• Latest news

Սխալ է սնդիկի սյան 130 մմ-ի դեպքում հիպերտոնիա ախտորոշել. գիտնականներ

20 ապրիլի, 2018  11:53

Ամերիկյան նոր հրահանգները, որոնցով առաջարկվում է հիպերտոնիա ախտորոշել արդեն արյան սիստոլիկ (վերին) ճնշման սնդիկի սյան 130 մմ ցուցանիշի դեպքում, կարող են ավելի շատ վնաս, քան օգուտ տալ: Այս մասին նշված է JAMA Internal Medicine ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ: Հետազոտության հեղինակները՝ University of Sydney-ի եւ Bond University-ի գիտնականները, գնահատել են նոր հրահանգների առավելություններն ու խնդիրները:

Նախկինում մարդու մոտ հիպերտոնիա էին ախտորոշում, եթե սիստոլիկ ճնշումը սնդիկի սյան 140 մմ էր կամ ավելի: Անցյալ տարեվերջին Սրտաբանության ամերիկյան քոլեջը (American College of Cardiology) եւ Սրտի ամերիկյան ասոցիացիան (American Heart Association) խորհուրդ են տվել շեմը նվազեցնել մինչեւ սնդիկի սյան 130 մմ:

ԱՄՆ-ում ընդունված նոր հրահանգներն ամբողջ աշխարհում ազդեցություն կունենան կլինիկական պրակտիկայի վրա, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում եւ Ավստրալիայում, ինչի հետեւանքով ԱՄՆ-ում լրացուցիչ եւս 31 մլն, Մեծ Բրիտանիայում 6,7 մլն եւ Ավստրալիայում 2,4 մլն մարդկանց մոտ հիպերտոնիա կախտորոշվի: Այսինքն՝ նրանց մոտ կմեծանա սրտի հիվանդությունների եւ կաթվածի առաջացման վտանգը: Մասնագետների խոսքով՝ մինչդեռ իրականում այսպիսի ճնշմամբ մարդկանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը 10 տոկոսը չի գերազանցում, իսկ ճնշման իջեցումը հազիվ թե բերի այդպիսի վտանգի նվազման: Այդուհանդերձ, նշանակված ախտորոշումը կարող է առաջացնել սեփական առողջության համար անհանգստություն, դեպրեսիա եւ բուժում, որի կարիքն այս հիվանդները, հավանաբար, անգամ չունեն:

Ավելին՝ հիպերտոնիայի դեմ դեղամիջոցներն ունեն մի շարք կողմնակի էֆեկտներ (հիպոտոնիա, ուշագնացություններ, էլեկտրոլիտների հավասարակշռության խախտում երիկամների վնասումներ, երիկամային սուր անբավարարություն եւ այլն), եւ առանց լուրջ անհրաժեշտության չարժի հիվանդներին դրանց ենթարկել, նշում են գիտնականները:

ԱՄՆ մի քանի կազմակերպություններ եւս մտահոգություն են հայտնել ճնշման շեմի իջեցման հրահանգների կապակցությամբ: Բժիշկների ամերիկյան քոլեջը (American College of Physicians) հայտարարել է, որ սրտային հիվանդությունների վտանգի եւ կաթվածի հավանականության նվազման առավելությունները գերագնահատվել են, իսկ վնասը՝ թերագնահատվել: Ընտանեկան բժիշկների ամերիկյան ակադեմիան (The American Academy for Family Physicians) նույնպես մտահոգություն է հայտնել, որ շեմի իջեցման վտանգները պատշաճ կերպով չեն գնահատվել:

Դրանից բացի, ինչպես նշում են ավստրալացի գիտնականները, մի շարք երկրներում, այդ թվում՝ նաեւ ԱՄՆ-ում, որտեղ չկա պետական առողջապահության համակարգ, հիպերտոնիայով հիվանդները բժշկական ապահովագրություն դժվար կստանան, ինչը նրանց կյանքը ավելի կբարդացնի:

Այսպիսով, հեղինակները խորհուրդ են տալիս վերանայել նոր հրահանգները: Հետազոտության հեղինակները բժիշկներին էլ խորհուրդ են տալիս հիվանդների հետ խոսել առողջ կենսակերպի, ճիշտ սննդակարգի եւ ֆիզիկական ակտիվության կարեւորության մասին՝ անկախ ճնշման մակարդակից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է