• Latest news

ԱՄՆ-ում գրանցվել է 26 հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիայի հետեւանքով մահվան առաջին դեպքը

16 հունվարի, 2017  10:59

ԱՄՆ-ում հայտնել են սուպերբակտերիայի հետեւանքով մահվան առաջին դեպքի մասին, որը կայուն է եղել երկրում թույլատրված բոլոր 26 հակաբիոտիկների նկատմամբ: Մահացողը 70 տարեկան կին է, որը վարակվել է Հնդկաստանում: Գիտնականները նախազգուշացրել էին, որ հակաբիոտիկներին դիմադրող բակտերիաների երեւան գալու վտանգը ամենից մեծ է Հնդկաստանում եւ Չինաստանում, որտեղ այդպիսի դեղամիջոցներն էժան են եւ լայնորեն օգտագործվում են, այդ թվում՝ գյուղատնտեսության մեջ:

Հիվանդությունների կանխարգելման ամերիկյան կենտրոնի հաղորդմամբ՝ Հնդկաստան ուղեւորության ընթացքում Նյու Դելիում կնոջ ոտքը վիրավորվել է: Տեղի բժիշկները նրա մոտ ինֆեկցիա են հայտնաբերել, որն առաջացրել է Klebsiella pneumonia տեսակի բակտերիայի շտամը: Օգոստոսին կինն ԱՄՆ է վերադարձել, նրա օրգանիզմից բակտերիա է առանձնացվել, եւ սկսվել են հետազոտությունները:

Պարզվել է, որ բակտերիան կայուն է ԱՄՆ-ում թույլատրված եւ բժիշկների կողմից օգտագործվող բոլոր 26 հակաբիոտիկների նկատմամբ: Սեպտեմբերին մեկուսացված հիվանդը սեփսիսից մահացել է Նեւադայի հիվանդանոցներից մեկում:

Նշվում է, որ բակտերիայի մեջ mcr-1 գեն չի հայտնաբերվել, որը մինչ այդ համարվում էր սուպերբակտերիաների հիմնական բնութագրիչը: Այն բակտերիաներին կայուն է դարձնում «վերջին հույս» համարվող ուժեղագույն հակաբիոտիկ կոլիստինի նկատմամբ:

Կնոջ մահից եւ դիահերձումից հետո գիտնականները պարզել են, որ բակտերիայի շտամը ֆոսֆոմիցին հակաբիոտիկի նկատմամբ կայունությամբ օժտված չէր. այս դեղամիջոցը ԱՄՆ-ում օգտագործելու համար հավանության չի արժանացել, սակայն թույլատրված է Եվրոպայի որոշ երկրներում:

Շոտլանդիայի Սթրաթքլայդի համալսարանի գիտնական Փոլ Հոսքիսոնը, որը մասնակցել է հետազոտություններին, այս կապակցությամբ կոչ է արել բժիշկներին համանման դեղամիջոցների կիրառման ազատություն տալ: Նա նշել է, որ Եվրոպայում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում բժիշկները այդպիսի ծանր դեպքերում հիվանդներին ֆոսֆոմիցին ներարկելու իրավունք ունեն:

Անգլիացի միկրոկենսաբան Նիք Թոմսոնի կանխատեսմամբ՝ այս բակտերիան ժամանակի ընթացքում ավելի ու ավելի կայուն կդառնա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Klebsiella բակտերիան, որն ընդունակ է հակաբիոտիկներին դիմադրել, հայտարարել է «մարդկության առողջության հրատապ սպառնալիք»:

Նախկինում համարվում էր, որ հակաբիոտիկներին դիմադրող բակտերիաների երեւան գալու հնարավոր պատճառը Չինաստանի գյուղատնտեսության մեջ կոլիստինի լայն կիրառումն է: Ի դեպ, Reuters-ը նշել է, որ հակաբիոտիկներն առատորեն օգտագործվում են ամբողջ աշխարհում՝ ներառյալ ԱՄՆ-ում: ԱՄՆ-ում կատարված հետազոտության տվյալներով՝ հոսպիտալացված հիվանդների կեսը բուժման տարբեր փուլերում հակաբիոտիկներ է ստանում, ըստ որում՝ նշանակումների 30-ից մինչեւ 50 տոկոսը անհրաժեշտ կամ ճիշտ չեն համարվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել