• Latest news

Բուսակերություն. արդյոք այն օգտակա՞ր է առողջությանը

1 նոյեմբերի, 2016  19:36

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, նշվում է Վեգանի համաշխարհային օրը (World Vegan Day): Վեգանները խիստ բուսակերներն են, որոնք իրենց սննդաբաժնից բացառում են ոչ միայն միսն ու ձուկը, այլեւ կենդանական ծագման ցանկացած այլ մթերքներ՝ ձու, կաթ, մեղր եւ այլն: Ինչպե՞ս է նման սննդակարգն ազդում մարդու առողջության վրա: Առողջության պահպանման համար արդյոք բավարա՞ր են միայն բուսական ծագման մթերքները: Այս հարցերի վերաբերյալ իր կարծիքն է հայտնում դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:

Մասնագետի խոսքով՝ մարդու օրգանիզմի համար ի սկզբանե պահանջվում են եւ՛ բուսական, եւ՛ կենդանական ծագման մթերքներ: Մսից ստացվող սպիտակուցները եւ խոլեստերինն անչափ կարեւոր են օրգանիզմի նորմալ աշխատանքի եւ հորմոնալ համակարգի համար: Նույնքան կարեւոր են վիտամինները, հանքանյութերը եւ բջջանյութը, որոնք հիմնականում բուսական մթերքներից են ստացվում: Այսպիսով կատարյալ սննդաբաժինը պետք է ներառի եւ՛ մսամթերքներ, եւ՛ բուսամթերքներ:

Եթե նժարին դնելով բոլոր դեմերն ու կողմերը՝ հասուն մարդը որոշում է բուսակեր կամ վեգան դառնալ, ապա, մասնագետի կարծիքով, դա իր ընտրությունն է, որը պետք է հարգել: Սակայն բուսակերության գովազդը եւ ուրիշներին այդպիսի սնունդին հարկադրելն ամենեւին էլ տեղին չէ՝ թեկուզ այն պատճառով, որ ոչ բոլորին է կարելի բացառապես բուսական կերակուրով սնվել:

Մասնավորապես՝ բուսակերությունը չափազանց անցանկալի է երեխաների համար. շատ կարեւոր է, որպեսզի աճող օրգանիզմը իրեն անհրաժեշտ բոլոր նյութերը ստանա՝ ներառյալ այն նութերը, որոնք պարունակվում են միայն կենդանական ծագման մթերքներում: Բուսակեր երեխաների մոտ կարող է աճը եւ զարգացումը դանդաղել, նրանց մոտ կարող են նաեւ սեռական զարգացման խնդիրներ ծագել, քանի որ սեռական հորմոնների սինթեզի համար օրգանիզմին անհրաժեշտ է կենդանական ճարպերից ստացվող խոլեստերին: Դրանից զատ, եթե երեխան խիստ վեգան մեծանա եւ կաթնամթերք չօգտագործի, վտանգ կա, որ նա կալցիումի անբավարարության հետեւանքով ոսկրերի հետ կապված խնդիրներ կունենա, ըստ որում՝ այդ խնդիրը կարող է անմիջապես չզգացվել, այլ շատ տարիներ հետո:

Հղի կանանց համար եւս անցանկալի է բուսակերության սննդակարգին հետեւելը. ինչպես նախորդ դեպքում, մոր արգանդում գտնվող երեխայի նորմալ աճի համար նյութեր են անհրաժեշտ, որոնք ստացվում են եւ՛ բուսական, եւ՛ կենդանական ծագման մթերքներից:

Մի շարք հիվանդությունների դեպքում եւս մսից հրաժարվելը ծայրահեղ անցանկալի է: Մասնավորապես՝ բուսակերությունը կարող է վատացնել սակավարյունության ընթացքը, քանի որ հեմոգլոբին ստեղծելու համար օրգանիզմը երկաթի կարիք ունի, որը մսից է ստանում: Իհարկե, բուսակերներից շատերը պնդում են, որ բուսական մթերքներում նույնպես երկաթ կա: Մասնագետը նշեց, որ դրանցում երկաթ, իհարկե, կա, բայց խնդիրն այն է, որ մարդու օրգանիզմը բուսական մթերքների պարունակած երկաթը չի յուրացնում, յուրացնում է միայն կենդանական մթերքներում պարունակվողը: Այդ պատճառով բուսակերներն ու վեգանները հաճախ ստիպված են երկաթ պարունակող սննդային հավելուկներ ընդունել՝ սակավարյունությունը եւ առողջության հետ կապված այլ խնդիրները կանխելու համար:

Նշենք նաեւ, որ վեգաններն ու բուսակերները, որպես կանոն, բուսական սնունդից բավարար քանակով սպիտակուցներ չեն ստանում, որոնք անհրաժեշտ են մկանների աճի համար, այդ պատճառով նրանցից շատերը, (հատկապես մարզիկները) ստիպված են արհեստական պրոտեիններ ընդունել:

Դիետոլոգը նշեց, որ եթե մարդը ստիպված է սննդային հավելումներ օգտագործել՝ այս կամ այն միկրոտարրերի պակասը լրացնելու համար, ապա կարելի է եզրակացնել, որ նրա սննդաբաժնի հետ ինչ-որ բան այնպես չէ:

Այսպիսով, եթե հասուն մարդը որոշում է բուսակեր կամ վեգան դառնալ, դա նրա որոշումն է, եւ դա նորմալ է: Սակայն կան մարդկանց մի քանի խմբեր, որոնց չի կարելի իրենց սնունդը սահմանափակել: Հետեւաբար՝ սեփական սննդակարգը լրջորեն փոփոխելու եւ դրանից ինչ-որ մթերքներ բացառելու որոշում կայացնելուց առաջ ցանկալի է մասնագետի հետ խորհրդակցել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է