• Latest news

Հինգ հետաքրքիր փաստ անհաս երեխաների մասին

17 նոյեմբերի, 2017  14:48

Նոյեմբերի 17-ին նշվում է Անհաս երեխաների միջազգային օրը (World Prematurity Day): Օրվա նպատակն է՝ բարձրացնել վաղ ծննդաբերության մասին տեղեկացվածության մակարդակը եւ ուշադրություն հրավիրել անհաս երեխաների եւ նրանց ընտանիքների խնդիրների ուղղությամբ:

Անհաս համարվում է այն նորածինը, որը ծնվել է 37 շաբաթ հղիության ժամկետից վաղ: Ամեն տարի շուրջ 15 մլն անհաս երեխա է ծնվում, այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր 10-րդ երեխան ժամկետից շուտ է ծնվում:

Այս երեխաների մեկ միլիոնից ավելին ծնվելուց կարճ ժամանակ անց մահանում է, իսկ շատերը տարբեր ֆիզիկական եւ նյարդաբանական, ինչպես նաեւ ուսման ընթացքում խնդիրներ են ունենում: Ժամկետից շուտ ծնված երեխաները հիվանդ փոքրիկների ամենամեծ խումբն են կազմում: Վիճակագրության համաձայն՝ վաղ ծննդաբերությունն աշխարհում նորածինների մահվան դեպքերի գրեթե կեսից ավելիի պատճառն է:

Հայաստանում տարեկան ծնվում է շուրջ 42000 երեխա: Նորածինների 11%-ը ծնվում է անհաս: Նրանցից բժկական խնամք է ցուցվում 2կգ.-ից նվազ քաշով ծնված երեխաներին: Տոկոսային հարաբերությամբ՝ 1000-2000 գր քաշով երեխաները կազմում են նորածինների 2%-ը, 1կգ.-ից նվազ քաշով ծնվածները՝ 0,4%-ը: Նրանք ամենապրոբլեմատիկն են: Այլ խոսքով, տարվա ընթացքում Հայաստանում ծնվում են շուրջ 800 անհաս երեխաներ, որոնք լրացուցիչ խնամքի եւ բուժման կարիք ունեն, այդ թվում՝ 1 կգ.-ից նվազ քաշով մոտավորապես 150 անհասներ:

Վաղաժամ ծնունդներ տեղի են ունենում մի շարք պատճառներով: Դրանցից մի քանիսը ծննդաբերության ստիմուլյացիայի կամ կեսարյան հատմամբ վիրահատության (բժշկական կամ ոչ բժշկական ցուցումով՝ հաճախ ելնելով մայրերի առողջության շահերից) հետեւանք են: Բայց վաղաժամ ծնունդներից շատերը տեղի են ունենում ինքնաբերաբար: Այս երեւույթի ամենատարածված պատճառներն են բազմապտուղ հղիությունը, վարակները, քրոնիկ հիվանդությունները, ինչպիսիք են դիաբետը եւ զարկերակային հիպերտենզիան, սակայն հաճախ պատճառը չի բացահայտվում: Առկա է նաեւ գենետիկ հակվածության գործոն

Ներկայացնում ենք 5 հետաքրքիր փաստ անհաս երեխաների մասին․

Անհաս երեխաները 17 անգամ ավելի հաճախ են մահանում սրտի անբավարարությունից

Անհաս՝ մինչեւ հղիության 28 շաբաթը ծնված երեխաները 17 անգամ ավելի հաճախ են մահանում սրտի անբավարարությունից:

Շվեդ գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ չնայած մինչեւ հղիության 31-րդ շաբաթը ծնված երեխաների՝ ողջ մնալու հավանականությունը շուրջ 95% է, նույնիսկ այս խմբում սրտի անբավարարությունից մահանալու վտանգը երեք անգամ ավելին է, քան 38-րդ շաբաթից հետո ծնվածների մոտ:

Հետազոտողների կարծիքով՝ այս կապը բացատրվում է այն հանգամանքով, որ անհաս երեխաները ստիպված են հարմարվել արգանդից դուրս կենսապայմաններին, չնայած նրանց ներքին օրգաններն ու սիրտ-անոթային համակարգը դեռեւս վերջնականապես չեն ձեւավորվել եւ պատրաստ չեն «ինքնուրույն» կյանքի:

Անհաս երեխաները 3 անգամ ավելի հաճախ են մահանում մանկական հանկարծամահության համախտանիշի հետեւանքով

Անհաս երեխաները մանկական հանկարծամահության համախտանիշի հետեւանքով 3 անգամ ավելի հաճախ են մահանում՝ դեռեւս մինչեւ իրենց առաջին տարեդարձը, քան ժամկետի մեջ ծնվածները:

Ամերիկացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ հանկարծամահության հավանականությունն առավելագույն մեծ է նրանց համար, որոնք լույս աշխարհ են եկել 24-ից 27-շաբաթականում: Այս վտանգը անհասների համար պահպանվում է` նույնիսկ այլ հայտնի գործոնները հաշվի առնելու դեպքում, այդ թվում` ծնողների ծխելը եւ անհամարժեք պրենատալ (նորարգանդային զարգացման) խնամքը:

Մանկական հանկարծամահության համախտանիշ է կոչվում արտաքինից առողջ երեխայի անհասկանալի եւ հանկարածակի կյանքից հեռանալը: Աշխարհում այս համախտանիշի հետեւանքով ամեն տարի հազարավոր փոքրիկներ են մահանում:

Անհաս ծնված մարդիկ հոգեկան առողջության խնդիրներ ավելի հաճախ են ունենում

Ժամանակից շուտ եւ փոքր քաշով ծնված մարդիկ ավելի հավանական է, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ կունենան, ինչպիսին են դեպրեսիան եւ անհանգստությունը, քան նրանք, ովքեր ժամանակին են ծնվել։ բայց նրանք մյուսներից ավելի քիչ են հակված սոցիալապես անընդունելի վարքագծին, ինչպիսի է կանոնների խախտումը, ցույց է տվել Հելսինկիի համալսարանի հետազոտությունը։

Վաղածին երեխաները հասուն կյանքում ֆինանսական դժվարություններ են ունենում

Բրիտանացի գիտնականները հետեւել են ՝ 1958-1970 թթ. ժամանակահատվածում 28-ից 42 շաբաթական ծնված ավելի քան 15 000 մարդու նյութական բարեկեցությանը:

Պարզվել է, որ անհաս երեխաների նյութական բարեկեցությունը գրեթե բոլոր ցուցանիշներով ավելի ցածր է, քան ժամանակին ծնվածներինը: Նաեւ անհասների շրջանում աշխատանքը կորցնելու հավանականությունը կազմել է 25 տոկոս ՝ հսկիչ խմբի 14 տոկոսի համեմատ: Գիտնականները այսպիսով ապացուցել են, որ անհաս երեխաների առողջության պահպանմանն ու կրթությանն ուղղված տնտեսական ծախսերը չպետք է սահմանափակվեն մանկության տարիներով:

Բրազիլիայում անհաս երեխաներին ճոճքի մեջ են պահում

 

Ճոճքի մեջ պառկելն օգնում է թուլանալ եւ խորը քնել։ Այդ պարզագույն մեթոդի դրական որակներն օգտագործում են Ռիո դե Ժանեյրոյի ծննդատներում։ Այնտեղ ճոճքերը հաջողությամբ օգտագործում են վաղածին երեխաների թերապիայի համար։

Գաղափարը պատկանում է ֆիզիոթերապեւտ Կարոլինա Պոլազոնին։ Փոքր ճոճքերն այնտեղ օգտագործում են 2013թ.-ից։

«Մենք երեխայի համար մայրական արգանդի տպավորություն ենք ստեղծում։ Երեխաները զգում են իրենց, ինչպես պտուղը՝ մոր արգանդում։ Նրանք պառկած են մի փոքր ճկված վիճակում՝ ոտքերն ու ձեռքերը մարմնին սեղմած»,- ասել է Պոլազոնը։

Իս գիտե՞ք, որ հայտնի մարդկանցից շատերն անհաս են ծնվել

Լեոնարդո Դա Վինչի

Վերածննդի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Լեոնարդու Դա Վինչին, ծնվելիս ընդամենը 900 գրամ է կշռել: Բոլորը կարծում էին, որ երեխան մահացած է, սակայն որոշ ժամանակ անց նա սկսեց կյանքի նշաններ ցուցաբերել::

Իսահակ Նյուտոն

Իսահակ Նյուտոնը նույնպես անհաս եւ շատ փոքր է ծնվել. նրան նույնիսկ կնքել չէին ցանկանում: Նյուտոնի մոր խոսքով՝ երեխան այնքան փոքր էր, որ կարող էր նույնիսկ գարեջրի բաժակում տեղավորվել:

Նապոլեոն Բոնապարտ

Նորածին Նապոլեոն Բոնապարտը  նույնպես մոտ 900 գրամ է կշռել:

Ալբերտ Էյնշտեյն

Անհաս է ծնվել նաեւ հանրահատ Ալբերտ Էյնշտեյնը՝ այսօրվա տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է