• Latest news

16 տարում Հայաստանում աբորտների թիվը կրճատվել է 3 անգամ

17 մայիսի, 2016  21:17

Վերջին 16 տարում Հայաստանում աբորտների թիվը կրճատվել է 3 անգամ: Այդ մասին է վկայում ժողովրդագրական առողջության վերաբերյալ 5 տարին մեկ անցկացվող հետազոտությունը, ինչպես նաեւ պաշտոնական վիճակագրությունը, պնդում է Հայաստանի Առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը: 

2000-ի սկզբին Հայաստանում տարեկան մոտ 30 000 աբորտ էին կատարում, սակայն անցյալ տարի ընդամենը 7000 աբորտ է գրանցվել:

Մյուս կողմից, պերինատալ կորուստների (վիժումներ եւ այլն) եւ անպտղության  խնդիրները շարունակում են այժմեական մնալ Հայաստանում: Գայանե Ավագյանը նշել է, որ Հայաստանում զույգերի մոտ 14 տոկոսը անպտղությամբ է տառապում, ընդ որում նրանց մեծամասնության մոտ (10 տոկոս) երկրորդային անպտղություն է: Եվ չնայած անցյալում, երբ աբորտներն ավելի շատ էին արվում, անպտղության` հատկապես երկրորդական ցուցանիշներն անհամեմատ ավելի բարձր էին, այնուամենայնիվ, 14 տոկոսը Հայաստանի համար մեծ թիվ է: Ստացվում է, որ մոտավորապես ամեն յոթերորդ զույգը չի կարողանում երեխա բեղմնավորել: 

Հիշեցնենք, որ առաջնային անպտղության դեպքում զույգն ի սկզբանե չի կարողանում երեխա բեղմնավորել, իսկ երկրորդականի դեպքում զույգն արդեն ունեցել է հղիություն (կարեւոր չէ, այն ավարտվել է երեխայի ծննդով, վիժումով, թե աբորտով), բայց եւս մեկ երեխա բեղմնավորել չի հաջողվում: Սակայն երկրորդական անպտղության առավել տարածված պատճառներից մեկը հենց աբորտներն են: 

Հիշեցնենք նաեւ, որ գիտական հետազոտության համաձայն, որը հրապարակվել էր Lancet ամսագրում, տարբեր երկրներում աբորտների թիվը նվազել է մինչեւ պատմական նվազագույն: 1990-ին հարուստ երկրներում ապրող ամեն 1000 կնոջը 46 աբորտ էր բաժին ընկնում, իսկ 2014-ին աբորտների թիվը նվազել է մինչեւ պատմական 27-ի: Գիտնականների կարծիքով, դրան հաջողվել է հասնել հակաբեղմնավորման միջոցների մատչելիության հաշվին: Սակայն զարգացող երկրներում աբորտների թիվը նույն մակարդակում է մնում` 1000 կնոջը մոտ 37 աբորտ:

Հետաքրքիր է, հետազոտության համաձայն, ամենից շատ աբորտներ կատարվում են Կարիբյան ավազանի կղզիներում (1000 կնոջը` 65), ամենից քիչ` Հյուսիսային Ամերիկայում (1000-ին` 17):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել