• Latest news

Ռոբոտները ծնկի պրոթեզներն ավելի ճշգրիտ են տեղադրում, սակայն չեն արագացնում վերականգնումը

22 օգոստոսի, 2026  11:48

Ռոբոտացված համակարգն օգնում է վիրաբույժներին ծնկահոդի պրոթեզները տեղադրել զգալիորեն ավելի ճշգրիտ, սակայն վիրահատությունից հետո առաջին տարում դա պացիենտներին նկատելի առավելություն չի տալիս ավանդական վիրաբուժության համեմատ։ Նման եզրակացության են հանգել ծնկի ռոբոտացված փոխարինման աշխարհի խոշորագույն պատահականացված հետազոտության հեղինակները։ Այն հրապարակել է The Lancet գիտական ամսագիրը։

RACER-Knee հետազոտությանը մասնակցել է 339 պացիենտ բրիտանական 10 հիվանդանոցից, որոնց վիրահատել են 33 վիրաբույժ։ Գիտնականները համեմատել են ծնկահոդի սովորական ամբողջական փոխարինումը Stryker Mako ռոբոտացված համակարգի կիրառմամբ վիրահատությունների հետ։

Ռոբոտացված համակարգերն ավելի ու ավելի ակտիվ են կիրառվում նման վիրահատությունների ժամանակ։ Մեծ Բրիտանիայում դրանց բաժին է ընկնում ծնկահոդի փոխարինման վիրահատությունների մոտ 6%-ը, ԱՄՆ-ում՝ 16%-ը, իսկ Ավստրալիայում՝ արդեն 42%-ը։ Դրանց նպատակն է օգնել վիրաբույժին առավելագույն ճշգրտությամբ տեղադրել իմպլանտը և վիրահատությունը հարմարեցնել պացիենտի անատոմիական առանձնահատկություններին։

Սակայն վիրահատությունից մեկ տարի անց երկու խմբերի միջև էական տարբերություն չի հայտնաբերվել։ Պացիենտները նույնքան լավ են քայլել, ունեցել են ցավի համադրելի մակարդակ և առօրյա կյանքում նույն կերպ են ընկալել արհեստական հոդը։

Արդյունավետության գլխավոր ցուցանիշը Forgotten Joint Score-ն էր. սա սանդղակ է, որը գնահատում է, թե մարդն ընդհանրապես որքանով է զգում արհեստական հոդի առկայությունը սովորական գործողությունների ժամանակ։ 12 ամիս անց երկու խմբերի արդյունքները գրեթե չեն տարբերվել։

Էական տարբերություն չի եղել նաև այլ ցուցանիշներով՝ ցավը առաջին երեք ամսում և վիրահատությունից մեկ տարի անց, ցավը հիվանդանոցում գտնվելու ընթացքում և կրկնակի վիրահատության անհրաժեշտությունը։

Ընդ որում, ռոբոտացված վիրաբուժությունն իսկապես ավելի ճշգրիտ է եղել։ Համակարգը թույլ է տալիս վիրաբույժին բարձր ճշգրտությամբ փոխել ոսկրերի սղոցման անկյունն ու խորությունը և դրանով իսկ հնարավորություն տալիս ընտրել իմպլանտի դիրքը՝ հաշվի առնելով կոնկրետ պացիենտի անատոմիան։

Ռոբոտացված վիրահատությունների անվտանգությունը ևս համադրելի է եղել ավանդական մեթոդի հետ. հետազոտողները լուրջ բարդությունների բարձր ռիսկ չեն հայտնաբերել։

Հակառակ կողմը դարձել են ավելի բարձր արժեքը և վիրահատության տևողությունը։ Միջինում ծնկի ռոբոտացված փոխարինումը տևել է 10,5 րոպե ավելի, իսկ դրա արժեքը եղել է մոտ 1300 դոլարով ավելի թանկ։

Այդուհանդերձ, գիտնականներն արդյունքները ռոբոտացված վիրաբուժության համար «դատավճիռ» չեն համարում։ Ըստ նրանց, ռոբոտի բարձր ճշգրտությունը կարող է հատկապես օգտակար լինել, եթե բժիշկները սովորեն ավելի լավ որոշել իմպլանտի օպտիմալ դիրքը հենց յուրաքանչյուր պացիենտի համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll