• Latest news

Բիոնյութերի նույնականացումը ավելի արագ եւ հեշտ կլինի. Դատական բժշկության կենտրոնը նոր սարքավորում ունի

24 մայիսի, 2019  14:35

Դատական բժշկության հանրապետական գիտագործնական կենտրոնում տեղադրված նոր սարքավորման շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանում անցկացվող դատագենետիկ հետազոտությունները միանգամայն նոր մակարդակի բարձրացնել, որը կհամապատասխանի միջազգային բոլոր ստանդարտներին: Այս մասին հայտնեց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Կառավարության աջակցությամբ Կենտրոնում տեղադրել են ABI Prism 3500 գենետիկ անալիզատոր, որը կաթիլային էլեկտրաֆորեզում ոսկե ստանդարտ է ներկայացնում: Այս սարքավորման միջոցով դատագենետիկ փորձաքննությունը կանցկացվի ավելի արագ եւ հեշտ: Դրա միջոցով հնարավոր կլինի անցկացնել արյան հետքերի, քրտինքի, կղանքի եւ այլ արտազատումների հետազոտման ուսումնասիրություններ՝ հաստատելու համար դրանց պատկանելությունն ու նույնականացումը: Նման հետազոտությունները նաեւ անհրաժեշտ են ինչպես այս կամ այն հանցագործությանը մարդու մասնակցությունն ապացուցելու համար, այնպես էլ, օրինակ, հայրության հաստատման համար:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը նշեց, որ դատագենետիկ հետազոտությունը համեմատաբար նոր ուղղություն է, բայց այսօր առանց այդ հետազոտությունների արդյունքների անհնար է պատկերացնել մարդու առողջության եւ կյանքի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումը:

Մոլեկուկյար-գենետիկ փորձաքննության բաժանմունքի ղեկավար Մարինե Բաղդասարյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ բոլոր անհրաժեշտ հետազոտություններն այս կենտրոնում անցկացվում են արդեն մոտ 19 տարի, սակայն մինչեւ հիմա դրանց համար օգտագործում էին հնացած մեթոդներ եւ ոչ պակաս հնացած սարքավորումներ:

Նոր սարքավորումը, նրա խոսքով, հնարավորություն է տալիս ընդամենը 35 րոպեում 90 գենետիկ պրոֆիլներ ստանալ 17 գենետիկ լոկուսներով: Այսինքն այդ սարքավորման շնորհիվ կարելի է միաժամանակ բազմաթիվ նմուշներ ուսումնասիրել՝ տնտեսելով ժամանակը եւ ուժերը. եթե առաջ մեկ հետազոտության տվյալները պատրաստ էին 3 օր հետո, ապա այժմ ընդամենը կես ժամ անց: Ավելին՝ ցանկացած գենետիկ պրոֆիլի հաստատման ժամանակ սարքավորումն անմիջապես նշում է, թե որ սեռի մարդու է այն պատկանում:

Բացի այդ, սարքավորումը, ըստ մասնագետի, հնարավորություն է տալիս աշխատել նաեւ հին, քայքայվող նյութերի հետ, այդ թվում ոսկորների: Իսկ մարդկային գործոնն աշխատանքում նվազագույնի է հասցված, ինչի շնորհիվ օբյկետիվության ավելի բարձր մակարդակ է ապահովվում:

Անգամ հին սարքավորումներով մասնագետներին հաջողվում էր ստանալ արդյունքներ, որոնց ճշգրտությունը հաստատվում էր այլ երկրներում ստացված արդյունքների հետ համեմատությունից հետո: Օրինակ՝ Պերմյակովի աղմկահարույց գործով փորձաքննությունը անցկացվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում եւ ստացված տվյալներն, ըստ փորձագետի, նույնն են եղել: Նոր սարքավորման դեպքում արդյունքներ ստանալն ավելի հեշտ եւ արագ կլինի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է