3 փաստ, որոնք պետք է իմանալ շնչառական հիվանդությունների մասին

7 մարտի, 2018  12:47

Սուր շնչառական վարակների սեզոնը սկսվում է աշնանից եւ տեւում մինչեւ ուշ գարուն: Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը ներկայացրել է մի քանի փաստ, որոնք պետք է իմանան բոլորը:

Շնչառական հիվանդությունները վարակիչ են

Սուր շնչառական հիվանդությունները վարակիչ են, դրանց հարուցիչները տարբեր վիրուսներն են: Վարակից խուսափելու համար պետք է ձեռնպահ մնալ հիվանդ մարդկանց հետ շփումից: ՍՇՎ հարուցիչները փոխանցվում են ոչ միայն օդակաթիլային ճանապարհով, այլ նաեւ ձեռքսեղմման եւ նույնիսկ տարբեր մակերեսների միջոցով (վիրուսները կարող են «նստել» պահարանների սեղանների, կահույքի վրա, եւ մարդը կարող է վերցնել դրանց դիպչելու ժամանակ): Հետեւաբար, շատ կարեւոր է հետեւել անձնական հիգիենային եւ հաճախ լվանալ ձեռքերը:

Շնչառական հիվանդություններից վերականգնվելու արագությունը կախված է օրգանիզմից

ՍՇՎ դեպքում հատուկ բուժում գոյություն չունի, ուստի վերականգնման արագությունը կախված է միայն հիվանդի օրգանիզմից. եթե իմունային համակարգը ուժեղ է, ապա այն արագորեն կհաղթահարի վարակը: Ամրապնդել իմունային համակարգը, ինչպես նշում է մասնագետը, հնարավոր է առողջ ապրելակերպի օգնությամբ, որը ծխելուց պարտադիր հրաժարվելն է, առողջ սննդակարգը եւ ֆիզիկական ակտիվությունը:

Շնչառական հիվանդությունների դեպքում բարդացումները հաճախակի երեւույթ են

ՍՇՎ դեպքում բարդությունները շատ հաճախակի են, հատկապես, եթե հիվանդը ուժեղ իմունային համակարգ չունի կամ տառապում է քրոնիկական հիվանդությամբ: Հատկապես հաճախ բարդություններ են հանդիպում գրիպի եւ թոքաբորբի դեպքում: Եթե շնչառական հիվանդությունը մի քանի օրից չի անցնում, եթե նոր ախտանիշներ են ավելանում, ապա հարկավոր է դիմել բժշկի՝ խնդրի պատճառը հասկանալու եւ ճիշտ բուժում ստանալու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում