• Latest news

Գիտնականները հայտնել են էպիլեպսիայի ժամանակ ներքին կանաբինոիդների օգուտի մասին

22 մարտի, 2017  13:07

Ռուսաստանի ԳԱ Տեսական եւ փորձարարական կենսաֆիզիկայի ինստիտուտի եւ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի գիտնականները իրենց հետազոտությամբ պարզել են, որ էպիլեպսիայի դեմ օգնում են այն նյութերի նմանակները, որոնք պարունակվում են կանեփի մեջ, եւ որոնք արտադրում է ինքը՝ օրգանիզմը: Այս մասին հայտնել են Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի մամուլի ծառայությունից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Brain Research ամսագրում:

«Մենք ցույց ենք տվել, որ էպիլեպսիայի ախտանշանները զգալիորեն թուլանում են, կամ լիովին արգելափակվում, եթե փորձարարական կենդանիներին այն հարուցող նյութի հետ միասին դեղամիջոցներ ներարկվեն, որոնք ակտիվացնում են ուղեղի էնդոկանաբինոիդային համակարգի գործունեությունը»,- մամուլի հաղորդագրության մեջ մեջբերված է ՌԳԱ Տեսական եւ փորձարարական կենսաֆիզիկայի ինստիտուտի նեյրոնների համակարգային կազմակերպման լաբորատորիայի վարիչ, կենսաբաական գիտությունների դոկտոր Վալենտինա Կիչիգինայի խոսքը:

Էպիլեպսիան, որը մարդու քրոնիկական նյարդաբանական հիվանդություններից ամենատարածվածներից մեկն է, երեւան է գալիս ուղեղի տարբեր հատվածներում ջղաձգման կրկնվող նոպաներով: Եթե էպիլեպսիայի օջախը գտնվում է քունքի հատվածում, նման էպիլեպսիան կոչվում է քունքային, որը եւ գիտնականները հետազոտել են:

Ներկայումս գոյություն չունեն քունքային էպիլեպսիայի բուժման հուսալի միջոցներ: Ծանր ձեւերի եւ բուժման նկատմամբ կայունության դեպքերում հեռացնում են հիվանդի հիպոկամպը, որտեղ եւ առաջանում են ջղաձգումները: Հիպոկամպը ուղեղի այն հատվածն է, որը գտնվում է քունքային մասերում եւ պատասխանատու է կարճաժամկետ հիշողության ձեւավորման եւ այն երկարաժամկետի փոխարկելու համար, ուստի հիպոկամպը հեռացնելուց հետո հիվանդն այլեւս չի կարող մտապահել նոր տեղեկությունը: Դրա պատճառով հետազոտողները մշտապես փնտրում են էպիլեպսիայի զարգացումից հիպոկամպը պաշտպանելու միջոցներ:

Կանաբինոիդային նյութերը պարունակվում են կանեփի մեջ: Կենդանիների եւ մարդու օրգանիզմը նույնպես կանաբինոիդներ է արտադրում, որոնք «էնդոկանաբինոիդներ» են կոչվում, քանի որ դրանք արտադրում է ինքը՝ օրգանիզմը: Էնդոկանաբինոիդները պաշտպանում են ուղեղի հոմեոստազը, մոդուլացնում են նյարդային համակարգը գրգռող եւ արգելակող նյութերի ազատվելը: Դրանք մասնակցում են նաեւ օրգանիզմի իմունային համակարգի կարգավորմանը:

Կենսաբանները քունքային էպիլեպսիայի զարգացումը մոդելավորել են ծովախոզուկների մոտ՝ օգտագործելով նեյրոտոքսին, որը կենդանիների օրգանիզմ ներարկելիս առաջացնում է, այսպես կոչված, էպիլեպսիկ կարգավիճակ, որից հետո կենդանիների ուղեղ են ներարկել նյութեր, որոնք խթանել են էնդոկանաբինոիդային համակարգի աշխատանքը:

Պարզվել է, որ էնդոկանաբինոիդների արտադրման ակտիվացումը կարգավորում է ուղեղում էլեկտրական ակտիվությունը եւ նվազեցնում հիպոկամպի գործունեության անհավասարակշռությունը: Դրանից բացի, էնդոկանաբինոիդները պաշտպանել են հիպոկամպի բջիջները՝ չնայած նեյրոտոքսինի ազդեցությանը, հիպոկամպը գործնականում անվնաս է մնացել:

Գիտնականների կարծիքով՝ էնդոծին կանաբինոիդային համակարգի ակտիվացումը կարող է օգնել ոչ միայն էպիլեպսիայի ժամանակ, այլեւ ուղեղի վնասվածքները բուժելիս, որոնք առաջացրել է նեյրոտոքսինը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է