Նորածինների շրջանում ևս մեկ հիվանդության վաղ ախտորոշման համար պետպատվերով կիրականացվի սքրինինգային հետազոտություն. ԱՆ

19 հունիսի, 2024  12:21

Նորածինների շրջանում ևս մեկ հիվանդության վաղ ախտորոշման համար պետական պատվերով այսուհետ կիրականացվի սքրինինգային հետազոտություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Բնածին մակերիկամային հիպերպլազիայի կամ որ նույնն է` ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը թույլ կտա մինչև կլինիկական դրսևորումները հայտնաբերել հիվանդությունն ու կանխել դրա զարգացումը` խուսափելով մահվան ելքերից առավելապես տղաների շրջանում:

Այս սքրինինգը աղջիկների մոտ թույլ կտա կանխարգելել հիպոնատրիեմիան, որը, երկարաժամկետ կտրվածքով, հանգեցնում է մտավոր զարգացման հապաղման:

Բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշման և ժամանակին բուժման ու բարդացումների կանխարգելման համար մեր երկրում պետության կողմից իրականացվում էր 6 սքրինինգային ծրագիր, ԱԳՀ սքրինինգը արդեն 7-րդն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում