• Latest news

Դեղերի բացթողում դեղատոմսով. Ինչո՞ւ է Իբուպրոֆենը հայտնվել 2 ցուցակում, եւ ի՞նչ հերթեր կգոյանան պոլիկլինիկաներում

16 փետրվարի, 2018  19:35

Հայաստանի կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշման համաձայն՝ 2018 թվականի փետրվարի 28-ից ուժի մեջ կմտնի դեղատոմսերով դեղերի բացթողման նոր կարգը: Հիշեցնենք, որ դեղերի դեղատոմսերով վաճառքի վերահսկողության խստացումը դեռեւս 2016 թվականին ընդունված «Դեղերի մասին» օրենքի պահանջն է: Սրան համապատասխան՝ Առողջապահության նախարարությունը մշակել է 4 դեղատոմսային ձեւեր, որոնք կցվում են այս որոշմանը: Ձեւերից մեկը մշտապես դեղեր ընդունող քրոնիկական հիվանդների համար բազմակի օգտագործման դեղատոմսն է: ԱՆ կայքում հրապարակվել են նաեւ դեղերի ցուցակները, որոնք բաց կթողնվեն դեղատոմսով եւ առանց դեղատոմսի: Դեղատոմսային ցուցակում ընդգրկված է 3470 անուն դեղ, առանց դեղատոմսի դեղերի ցուցակում՝ 1060, եւս 92 դեղամիջոց վերահսկվող դեղերի ցուցակում են (թմրամիջոցային եւ հոգեմետ նյութեր):

NEWS.am Medicine-ի ոչ մեծ հարցումը ցույց է տվել, որ Երեւանի բժշկական հաստատությունները դեռեւս չեն ստացել դեղատոմսեր դուրս գրելու նոր ձեւաթղթեր, դեղատներում նույնպես անորոշություն է տիրում: Facebook-ի օգտատերերը գրառումներ են կատարում այն մասին, որ քրոնիկական հւիվանդները պետք է հնարավորինս շատ դեղեր գնեն, թե չէ հետո խնդիրներ կունենան: Շատերին վրդովում է նաեւ այն, որ դեղատոմսային ցուցակում են հայտնվել այնպիսի հաճախակի օգտագործվող դեղեր, ինչպիսին է Իբուպրոֆենը (հակաբորբոքային դեղամիջոց), Կապտոպրիլը եւ Նոլիպրել-ֆորտեն (ճնշման դեմ դեղեր), Նոշպան (սպազմոլիտիկ), Լ-տորոկսինը կամ Էուտիրոկսը, որը վահանագեղձի խնդիրների պատճառով ընդունում է Հայաստանի իգական բնակչության մեծ մասը: Երբ ընդունվում էր դեղերի մասին նոր օրենքը, հիմնական շեշտը դրվում էր այն հանգամանքի վրա, որ խստացումը վերաբերում է հակաբիոտիկներին, եւ սա անհրաժեշտ միջոցառում է, քանի որ դրանց անվերահսկելի օգտագործումը լուրջ խնդիրներ է առաջացնում: Ցուցակի մեջ Իբուպրոֆենի, Նոշպայի եւ ճնշման դեղերի հայտնվելը բավական անսպասելի էր:

Ավելին Իբուպրոֆենի հետ կապված ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: 600 մգ ցածր դոզաները եւ սիրոպները հայտնվել են առանց դեղատոմսերի դեղերի ցուցակում, սակայն անհասկանալի է՝ ինչու է հնդկական RBU-200-ը (200 մգ) դեղատոմսերով ցուցակում, եթե այս բաժանումը կատարվել է ըստ դոզաների:

Այնուհետեւ բելառուսական արտադրության Աեւիտը (վիտամին А եւ Е, 55, 036 մգ) հայտնվել է դեղատոմսերով դեղերի ցուցակում, իսկ ռուսական արտադրության Աեւիտը (100 մգ + 55 մգ) եւ Աեւիտ ԱՎ-ն (100000 Մ +100 մգ), ինչպես նաեւ Անգիովիտը (ֆոլաթթու գումարած վիտամիններ)՝ առանց դեղատոմսի ցուցակում:

Մեր պոլիկլինիկաներում թերապեւտները եւ նեղ մասնագետները (օրինակ՝ էնդոկրինոլոգները) ընդամենը 3 ժամ են աշխատում, եւ նրանց մոտ ներկայիս քիչ դիմելիության պայմաններում մշտապես հերթեր են: Դժվար չէ պատկերացնել, թե սրտային հիվանդների, արյան բարձր ճնշմամբ, նաեւ հիպոտիրեոզով հիվանդների ինչպիսի հերթեր կգոյանան նոր կարգը ուժի մեջ մտնելուց հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել