• Latest news

Առաջատար միջազգային փորձագետները ցրել են «Գարդասիլի» վնասի մասին առասպելը

5 հուլիսի, 2019  16:57

Ինչպես հայտնի է, մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ) քաղցկեղի տարբեր տեսակների առաջացման պատճառ է հանդիսանում, այդ թվում արգանդի վզիկի, բերանի խոռոչի եւ կոկորդի։ Այնինչ, շնորհիվ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի, տարեկան կտրվածքով կարելի է կանխել քաղցկեղի ավելի քան 29 հազար դեպք։ Այս մասին հուլիսի 5-ին տեղեկացրել է Արգենտինայում հայտնի վարակաբան-բժիշկ, պրոֆեսոր, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի Fidec Armenia ֆոնդի հիմնադիր Դանիել Ստամբուլյանը՝ ելույթ ունենալով մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի ներդրման միջազգային փորձին նվիրված քննարկումներում։ Միջոցառումը տեղի է ունեցել Երեւանում, Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարի շրջանակում։

Փորձագետն ասել է, որ  մարդկանց 80 տոկոսը կյանքի ընթացքում հիվանդանում է մարդու պապիլոմա վիրուսով, սակայն նրանց մեծ մասն առողջանում է առանց բժշկական միջամտության։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ, շնորհիվ պատվաստման, ՄՊՎ տարածվածությունը նվազել է 71 տոկոսով դեռահաս տարիքի աղջիկների շրջանում։

Ստամբուլյանը տեղեկացրել է, որ Արգենտինայում ամեն ամիս ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութ ստանում է մոտ 30 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, 2011-2016 թվականներին պատվաստում ստացել է մոտ 4 մլն արգենտինացի, ընդ որում, ինչպես նշվել է, ոչ մի բարդություն կամ մահացու դեպք չի գրանցվել։ «Պատվաստանյութը ՄՊՎ-ի դեմ պետք է կիրառվի ամենուրեք»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները նույնպես վկայում են  մահացու ելքի բացակայության մասին ՄՊՎ-ի դեմ պատվաստումից հետո։

«Ոչ մի գիտական տվյալ, որոնք կապացուցեին օրգանիզմի վրա պատվաստանյութի բացասական ազդեցության մասին, չկա»,- նշել է նա։

Իր կողմից՝ բժշկության դոկտոր, կլինիկական պրոֆեսոր Սամվել Բադալյանը (ԱՄՆ) ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը կիրառվում է աշխարհի բոլոր զարգացած երկրներում։ Այսպես, Ավստրալիայում, շնորհիվ 2007 թվականից համապատասխան պատվաստման ներդրման՝ հաջողվել է գրեթե արմատախիլ անել արգանդի վզիկի քաղցկեղը։

ԱՄՆ-ում ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութ ստանում են աղջիկների 69 եւ տղաների 63 տոկոսը։ 2015-2016 թվականների տվյալներով՝ Միացյալ Նահանգներում պատվաստում ստացած անձանց ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում 24-25 տարեկաններին։ Համաձայն ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչության (FDA) հանձնարարականների՝ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը ցուցված է մինչեւ 45 տարեկան անձանց։

Բադալյանն ընդգծել է, որ համաձայն հրապարակված տվյալների՝ Հայաստանում կիրառվող քառավալենտ պատվաստանյութն ընդդեմ ՄՊՎ-ի իջեցնում է քաղցկեղով հիվանդացությունը 28-45 տարեկան տղամարդկանց մոտ։ Մեծածավալ քառամյա հետազոտությունը, որն ընդգրկել է 24-25 տարեկան մոտ 3800 մարդու աշխարհի 7 երկրներում, չի հայտնաբերել ոչ մի բարդություն կամ մահվան դեպք այդ պատվաստանյութի պատճառով։ Հետազոտությունը հրապարակվել է հեղինակավոր The New England Journal of Medicine պարբերականում։

«Ինտերնետում պտտվող լուսանկարներն իբր ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի զոհերի մասին՝ ֆեյք են»,- ընդգծել է նա։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալներով՝  շնորհիվ ՄՊՎ-ի դեմ պատվաստման՝ քաղցկեղով հիվանդացությունը նվազել է 61 տոկոսով 20-24 տարեկան անձանց շրջանում։ Ընդ որում՝ ՄՊՎ-ի դեմ քառավալենտ պատվաստանյութը 75 տոկոսով իջեցնում է քաղցկեղի որոշ տեսակների դեպքերի թիվը։ Բացի այդ, պատվաստանյութի մեկ չափաբաժինը պաշտպանում է մարդու օրգանիզմը մարդու պապիլոմայից 10-15 տարով։

Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այսօրվա դրությամբ աշխարհում, բարձր պահանջվածության պատճառով, գոյություն ունի ՄՊՎ պատվաստանյութերի դեֆիցիտ։ «Որոշ երկրներ հերթ են կանգնած մինչեւ 2024 թվականը»,- տեղեկացրել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել