնելու մասին վկայող բազմաթիվ հետազոտություններից հետո, շատերն ուզում են իմանալ, թե ինչպես ստանալ մաշկի այդքան ցանկալի ոսկեգույն երանգը:

Բժիշկ Մէննի Ալվարեսը Fox News ալիքով պատասխանում է ընթերցողի այն հարցին, թե որքանով են անվտանգ արեւայրուքի միջոցները:

Արեւայրուք առաջացնող միջոցների մեծամասնության մեջ ակտիվ նյութը դիհիդրօքիացետոնն է կամ ԴՀԱ: ԴՀԱ-ն գունային հավելում է, որը՝ կապվելով վերնամաշկի սպիտակուցների հետ, մգացնում է մաշկը:

Թեպետ ապացուցված չէ, որ ԴՀԱ-ն վտանգավոր ազդեցություն ունի, որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ ԴՀԱ-ն կարող է բերել գենետիկ փոփոխությունների եւ ԴՆԹ-ի վնասման:

«Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե ԴՀԱ-ի շատ մեծ քանակություն քսվի մաշկի վրա, ապա կարող են առաջանալ ազատ ռադիկալներ՝ թթվածնի բարձր ակտիվությամբ ձեւեր, որոնք կարող են վնասել ներբջջային կառույցները, այդ թվում նաեւ ԴՆԹ-ն»,- ասում է Բրուքլինի SUNY բժշկական քոլեջի մաշկաբան, բժիշկ Ուիթնի Բոուին: «Սակայն արեւայրուքի միջոցներում ԴՀԱ-ի քանակություններն այնքան փոքր են, որ դրանք կարելի է միանգամայն անվտանգ, ոչ թունավոր եւ ոչ քաղցկեղածին համարել»:

Թեպետ ԴՀԱ-ի օգտագործումը արեւայրուքի լոսյոններում թույլատրված է, արեւայրուքի սփրեյներում այն խորհուրդ չի տրվում օգտագործել:

Համաձայն փորձագետների՝ ԴՀԱ-ն չի կարելի շնչել կամ կուլ տալ, վտանգավոր է նրա աչքի մեջ կամ լորձաթաղանթով պատված այլ մակերեսի վրա ընկնելը: Իսկ սփրեյի օգտագործման դեպքում շատ դժվար է խուսափել կաթիլների՝ աչքի, քթի կամ բերանի մեջ չընկնելուց:

«Ես իմ բոլոր այցելուներին խորհուրդ եմ տալիս սփրեյի օգտագործման ժամանակ փակել աչքերը, պահել շունչը եւ շրթունքները պաշտպանելու համար վազելին քսել»,- ասում է Բոուին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում