• Latest news

5 հետաքրքիր փաստ կատաղության մասին

29 սեպտեմբերի, 2017  22:32

Կատաղությունը շատ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություն է, որը հանգեցնում է նյարդային համակարգի ու գլխուղեղի անդառնալի ախտահարումների։ Ախտանշանների դրսեւորումից հետո հիվանդությունը մարդու համար համարվում է մահացու։ Կատաղության հարուցիչը Rabies virus վիրուսն է։ Մարդու օրգանիզմում այն հայտնվում է հիվանդ կենդանու կծելու ժամանակ՝ թքի միջոցով։ NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ այդ հիվանդության մասին։

Կատաղությամբ հիվանդանում են ոչ բոլոր երկրներում

ԱՀԿ տվյալներով՝  կատաղությունից տարեկան մահանում է մոտ 55 000 մարդ, ու նրանց 99 տոկոսը Ասիայի ու Աֆրիկայի երկրներում։ Վերջին տարիներին մարդկանց շրջանում կատաղության դեպքեր սկսել են հաճախ գրանցվել նաեւ Վիետնամում, Ֆիլիպիններում, Լաոսում, Ինդոնեզիայում ու Չինաստանում։

Համարվում է, որ կատաղության վիրուսը կարելի է գտնել բոլոր մայրցամաքներում, Անտարկտիդայից բացի։ Բայց առողջապահական ու անասնաբուժական զարգացած համակարգ ունեցող երկրներում մարդկանց վարակումից հաջողվում է խուսափել։

Եվ այսպես՝ Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Կիպրոսում ու Մալթայում կատաղության դեպքեր չեն գրանցվում։ Նաեւ այս հիվանդությունն առայսօր չի գրանցվել Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Իսպանիայում ու Պորտուգալիայում։

Վարակումից անմիջապես հետո պատվաստումը կարող է փրկել մարդու կյանքը

Եթե մարդուն կծել է հիվանդ կենդանին, կատաղության դեմ պատվաստումը կարող է կանխել հիվանդության զարգացումն ու փրկել նրա կյանքը։

Կատաղության դեմ առաջին պատվաստումն արել է Լուի Պաստերը 1885-ի հուլիսի 6-ին. հիվանդը 9-ամյա Յոզեֆ Մայսթերն էր, որին կծել էր հիվանդ շունը։ Պատվաստումից հետո տղան ապաքինվել է։

Աշխարհի երկրների մեծ մասում կատաղության դեմ պատվաստումն իրականացնում են այն բանից հետո, երբ հիվանդ կենդանին արդեն կծել է մարդուն։ Իսկ պլանային պատվաստումը խորհուրդ է տրվում այն մարդկանց, ում մասնագիտությունը կապակցված է կենդանիների՝ հետեւաբար նաեւ  կատաղությամբ վարակվելու վտանգի հետ։ Նրանք են անասնաբույժերը, կենդանիների համար ապաստանների աշխատողները եւ այլն։ Կանխարգելիչ պատվաստում խորհուրդ է տրվում անել նաեւ ճանապարհորդներին, որոնք մտադիր են ուղեւորվել համաճարակային ռիսկով եւ անբարենպաստ իրադրությամբ տարածաշրջաններ։

Պատվաստումը ցմահ պաշտպանություն չի ապահովի

Պատվաստումից հետո կատաղության դեմ իմունիտետն անկայուն է լինում ու պահպանվում է մարդու մոտ միջին մեկ տարվա ընթացքում։ Այդ իսկ պատճառով պոտենցիալ հիվանդ կենդանու հետ նոր շփման դեպքում անհրաժեշտ է կրկնակի պատվաստում։          

Կատաղությունը մահացու է․․․ գրեթե միշտ

Եթե հիվանդ կենդանու կծելուց հետո մարդը չի պատվաստվել ու համապատասխան բուժում չի ստացել, եթե նրա մոտ հիվանդությունը սկսել է զարգանալ ու ի հայտ են եկել առաջին ախտանշանները, համարվում է, որ մահն անխուսափելի է։

Սակայն 2005-ին գրանցվել է ախտանշանների հայտնվելուց հետո կատաղությունից բուժվելու առաջին հաստատված դեպքը՝ նորարարական մեթոդաբանության օգնությամբ բժիշկներին հաջողվել է բուժել 15-ամյա Ջինա Գիսին ԱՄՆ-ից։ Մինչեւ 2008–ը տեղեկություններ էին գրանցվել կատաղությունից բուժվելու արդեն 8 դեպքերի մասին, որոնցից 3-ը հաստատված էին լաբորատոր հետազոտություններով։

Ինչեւէ, քանի դեռ նորարարական բուժումը չի ապացուցել իր արդյունավետությունը խոշոր գիտական հետազոտությունների արդյունքում ու քանի դեռ այն չի օգտագործվում բոլոր հիվանդանոցներում, կենդանու կծելուց հետո ամեն անգամ պետք է դիմել բժշկի ու պատվաստվել։

Սեպտեմբերի 28-ին նշվում է Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրը

Այս օրվա ընտրությունը պատահական չէ՝ 1895-ին այդ օրը մահացել է կատաղության դեմ առաջին պատվաստանյութ ստեղծողը՝ հանրահայտ ֆրանսիացի գիտնական, միկրոկենսաբանության ու իմունոլոգիայի հիմնադիր Լուի Պաստերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել