• Latest news

Դեղագետ դառնալու 4 պատճառ. Ֆրանսիայում աշխատող հայ մասնագետի խորհուրդները

8 մարտի, 2017  13:09

Դեղագետի մասնագիտությունը մեծ թվով առավելություններ ունի, որոնց մասին շատերը չեն էլ կռահում, պնդում է Ֆրանսիայի Bayer Consumer Health-ի թվային մարքեթինգի բաժնի ղեկավար Խաչատուր Աբրոյանը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, թե արժե, որ Հայաստանում երիտասարդները մտածեն դեղագիտություն սովորելու մասին:

1. Հնարավոր է աշխարհը լավ ուղղությամբ փոխել

Դեղագետը հազիվ թե ամբողջ աշխարհը փոխի, բայց ի զորու կլինի մեծ թվով հիվանդների կյանքի որակը բարելավելու: Ամբողջ աշխարհում մարդկանց կյանքի տեւողությունն աճում է, սակայն դրա հետ մեկտեղ աճում է նաեւ քրոնիկական հիվանդություններով տառապող մարդկանց թիվը, որոնք ամբողջ կյանքի ընթացքում դեղերի կարիք ունեն: Այսօրվա դրությամբ հնարավոր չէ բուժել քրոնիկական հիվանդությունների մեծ մասը, սակայն դեղագործական ընկերությունների մշակած ժամանակակից դեղերը կարող են զգալիորեն լավացնել այսպիսի հիվանդների կյանքի որակը եւ նրանց նորմալ, լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն տալ:

2. Ստեղծագործական տարրը

Դեղագետը կարող է զբաղվել ինչպես գիտությամբ եւ հետազոտություններով, այնպես էլ մարքեթինգով, դեղերի շուկայի հետազոտությամբ, նոր պատրաստուկների եւ փաթեթների դիզայնով: Եվ մի, եւ մյուս դեպքում այս մասնագիտության մեջ ստեղծագործական տարր կա՝ հաստատապես ձանձրալի չի լինի, պնդում է Խաչատուր Աբրոյանը:

3. Կարելի է շատ ճանապարհորդել եւ նոր մարդկանց հետ ծանոթանալ

Խաչատուր Աբրոյանի խոսքով՝ ինքն արդեն աշխարհի շատ երկրներում է եղել հատկապես իր աշխատանքի շնորհիվ: Արդեն մոտ 10 տարի աշխատում է Bayer Consumer Health-ում: Առաջին 2 տարիներին աշխատել է ընկերության հայկական գրասենյակում, որից հետո հրավիրվել է Կենտրոնական Ասիայի գրասենյակ՝ 4 տարի աշխատել է Ղազախստանում եւ արդեն 3 տարի է՝ աշխատում է Ֆրանսիայում:

Աբրոյանը նշեց, որ ինքը Հայաստանից չի հեռացել աշխատավարձի որոնման համար, ինքը այլ երկրներ է մեկնել բացառապես աշխատանքի բերումով՝ հրավերքով: Ավելին՝ ընկերության գրասենյակներում իրեն վիճակվել է տարբեր երկրներից մարդկանց հետ ծանոթանալ եւ աշխատել, որոնք տարբեր մշակույթների կրողներ էին եւ կարող էին իրեն մեծաթիվ նոր ու հետաքրքիր բան սովորեցնել:

4. Դա շահութաբեր է

Միջազգային լավ ընկերությունում աշխատող լավ մասնագետը վատ չի վաստակի, պնդում է Խաչատուր Աբրոյանը:

Նրա խոսքով՝ հայ մասնագետներն անհրաժեշտ ամեն ինչ ունեն, որպեսզի միջազգային շուկայում մրցունակ լինեն: Հայաստանում կարելի է բավական որակյալ հիմնային կրթություն ստանալ. ինքը Աբրոյանը ավարտել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետը, որն այս տարի նշում է իր 45-ամյակը: Սակայն չի կարելի բավարարվել համալսարանում ստացած գիտելիքներով, պնդում է նա: Գիտությունն այսօր անհավանական տեմպերով է զարգանում, եւ եթե մասնագետը, ոչ միայն դեղագետը, այլ նաեւ բժիշկը, ամեն օր չսովորի եւ ժամանակին համընթաց չքայլի, ապա արագ «հետ կմնա», կկորցնի իր մրցունակությունը:

«Որպեսզի մեզ արտասահմանում աշխատելու հրավիրեն, մենք պետք է իրենց մասնագետներից մի գլուխ բարձր լինենք, այլապես մեզ Հայաստանից հրավիրելն իմաստ չի ունենա: Մեր մասնագետներն այդպիսին լինելու բոլոր հնարավորություններն ունեն, որպեսզի նրանց կարիքն ունենան նույնիսկ միջազգային ընկերությունները: Մենք հայերս՝ խելացի ենք եւ աշխատասեր: Ինստիտուտը մեզ գիտելիքների հիմքն է տալիս, եւ եթե մենք շարունակենք սովորել նաեւ այն ավարտելուց հետո, եթե մենք ամեն օր սովորենք, մենք մեծ հաջողությունների կհասնենք»,- ասաց Աբրոյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել