Ոչ մի ներարգանդային ինֆեկցիա ինձ մոտ չի եղել. Արյան վարակ ստացած երեխայի մայր

12 հոկտեմբերի, 2017  12:57

Ոչ մի ներարգանդային ինֆեկցիա հղիության ժամանակ չի եղել։ Բժշկական քարտում նույնպես ինֆեկցիայի կամ նշանակված բուժման մասին որեւէ գրառում չի եղել։ Այս մասին NEWS.am Medicine–ի հետ զրույցում ասել է արյան վարակ ստացած երեխաներից մեկի մայրը՝ Լուիզա Գրիգորյանը։

Նրա խոսքով, երբ ինքը լսել էր առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հայտարարությունը, կարծել էր, որ նրան մոլորության մեջ են գցել։ Նախարարն ասել էր, որ երկու կինն էլ նախքան ծննդաբերությունը ներարգանդային ինֆեկցիա էին ունեցել, եւ նրանց բուժում էին նշանակել, որը չէին հասցրել ավարտել։ Լուիզան պնդում է, որ ոչ մի նման բան չի եղել, եւ բժշկական փաստաթղթերի պատճեն կարող է դա հաստատել։

Լուիզայի խոսքով՝ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում ծնվելուց անմիջապես հետո երեխան իրեն լավ էր զգում, ոչ մի ինֆեկցիայի նշան չկար։ Միայն երրորդ օրն իրեն ասացին, որ երեխան ծանր վիճակում է։ Վստահ լինելով, որ երեխան վարակվել է նորածնային բաժանմունքում, նա որոշել էր երեխային տեղափոխել «Մուրացան» մանկական հիվանդանոց։ Իսկ երբ նրանք հավաքվում էին, Լուիզայի խոսքով, ինքը սեփական աչքերով է տեսել, թե ինչպես են բուժաշխատողները հապշտապ ինչ–որ փոփոխություններ կատարում երեխայի անկետայի մեջ։

Բարեբախտաբար երեխան ապաքինվել է եւ հիմա իրեն լավ է զգում։ Լուիզան ԱՆ նամակ էր գրել՝ բողոքելով իր նկատմամբ բուժհաստատության աշխատակիցների վերաբերմունքից եւ հիվանդանոցի վատ պայմաններից, որտեղ մեկ մահճակալի վրա առնվազն 2 նորածին են դնում։ Նրա խոսքով՝ նամակի պատասխանը շատ լղոզված էր, ոչ այնպիսին, ինչպիսին ինքը սպասում էր։ Այդուհանդերձ, նա երեկ որոշել է այցելել ծննդատուն եւ համոզվել, որ իր բողոքից հետո շատ բան է փոխվել։ Նորածինների բաժանմունքը նոր տարածք է ստացել, հայտնվել են նոր աշխատակիցներ, պայմաններն ընդհանուր առմամբ ավելի լավն են դարձել։

«Ես ուզում եմ, որ իմ դեպքը նախադեպ դառնա եւ դրական փոփոխությունների հանգեցնի Հայաստանի բոլոր հիվանդանոցներում, որպեսզի ոչ մեկ ստիպված չլինի անցնել այն բանի միջով, ինչի միջով մենք անցանք»,– ասել է Լուիզան։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից 2 ժամվա տարբերությամբ ծնված երեխաների ծնողները հայտարարել էին, որ նորածինները հիվանդանոցում արյան վարակ են ստացել: Երեխաները ծնվել էին կեսարյան հատման միջոցով, այնուհետեւ սեպսիս ախտորոշմամբ տեղափոխվել «Մուրացան» հիվանդանոց։

Ծնողները դիմել էին առողջապահության նախարարություն, որտեղ ստեղծվել էր մասնագիտական հանձնաժողով, որը եւ պարզել էր, որ ծննդկանները ներարգանդային ինֆեկցիա են ունեցել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր երեխաներին օրացույցով բոլոր պատվաստումներն անո՞ւմ եք
Այո
Ոչ
Ընտրովի