• Latest news

Ամերիկացի սրտաբանը ստատինից հրաժարվելը համացանցային խելահեղութուն է անվանել

26 հուլիսի, 2017  17:38

Ամերիկացի առաջատար սրտաբանը համացանցին է մեղադրում ստատինների վերաբերյալ ստի տարածման համար: Այս ստի հետեւանքով մարդիկ դադարում են դեղերն ընդունել, որոնք կարող են նրանց կյանքը փրկել:

Համացանցում ակտիվորեն գործում է մարդկանց շրջանակ, որոնք համոզված են, որ ստատինների ընդունումը առողջության համար վտանգավոր է, իսկ այն առաջ են մղում միայն «ագահ դեղագործական ընկերությունները՝ բժիշկների համաձայնությամբ»: Այսօր Google-ը ստատինների օգուտի մասին 655 000 արդյունք է բերում եւ ավելի քան 3,5 մլն արդյունք առողջության համար դրանց վնասի մասին: Արդյունքում մարդիկ հրաժարվում են դեղերի օգտագործումից, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակը եւ ապահովում սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելումը:

«Ստատինները հանրության շրջանում վատ վարկանիշի են արժանացել, սակայն այս երեւույթի համար ամբողջությամբ եւ լիովին պատասխանատու է համացանցը, որը շատ տարօրինակ եւ ոչ գիտական նյութեր է տարածում առողջության համար այս դեղերի իբր գոյություն ունեցող վտանգների եւ դրանց ցածր արդյունավետության մասին,- Annals of Internal Medicine ամսագրում հրապարակված հոդվածում նշում է  Cleveland Clinic-ի սիրտ-անոթային բժշկության բաժանմունքի ղեկավար բժիշկ Սթիվեն Նիսենը: - Այսկերպ մենք տանուլ ենք տալիս հիվանդների սրտերի եւ մտքի առողջության համար պայքարը, որոնք կայքերից սուտ տեղեկություններ են ստանում մարդկանցից, որոնք գործնականում գիտական ոչ մի փորձ չունեն: Այս մարդիկ առաջ են մղում խոլեստերինի մակարդակի նվազեցման, այսպես կոչված, «բնական» կամ ոչ դեղորայքային մեթոդներ, որոնք արդյունավետության լուրջ ապացույցներ չունեն»:

Փորձագետը շեշտում է, որ ստատինի դեղատոմս ստացած հիվանդները համացանցում տարբեր կարգի տեղեկություններ են ընթերցում եւ սարսափահար են լինում պատմություններից, որոնք պատմում են այս դեղերի ընդունման պատճառով մահացած մարդկանց եւ դրանց «շատ վտանգավոր կողմնակի էֆեկտների» մասին, ինչպես նաեւ այն մասին, որ ստատիններն ընդհանրապես արդյունավետ չեն:

Որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ում գովազդային մեծ արշավ է իրականացվել առողջ մարդկանց կողմից որպես կանխարգելում ստատինների կիրառման վերաբերյալ: Ստատինների նշանակման թիրախային խմբում են հայտնվել 50 տարեկանից մեծ տղամարդիկ եւ կանայք: Այս արշավի շահառուներն էին դեղագործական 2 խոշոր ընկերություններ, որոնք արտադրում են խոլեստերինի նվազեցման առավել տարածված դեղամիջոցները: Կատարված հետազոտությունից հետո, որը դիաբետի առաջացման մեծ հավանականություն է ցույց տվել, սլաքը հակառակ կողմ ուղղվեց. սկսեցին ստատինների օգուտը լովին բացառել՝ հենվելով դրանց կողմնակի ռեակցիաների ցուցակի վրա: Այս դեպքում ընդդեմ ստատինների արշավի շահառուներ դարձան այն ընկերությունները, որոնք խոլեստերինի նվազեցման չապացուցված արդյունավետությամբ «այլընտրանքային միջոցներ» են արտադրում:

Բժիշկ Նիսենը ենթադրում է, որ խոլեստերինի մակարդակի նվազեցման չապացուցված այլընտրանքային մեթոդների եւ դեղամիջոցների լայնորեն տարածվող քարոզչությունը սկսվել է 1994 թվականին Առողջության եւ դիետիկ սնունդի կազմակերպման մասին (DSHEA) օրենքի ընդունումից հետո: Այս դեղամիջոցներն արտադրողները սովորաբար առավելություններն են գովազդում, որոնք երբեք չեն հաստատվել պաշտոնական կլինիկական հետազոտություններով, ինչը եւ չի պահանջում անել DSHEA-ն:

Ստացվում է, որ սպառողները, որոնց բժիշկները խորհուրդ են տալիս խոլեստերինը նվազեցնել, վերջին շրջանում ավելի հաճախ են դիմում այս «այլընտրանքային մեթոդներին»՝ անտեսելով ստատինների ընդունման արդյունքում հիվանդացածության եւ մահացության մակարդակի նվազման հրաշալի ցուցանիշները, որոնք շատ լավ փաստաթղթավորված են:  Սակայն բժիշկ Սթիվեն Նիսենի բազմամյա դիտարկումները ցույց են տալիս, որ ստատինների ընդունման դադարեցումը կամ ընդունման սխեմային չհետեւելը կարող է շատ հիվանդների համար մահացու ելք ունենալ:

Բժիշկ Սթիվեն Նիսենն իր մեկնաբանություններում պնդում է, որ բժիշկները պետք է լրատվամիջոցների հետ համատեղ աշխատեն, որպեսզի հանրությանն իրազեկեն ստատիններից հրաժարվելու վտանգավորության մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել