Տեխնիկական հագեցվածությամբ մենք զիջում ենք առաջադեմ արեւմտյան երկրներին: Հունվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Հայաստանի Վիրաբույժների ասոցիացիայի ղեկավար Մուշեղ Միրիջանյանը:
Նրա խոսքով՝ խնդիրները հիմնականում վերաբերում են քիչ ինվազիվ վիրաբուժության ոլորտին, որտեղ ավելի ժամանակակից սարքավորումների օգտագործման պարագայում կհաջողվեր նվազագույնի հասցնել հյուսվածքների վնասման աստիճանը: Ինչպես շեշտվեց, տեղական եւ արտասահմանյան կլինիկաների հատկապես տեխնիկական հագեցվածության տարբերությունն է ապահովված պացիենտներին ստիպում ընտրություն կատարել Հայաստանի սահմաններից դուրս բուժման օգտին:
«Հայկական վիրաբուժության զարգացումը պետք է ընթանա նորագույն տեխնոլոգիաների ներդրման ճանապարհով»,- շեշտեց Միրիջանյանը: Նա հատուկ նշեց, որ հայ բժիշկներն իրենց գիտելիքների մակարդակով արեւմտյան գործընկերներին չեն զիջում: Այսպես՝ ստամոքսի հիվանդությունների դեպքում թերապեւտիկ եւ էնդոսկոպիկ բուժման բարձր մակարդակի շնորհիվ վերջին 5 տարում հաջողվել է երկրում զգալիորեն կրճատել ստամոքսի մասնահատման վիրահատությունների թիվը:
«Կարծում եմ, որ Առողջապահության նախարարության եւ բիզնես վերնախավի աջակցությամբ հնարավոր կլիներ երիտասարդ տաղանդավոր վիրաբույժների համար արտասահմանյան գործուղումներ կազմակերպել, ինչը նրանց կօգներ տեղում ծանոթանալ վիրաբուժության ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաների հետ»,- հայտարարեց Միրիջանյանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր