• Latest news

Սկեսուրը ստիպել է աբորտ անել. կինը այլեւս չի կարող երեխա ունենալ

30 ապրիլի, 2014  00:01

Սկեսուրը ստիպել է հարսին ազատվել պտղից, քանի որ ուզում էր, որ իր որդու առաջնեկը տղա լինի, ոչ թե աղջիկ։ Դա 30-ամյա Դ.Ա.-ի առաջին հղիությունն էր, եւ հղիության արհեստական ընդհատումից հետո նա այլեւս չի կարողանա երեխա ունենալ։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Դ.Ա.-ն պատմեց, որ ամուսնացել է 2007 թվականին եւ շուտով հղիացել։ Սկզբում ընտանիքում բոլորը շատ ուրախ էին, բայց ամեն ինչ փոխվեց, երբ ուլտրաձայնային հետազոտության արդյունքում պարզվեց երեխայի սեռը։ Աղջիկ էր։

Դ.Ա.-ի ամուսինն ու սկեսուրըն ասում էին, թե լավ կլիներ աբորտ անել, քանի որ նրանք տղա երեխա էին ուզում։ Սկզբում կնոջը հաջողվեց համոզել ամուսնուն, որ երեխան երեխա է՝ անկախ սեռից, սակայն սկեսուրը շարունակում էր պնդել, որ պետք է աբորտ անել։

Քանի որ հղիության արդեն հինգերորդ ամիսն էր, ոչ մի գինեկոլոգ չհամաձայնվեց աբորտ անել։ Ի դեպ, եթե ինչ-որ մեկը համաձայնվեր, նա քրեական հանցագործություն կգործեր, քանի որ, ըստ ՀՀ օրենքի, կնոջ ցանկությամբ հնարավոր է ընդհատել հղիությունը մինչեւ 12 շաբաթականը ներառյալ, իսկ եթե պտուղն ավելի մեծ է, աբորտը հնարավոր է միայն բժշկական ցուցումներով։

Դ.Ա.-ն պատմեց, որ գինեկոլոգները փորձում էին բացատրել կանանց, որ քանի որ դա առաջին հղիությունն է, աբորտ անելը շատ վտանգավոր է։ Բացի այդ, պտուղն արդեն 5 ամսեկան էր, եւ աբորտ անելու համար արդեն ուշ էր։ Սակայն բժիշկների փաստարկները սկեսուրին չհամոզեցին, եւ մի օր նա բերեց հեքիմի պատրաստած ինչ-որ թուրմ, որը պետք է վիժում առաջացներ։ Կինը խմեց թուրմը եւ որոշ ժամանակ անց հայտնվեց հիվանդանոցում՝ ուժեղ արնահոսությամբ։

Արդեն մոտ 7 տարի է անցել այդ օրվանից։ Գինեկոլոգները ճիշտ էին՝ Դ.Ա.-ն այլեւս չի կարողանում հղիանալ։

«Ես հաճախ համենատում եմ աբորտը երկրաշարժի հետ։ Ինչպես բնության մեջ երկրաշարժն է, նույնպիսի աղետ է կնոջ օրգանիզմի համար աբորտը», - NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Արշակ Սիմոնյանը։

Նա բացատրեց, որ ցանկացած աբորտ վտանգավոր է եւ կարող է անդառնալի հետեւանքների հանգեցնել ու անպտղություն առաջացնել։ 12-րդ շաբաթից հետո աբորտը էլ ավելի վտանգավոր է, իսկ ինչ վերաբերում է տնային պայմաններում կատարվող այսպես կոչված «կրիմինալ» աբորտներին, դրանք կարող են նույնիսկ սպանել կնոջը։

Ինչու՞ են որոշ մարդին այդքան ուզում տղա ունենալ, որ պատրաստ են դրա համար վտանգել այդ երեխաներին ծնող մոր առողջությունը։ Այս հարցին NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատասխանեց ԱՆ Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։

Ըստ Ավագյանի՝ հայ ընտանիքների՝ տղա ունենալու ցանկության պատճառները հասկանալու համար ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ մեկտեղ հետազզոտություն էր կատարվել։

«Պարզվեց, որ տղա ունենալու ցանկությունը ավելի շատ կապված է մարդու հուզական ոլորտի հետ։ Պատասխաններից շատերում նշված է, որ ուզում են ունենալ տղա, որպեսզի իրենց տոհմը շարունակվի, իրենց անունը կրող լինի, որպեսզի իրենց ունեցվածքը ավելի հուսալի ժառանգորդի ձեռքերում հայտնվի... Եւ իհարկե կար մի մտահոգություն, որ ծերության ժամանակ իրենց ավելի մեծ օգնություն, խնամք կարող է իրականացնել որդին», - ասաց Գայանե Ավագյանը։

Հետաքրքիր է, որ հայկական մշակույթում, ի տարբերություն շատ այլ մշակույթների, աղջիկ երեխաներին իրականում շատ են սիրում։ Երբ ընտանիքում աղջիկ է ծնվում, հայրը մեծ քնքշությամբ ու գուրգուրանքով է նրան վերաբերվում։ Այդ դեպքում ինչու՞ են շատերը հենց տղա երեխա ուզում։ Այս հարցը պատասխան չունի։ Իսկ Գայանե Ավագյանը կարծում է, որ տարբեր սեռերի երեխաներ ունենալու ցանկությունը շատ նորմալ եւ բնական է, բայց դրան չի կարելի հասնել՝ աղջիկ երեխաներին հեռացնելու միջոցով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել