Շոկոլադն ու կարմիր գինին վիրուսներից պաշտպանում են. հետազոտություն

2 մարտի, 2018  23:44

Ռեսվերատրոլը, որը պարունակվում է  խաղողի եւ կակաոյի մեջ, ֆենոլային միացություն է, որն օժտված է հակավիրուսային էֆեկտով, պարզել են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի գիտնականները: Այս մասին հայտնում է MedicalXpress կայքը:

Հետազոտողները քիմիական միացությունն ավելացրել են մարդկային բջիջների կուլտուրաներին, որոնք վարակված էին կովի ծաղկի վիրուսով: Այս ինֆեկցիոն ագենտը վտանգավոր բնական ծաղկի վիրուսի ցեղակիցն է, սակայն նույնքան մահաբեր չէ, ինչը թույլ է տալիս այն որպես մոդելային օբյեկտ օգտագործել: Պարզվել է, որ բջիջներում ռեսվերատրոլի բարձր մակարդակը վարակման վաղ փուլում խոչընդոտել է վիրուսների բազմացմանը:

Կապիկների վրա կատարած փորձերը ցույց են տվել, որ ռեսվերատրոլն արդյունավետ է նաեւ կապիկի ծաղիկ վիրուսի դեմ պայքարում, որն ախտահարում է պրիմատներին, ներառյալ մարդուն: Հիվանդությունն ավարտվում է հիվանդացածների 10 տոկոսի մահվամբ:

Ռեսվերատրոլը նյութ է, որը որոշ բույսեր արտադրում են մակաբույծներից, օրինակ՝ բակտերիաներից կամ սնկերից պաշտպանվելու համար: Մեծ քանակությամբ ռեսվերատրոլ է պարունակվում խաղողի եւ այլ մրգերի կլեպում, կակաոյի մեջ, ընկույզներում եւ կարմիր գինու մեջ: Ռեսվերատրոլի աղբյուր է նաեւ Polygonum Cuspidatum-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում