• Latest news

Առանց դեղամիջոցների տրամադրությունը բարձրացնելու 6 եղանակ

25 հունիսի, 2014  14:56

Երբ բացարձակ տրամադրություն չունեք, դժվար թե դեպրեսիվ վիճակի հաղթահարմանը միտված դիետային հետեւելու կամ ֆիզիկական վարժությունները կատարելու ցանկություն ունենաք:  Ավելին` եթե սովորական մարդկանց շարքին եք դասվում, միակ բանը, որ ձեր մկաններն ի վիճակի են անել` հեռուստացույցի հեռակառավարման վահանակով ալիքներն այս ու այն կողմ շրջելն է: Բայց մի անհանգստացեք` տրամադրության բարձրացումը միայն սպիտակ դեղահաբերից, դիետայից եւ վարժություններից չի կախված` այստեղ եւս այլընտրանք կա, տեղեկացնում է Medical Daily-ն:

Հարկ է նշել, որ տրամադրության մակարդակը մտավոր առողջության կարեւոր գործոններից մեկն է համարվում: Դեպրեսիայի ծանր տեսակներից շատերը սովորական անտրամադիր վիճակից են սկիզբ առնում: Սակայն տրամադրության` միջավայրային եւ քիմիական պատճառներով պայմանավորված անկումը կարելի է արագ հաղթահարել, եթե ստորեւ բերված 6 խորհուրդներին հետեւեք:

1. Ձեր սիրած ուտեստը նկարեք

Անցյալ տարի իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տրամադրության անկման պահին պիցցա կամ տորթ նկարող մարդիկ ավելի արագ են վերականգնվում, քան նրանք, ովքեր առաջարկվող դիետիկ ուտեստներն են նկարում: Օրինակ` պիցցան 28 տոկոս դեպքերում է տրամադրությունը բարձրացնում, իսկ ահա պղպեղը` 1 տոկոս: Իմա՞ստը: Ոչ միայն ճարպի եւ շաքարի բարձր բաղադրությամբ ուտեստների սպառումն է մեծ բավականություն պատճառում, այլ նաեւ` հենց միայն դրանց առկայության մասին գաղափարը:

2. Համոզիր ինքդ քեզ

Նախկինում հոգեբաններին թվում էր, թե մարմնի լեզուն մեր զգացական միջավայրի արդյունքն է: Սակայն ներկայումս աստիճանաբար մեծ թափ է հավաքում տեսությունն առ այն, որ հակառակը` մարմնի լեզուն կարող է մեր էմոցիաների պատճառը դառնալ: Եթե ոտքերը միմյանցից հեռու, ձեռքերը կոնքերին դրած կանգնեք, ուղեղը կսկսի մտածել, թե ձեզ մոտ ամեն ինչ կարգին է: Նկարագրված դիրքով երկու րոպե անցկացնելն էլ բավական է տեստոստերոնի եւ ադրենալինի այնպիսի ժայթքում առաջացնելու համար, որ ինքներդ էլ կսկսեք հավատալ ձեր «դիրքին»: Մեկ բաժին ժպիտն, իհարկե, ամեն ինչ ավելի կարագացնի: 

3. Ձողաձկան լյարդի յուղ ընդունեք

Առողջարար ճարպաթթուները` օմեգա-3-ը եւ օմեգա-6-ն իսկապես ի վիճակի են տրամադրություն բարձրացնել: Եթե կարողանաք ձողաձկան լյարդի յուղ ընդունել, նույնիսկ դեպրեսիային միտված բոլոր գործոնների` ալկոհոլից, սուրճից եւ ծխախոտից կախվածության առկայության պարագայում տրամադրության անկում երբեք չեք ունենա:

4. Հիշեք

Վերջին անգամ ե՞րբ եք հին լուսանկարներով լի ալբոմ թերթել: Կամ հին ընկերոջ հետ մանկության հիշողություններ կիսել: Ապացուցված է` անցյալին խարսխվող նոստալգիան մեր կյանքն ավելի իմաստալից է դարձնում: Տարիներ առաջ տեղի ունեցած պատմությունները, որոնք վատ սկիզբ եւ հուսադրող ավարտ են ունեցել, այնպիսի խառնաշփոթ են առաջացնում ուղեղի համար, որ սկսում է մտածել, թե այդ ամենը հենց հիմա` մեր առջեւ է կատարվում: Ու եթե պատմությունը հուսադրող ավարտ ունի, մեզ էլ նույնպիսի զգացողություն է համակում:

5. Ֆիզիկական շփման մեջ մտեք

Եթե ձեզ հետ միասին տխրող եւս մեկը կա, մի խուսափեք նրա հետ ֆիզիկական շփումից:  Մարդկանց միջեւ կոնտակտը ֆիզիկական կապը զգացականին միացնելու հետաքրքիր հատկություն ունի: Օրինակ` գրկախառնությունը ուղեղին ստիպում է մեծ քանակությամբ օքսիտոցին արտադրել, որ նաեւ «սիրո հորմոն» անվամբ է հայտնի:   Դրա շնորհիվ է, որ կապվածություն ենք զգում այս կամ այն մարդու նկատմամբ: Գիտնականների համոզմամբ, խաղալիք կենդանուն շոյելն անգամ կարող է ցանկալի արդյունքի հանգեցնել:

6. Երգեք

Քչերը կհավատան, թե երգելով հնարավոր է տրամադրություն բարձրացնել: Սակայն գիտնականները համոզված են, որ թե մարդիկ, եւ թե երգող թռչունները գրեթե նույնպիսի բավականություն են ստանում իրենց կատարումից` դոպամինի տեսքով: Ի միջի այլոց, սա այն նույն հորմոնն է, որը թմրանյութ ընդունելիս կամ շոկոլադ ուտելիս է արտադրվում: Այնպես որ մի ափսոսացեք ժամանակը` ցնցուղի տակ շամպունի շիշը ձեռքին երգելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել