• Latest news

Ատոպիկ մաշկաբորբ. Ո՞րն է այս տարածված հիվանդության ախտորոշման եւ բուժման բարդությունը

9 հունիսի, 2018  15:06

Երեխաների հետ պրակտիկայում ավելի հաճախ ես բախվում քրոնիկական ատոպիկ մաշկաբորբին, որը երկար եւ բավականին դժվար է բուժվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ նախապես համոզմունք կար, որ Հայաստանում հիվանդության այս տեսակը այնքան էլ ուժեղ տարածված չէ, սակայն երբ սկսեցին ավելի ակտիվ աշխատանքներ կատարվել, ավելի մեծ քանակությամբ համապատասխան գրականություն ուսումնասիրվեց, ակնհայտ դարձավ, որ այս հիվանդությամբ տառապողների թիվը շատ ավելի մեծ է, քան նախկինում կարծում էին:

«Շատ հաճախ մենք բախվում ենք ոչ ամբողջական հետազոտության խնդրի հետ: Սյսինքն՝ մենք հիվանդներին բաց ենք թողել, չենք կարողացել ճիշտ ախտորոշում կատարել, եւ արդյունքում ստացվել է, որ ամեն ինչ վատ է»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Սակայն, ինչպես նշեց մաշկաբանը, իրենք որոշակի եզրահանգումներ են կատարել, եւ մոտ մեկ ամիս առաջ սեմինար են կազմակերպել, որին մասնակցել են մաշկաբաններ եւ մանկաբույժներ:

Ըստ որում՝ նա ցանկություն հայտնեց, որ Հայաստանում աշխատող բոլոր մաշկաբանները, մանկաբույժները եւ ալերգոլոգները մասնակցեին այդ սեմինարին: Սակայն Հովհաննիսյանը հրաշալի հասկանում է նաեւ այն, որ նրանց հնարավորությունները ծայրահեղ սահմանափակ են, եւ այս պատճառով սեմինարին մասնակցել է միայն մասնագետների մի մասը:

Ըստ նրա՝ հաջորդ քայլը ծնողների հետ աշխատանքն է, քանի որ այս խնդիրը չի սահմանափակվում միայն բժշկի կողմից ճիշտ ախտորոշմամբ:

«Ծնողը պետք է հրաշալի հասկանա, թե ինչի հետ գործ ունի: Ծնողները պետք է պատրաստ լինեն «քրոնիկական» տերմինին, քանի որ մեզ մոտ առկա է հիվանդություն, որը կարող է երկար տեւել: Ծնողը պետք է իմանա, թե նման դեպքում իր երեխային ինչպես խնամի»,- շեշտեց մաշկաբանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ ծնողներից շատերը չգիտեն, որ այս հիվանդության առկայության դեպքում երեխաները չպետք է ջրային գործողությունների ենթարկվեն 5-7 րոպեից ավելի երկար, մինչդեռ ծնողները ելնում են նրանից, թե իրենց հրաշք բալիկը սիրո՞ւմ է ջրային գործողությունները, թե՞ ոչ: Մաշկաբանի կարծիքով՝ սա, ամեն դեպքում, սխալ մոտեցում է: Միաժամանակ, նա նշեց, ոչ պակաս նշանակություն ունի նաեւ երեխաների լողանալու ձեւը:

«Ինչպե՞ս են սիրում իրենց երեխաներին լողացնել մեր տատիկները: Նրանք նրանց այնպես են պռտում, որ երեխաներն առավելագույն մաքուր լինեն, սակայն դա, ինչպես արդեն ապացուցվել է, բերում է ատոպիայի բարդացման»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Մաշկաբանության եւ սեռական ճանապահով փոխանցվող ինֆեկցիաների գիտաբժշկական կենտրոնի բժիշկ Սահակ Հակոբյանն, իր հերթին, նշեց, որ իրենք փորձում են ծնողներին պատշաճ կերպով պատրաստել եւ փոխանցել որոշակի գիտելիքներ, որոնք կարող են նրանց պետք գալ: Այսպես, նրա խոսքով, իրենք ծնողներին բացատրում են, որ մաշկի ատոպիայով տառապող երեխաներին չի կարելի օրական 2-3 անգամ լողացնել, քանի որ դա բարդությունների է բերում:

Միաժամանակ, Հակոբանը նշեց, որ, որպես կանոն, այս հիվանդությամբ հիմնականում տառապում են երեխաները, եւ տարբեր գնահատականներով՝ աշխարհում այս հիվանդությամբ տառապում է 8-ից մինչեւ 20 տոկոս երեխա: Ըստ որում՝ նրա խոսքով, իրենց տրամադրության տակ չկան Հայաստանի վերաբերյալ տվյալներ: Նա ընդգծեց, որ Նորվեգիայում այս թիվը կազմում է 26 տոկոս, Իսպանիայում շատ ավելի քիչ՝ 1,5 տոկոս, իսկ Ռուսաստանում՝ մոտ 6 տոկոս:

Նշենք, որ ատոպիկ էկզեման, որը նաեւ անվանում են ատոպիկ մաշկաբորբ, վերջին շրջանում բավականին տարածված մաշկային հիվանդություն է: Նոպաների ժամանակ մաշկը քոր է գալիս, իսկ երբեմն կարող է արտադրություն արտազատվել, որոնք հետագայում բշտիկներ են առաջացնում: Նոպաների թիվը կրճատելու համար կարեւոր է ալերգենների հետ շփումը կրճատելը եւ մշտապես փափկեցնող քսուքներ օգտագործելը: Այն հաճախ երեւան է գալիս 3 ամսականում, սակայն կարող է նաեւ ավելի վաղ զարգանալ: Նորածինների մոտ ատոպիկ մաշկաբորբը հաճախ դեմքին է առաջանում, հատկապես այտերին եւ կզակին: Երբ երեխան մեծանում է, ախտահարվում են հիմնականում պարանոցը, կոպերի շուրջ ծալքերը, ձեռքերի դաստակները եւ ծնկների տակի մաշկը: Յուրաքանչյուր նոպայից հետո ռեմիսիա է լինում: Նոպան հաճախ սկսվում է սովորական կարմիր բծից, որը սկսում է քոր գալ: Մաշկը չորանում է, իսկ երբեմն արտազատում է հայտնվում, որոնք հետագայում բշտեր են առաջացնում:

Մարդկանցից շատերը ատոպիկ մաշկաբորբի նախահակվածություն ունեն: Այս հիվանդությամբ տառապողների իմունային համակարգը շատ արագ է արձագանքում: Դրանից բացի, բնականից ալերգիկ մաշկը շատ չոր է: Քանի որ նրա պաշտպանական ֆունկցիան փոխված է, շրջակա միջավայրի ալերգենները կարող են շատ խորը թափանցել վերնամաշկի ստորին շերտերի մեջ: Նրանք խթանում են իմունային համակարգը, որը սկսում է ուժեղ արձագանքել գրգռումներին: Սա առաջացնում է ատոպիկ էկզեմայի կլինիական նշաններ՝ քոր, բորբոքում եւ մաշկային արտազատումներ: Էկոլոգիական գործոններով, օրինակ, աղտոտմամբ, պասիվ ծխելով են պատճառաբանվում ատոպիկ էկզեմայի նշանների թվի մեծացումը:

Մաշկաբանները խորհուրդ են տալիս նոպայի ժամանակ օգտագործել դերմոկորտիկոիդներով կրեմներ կամ քսուքներ: Դրանք օգնում են վերացնել հիվանդության ախտանշանները, փափկեցնող քսուքները վերականգնում են շատ չոր մաշկի խոնավությունը: Սա նաեւ օգնում է կանխել նոր նոպաները: Ալերգիայի հանդեպ հակված մաշկի համար նախատեսված քսուքները անհրաժեշտ է ամբողջ մարմնին քսել օրական մեկ կամ երկու անգամ: Նոպաների թիվը պակասեցնելու համար խորհուրդ է տրվում վաննայի փոխարեն ցնցուղ ընդունել, օգտագործել փափուկ մաքրող եւ օճառ պարունակող միջոցներ, հագնել բամբակե հագուստ, այլ ոչ թե բրդյա եւ սինթետիկ, սենյակում ցածր ջերմաստիճան պահպանել:

Ալերգիկ մաշկաբորբի նշանները սովորաբար անհետանում են սեռական հասունացումնից առաջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է