• Latest news

Բելառուսից մասնագետները կարող են օգնել Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման ներդրման հարցում

3 մարտի, 2017  14:34

Բելառուսի մանկական ուռուցքաբանության, արյունաբանության եւ իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնում արդեն 20 տարի հաջողությամբ ոսկրածուծի փոխպատվաստում են իրականացնում: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի փոխպատվաստման բաժանմունքի ղեկավար Նինա Մինակովսկայան նշեց, որ այդ կենտրոնի մասնագետները կարող են օգնել Հայաստնում առաջին փոխպատվաստումների կազմակերպման ու անցկացման գործում:

Ոսկրածուծի փոխպատվաստումը բավական բարդ վիրահատություն է, բայց այն կարող է ծանր հիվանդություններով տառապող մարդկանց առողջանալու հնարավորություն տալ: Ոսկրածուծի փոխպատվաստման կարիք են ունենում սուր լեյկոզով, լիմֆոմայով, ապլաստիկ անեմիայով, տալասեմիայով տառապող հիվանդները: 70-80% դեպքերում քիմիաթերապիան կարող է արդյունավետ լինել այդ հիվանդությունների բուժման համար, մնացած դեպքերում ոսկրածուծի պատվաստումը կարող է առողջացման 50-60% հնարավորություն տալ:

Ըստ Մինակովսկայայի՝ երկրում ոսկրածուծի փոխպատվաստման ներդրումը հեշտ չէ եւ, ցավոք, հաճախ ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես պետք է: Շվեդիայում, օրինակ, վերջերս վեց փոխպատվաստում են իրականացնել, բայց բոլոր վեց հիվանդներն էլ մահացել են, ինչից հետո ծրագիրը փակվել է: Սակայն, նրա կարծիքով, առաջին անհաջողությունները չպետք է բժիշկներին ստիպեն նահանջել:

Նրա խոսքով՝ 1998 թվականին, երբ իրենք նոր էին սկսել ոսկրածուծի փոխպատվասման գործընթացը, իրենց կենտրոնում սուր  լեյկոզով տառապող հիվանդների միայն 50%-ն է կենդանի մնացել փոխպատվաստումից հետո: Սակայն այսօր արդեն 87.9%-ն է ապրում, ինչը գերազանց արդյունք է:

Բժշկի խոսքով՝ ոսկրածուծի փոխպատվաստման ոլորտում հաջողության հասնել ցանկացող հայ մասնագետները պետք է տիրապետեն անգլերենին, քանի որ ամբողջ նոր գրականությունն անգլերենով է, իսկ առանց դրա հնարավոր չէ ժամանակին համընթաց քայլել: Բացի այդ՝ ցանկալի է ստանալ միջազգային գիտական ամսագրերը:

«Եվ, իհարկե, պետք է սովորոլ, սովորել ու դարձյալ սովորել»,- ավելացրեց մասնագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստաման առաջին վիրահատությունը նախատեսվում էր այս տարվա փետրվարի վերջին, բայց առայժմ որոշվել է այն հետաձգել, մասնագետներն ու հիվանդները դեռեւս պատրաստվում են դրան:

Արյունաբանական կենտրոնում բարձր չափաբաժնով քիմաթերապիայի եւ ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքն արդեն պատրաստ է: Այնտեղ առկա են անհրաժեշտ բոլոր սարքավորումները, ինչպես նաեւ օդի մաքրման համակարգ, հատակն ու առաստաղը պատված են հատուկ պաշտպանիչ նյութով: Այդ բաժանմունքում աշխատող մասնագետները վերապատրաստում են անցել Գերմանիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի կլինիկաներում: Սակայն, վերջին տվյալներով, բաժանմունքը դեռեւս որոշ պրեպարատների կարիք ունի, որոնք պետք է օգտագործվեն փոխպատվաստման ընթացքում եւ հետո: Դրանցից շատերը Հայաստանում գրանցված չեն եւ թանկ արժեն: Ներկայում մասնագետներն ու կազմակերպիչներն անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները բերելու ուղիներ են որոնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել