Սթենֆորդի համալսարանի Բժշկական դպրոցի հետազոտողները հայտնաբերել են բնական պեպտիդ, որն ընդունակ է ճնշել ախորժակը և նվազեցնել կենդանիների մարմնի քաշը GLP-1 հիմքով դեղամիջոցների (ինչպիսին է «Օզեմպիկը»/սեմագլուտիդը) ազդեցության մեխանիզմով, սակայն՝ առանց դրանց բնորոշ տարածված կողմնակի ազդեցությունների։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Nature» ամսագրում։
Նոր մոլեկուլն ստացել է BRP (BRINP2-related peptide) անվանումը։ Այն հաջողվել է հայտնաբերել արհեստական բանականության ալգորիթմի միջոցով, որը մշակվել էր մարդու սպիտակուցներում նախկինում անհայտ կենսաբանորեն ակտիվ պեպտիդներ գտնելու համար։
Ի տարբերություն սեմագլուտիդի, որն ազդում է ոչ միայն ուղեղում, այլև աղիներում, ենթաստամոքսային գեղձում և այլ հյուսվածքներում տեղակայված GLP-1 ռեցեպտորների վրա, BRP-ն ազդում է հիմնականում հիպոթալամուսի՝ ախորժակն ու էներգետիկ փոխանակությունը կարգավորող ուղեղի հատվածի վրա։ Հետազոտողների կարծիքով՝ նման ընտրողականությունը կարող է նվազեցնել կողմնակի ազդեցությունների, այդ թվում՝ սրտխառնոցի, փորկապության և մկանային զանգվածի կորստի հավանականությունը։
Նոր մոլեկուլների որոնման համար գիտնականները ստեղծել են «Peptide Predictor» ալգորիթմը, որը վերլուծել է մարդու սպիտակուցները կոդավորող շուրջ 20 հազար գեն։ Համակարգն առանձնացրել է 373 պրոհորմոն, որոնք պոտենցիալ կարող էին ձևավորել 2683 տարբեր պեպտիդներ, ինչից հետո հետազոտողները փորձարկել են դրանցից ամենահեռանկարայինները։
Հատուկ ուշադրություն է գրավել ընդամենը 12 ամինաթթվից կազմված նախկինում անհայտ պեպտիդը, որն ախորժակի կարգավորմանը մասնակցող նեյրոններն ակտիվացնելու ակնհայտ ունակություն է ցուցաբերել։ Այս մոլեկուլն անվանել են BRP։
Այնուհետև BRP-ի արդյունավետությունը ստուգվել է մկների և մինի-խոզերի վրա։ Կերակրումից առաջ կատարված մեկանգամյա միջմկանային ներարկումը երկու տեսակի կենդանիների մոտ էլ հաջորդ մեկ ժամվա ընթացքում նվազեցրել է սննդի ընդունումը մինչև 50%-ով։
Ճարպակալում ունեցող մկների մոտ 14 օր շարունակ BRP-ի ամենօրյա ներարկումը հանգեցրել է մարմնի քաշի նվազմանը միջինում 3 գրամով, ընդ որում՝ քաշի գրեթե ողջ կորուստը տեղի է ունեցել ճարպային հյուսվածքի կրճատման հաշվին։ Ստուգիչ խմբում նույն ժամանակահատվածում մարմնի քաշը, ընդհակառակը, ավելացել է մոտ 3 գրամով։ Բացի այդ, կենդանիների մոտ բարելավվել են գլյուկոզայի նկատմամբ հանդուրժողականության և ինսուլինի նկատմամբ զգայունության ցուցանիշները։
Հատկապես կարևոր է է եղել GLP-1 դասի դեղամիջոցներին բնորոշ մի շարք կողմնակի ազդեցությունների բացակայությունը։ Կենդանիների մոտ չեն նկատվել շարժողական ակտիվության նվազման, տագնապայնության, ջրի սպառման կրճատման, փորկապության կամ սրտխառնոցի մասին վկայող ռեակցիաների նշաններ։ Հետազոտողները նաև մկանային զանգվածի ակնհայտ կորուստ չեն արձանագրել։
Հավելյալ փորձերը ցույց են տվել, որ BRP-ն ազդում է այլ նեյրոնային և մետաբոլիկ ուղիների վրա, քան սեմագլուտիդն ու GLP-1-ը, ինչը նշանակում է, որ ախորժակի ճնշման մեխանիզմն այստեղ տարբեր է։
Հեղինակներն ընդգծում են, որ արդյունքներն առայժմ ստացվել են միայն կենդանիների վրա, որի պատճառով վաղ է խոսել մարդու օրգանիզմում դեղամիջոցի արդյունավետության մասին։ Ներկայումս գիտնականներն աշխատում են այն ռեցեպտորի բացահայտման վրա, որի միջոցով ազդում է BRP-ն, ուսումնասիրում են դրա ազդանշանային ուղու առանձնահատկությունները և կլինիկական փորձարկումներից առաջ փնտրում են պեպտիդի ազդեցության տևողությունն երկարաձգելու միջոցներ։
Եթե հետագա հետազոտությունները հաստատեն մարդկանց մոտ BRP-ի անվտանգությունն ու արդյունավետությունը, ապա նոր մոլեկուլը կարող է հիմք դառնալ ճարպակալման բուժման բոլորովին նոր դասի դեղամիջոցների ստեղծման համար, որոնք ընդունակ կլինեն ապահովել մարմնի քաշի ակնհայտ նվազում՝ GLP-1-ի համեմատ ավելի քիչ կողմնակի ազդեցություններով։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day