• Latest news

Ինչպես է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումն ազդում մարդու կյանքի վրա

4 դեկտեմբերի, 2017  11:51

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմամբ (ՕԿԽ) մարդիկ, հատկապես նրանք, ում ախտորոշումը կատարվել է մինչեւ 18 տարեկանը, ավելի վատ են հաղթահարում դպրոցական թեստերը, իսկ հետագայում հազվադեպ են բարձրագույն կրթություն ստանում, քան նրանց առողջ հասակակիցները: Նման եզրակացության են հանգել Karolinska Institute-ի (Շվեդիա) հետազոտողները:

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը (կամ սեւեռուն վիճակների նեւրոզ) բնութագրվում է ճնշող եւ տագնապալի մտքերի (օբսեսիաների) առաջացմամբ եւ դրանցից ազատվելու փորձերով սեւեռուն գործողությունների (կոմպուլսիաների) միջոցով, օրինակ՝ ձեռքերը հաճախ լվանալու: ՕԿԽ-ով տառապում է աշխարհի բնակչության միջինը մոտ 2 տոկոսը՝ 40 մեծահասակից գրեթե մեկը: Սա զգալիորեն գերազանցում է հոգեկան այլ խանգարումների դեպքերի հաճախականությունը՝ ներառյալ շիզոֆրենիան եւ երկբեւեռ խանգարումը:

«ՕԿԽ-ն հաճախ մանկական կամ դեռահաս տարիքում է սկսվում եւ կարող է քրոնիկական վիճակ դառնալ: ՕԿԽ-ով մարդիկ սովորաբար բախվում են ակամայից առաջացող շատ բացասական մտքերի հետ եւ իրենց պարտավորված են զգում օրական մի քանի ժամ կատարելու ծիսական գործողություններ, որը կարող է էապես ազդել ինչ-որ բանի, այդ թվում՝ կրթության վրա կենտրոնանալու նրանց ունակության վրա»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ դոկտոր Անա Պերես-Վիջիլը:

Օրինակ՝ երեխաները եւ դեռահասները, որոնք վախենում են «կեղտոտվել» կամ հիվանդանալ «վտանգավոր մանրէների» պատճառով, ստիպված են  նորից ու նորից լվանալ ձեռքերը, ինչը նրանցից բավականին շատ ժամանակ, ուշադրություն եւ ուժեր է խլում: ՕԿԽ դեպքում վարքի մեկ այլ օրինակ է իռացիոնալ վախը եւ կատարած յուրաքանչյուր գործողության «ճիշտ լինելը» ստուգելու պահանջը: Խանգարումը կարող է ընդունել նաեւ սեւեռուն սնահավատության եւ անբացատրելի «արգելքների» ձեւ, որոնք նույնիսկ իրենց հիվանդների կողմից որպես անհեթեթություն են ընկալվում, բայց, այդուհանդերձ, նրանց «թույլ չեն տալիս» որեւէ գործողություն կատարել:

Հետազոտության շրջանակում  գիտնականները վերլուծել են ավելի քան 2 մլն մարդու տվյալները, որոնցից 15 հազարի մոտ ՕԿԽ է ախտորոշվել: ՕԿԽ-ով հիվանդների 81 տոկոսի մոտ եղել են նաեւ հոգեկան այլ խանգարումներ, իսկ ՕԿԽ-ով չտառապող մարդկանց խմբում այլ հոգեկան հիանդություններ է ունեցել միայն 13,6 տոկոսը: Դրանից բացի, մասնագետները համեմատել են գրեթե 700 հազար ընտանիքներից եղբայրների եւ քույրերի զույգերին:

Բոլոր տվյալները վերլուծելով՝ գիտնականները եզրակացրել են, որ ՕԿԽ-ով երեխաները եւ դեռահասները՝

  • 40-65 տոկոսով հազվադեպ են ստացել հիմնական ընդհանուր կրթություն
  • 39 տոկոսով հազվադեպ են հաճախել միջնակարգ դպրոցի բարձր դասարաններ
  • 53 տոկոսով հազվադեպ են ընդունվել միջին մասնագիտական կրթական հաստատություններ
  • 57 տոկոսով հազվադեպ են ստացել միջնակարգ ընդհանուր կրթություն
  • 28 տոկոսով հազվադեպ են ընդունվել համալսարան եւ 41 տոկոսով հազվադեպ են այն ավարտել
  • 48 տոկոսով հազվադեպ են ստացել հետբուհական կրթություն

Այս տվյալները նշանակում են, որ ՕԿԽ-ով երեխաները եւ դեռահասները հաճախ զրկված են լավ կրթությամբ նորմալ ապագայից եւ բարձր վարձատրվող աշխատանքից, չնայած նույնիսկ մտավոր ոչ այնքան էլ վատ  ընդունակություններին: Փորձագետների կարծիքով՝ ՕԿԽ հանդեպ, որպես լուրջ պաթոլոգիայի, անբավարար ուշադրությունը այսպիսի հիվանդությամբ մարդկանց դնում է անհավասար պայմաններում հասարակության այլ անդամների համեմատությամբ: Գիտնականների կարծիքով՝ այս խնդիրն, այնուամենայնիվ, կարելի է շտկել ՕԿԽ վաղ ախտորոշմամբ եւ այն փոխհատուցելով, այդ թվում՝ դեղորայքային միջոցներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է