• Latest news

Դիաբետ ունեցող մարդը կարող է ավելի երկար ապրել, քան նրա առողջ հասակակիցները. էնդոկրինոլոգ

14 նոյեմբերի, 2019  13:39

Դիաբետը բնավ դատավճիռ չէ, թեեւ այն այսօրվա դրությամբ անհնար է բուժել, այն կարելի է հաջողությամբ վերահսկել, ինչի շնորհիվ կատարյալ կոմպենսացված դիաբետով մարդը կարող է ապրել ավելի երկար, քան նրա առողջ հասակակիցները։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է արտահայտել էնդոկրինոլոգ եւ սննդաբան Հասմիկ Աբովյանը։

Մասնագետի խոսքով, եթե դիաբետ ունեցող պացիենտը ճիշտ է սնվում, պահում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, վարում  է առավելագույն առողջ կենսակերպ եւ հետեւում բժշկի խորհուրդներին, նա ավելի առողջ կլինի իր շատ հասակակիցներից, որոնք բավականաչափ ուշադիր չեն իրենց առողջության հանդեպ։

«Որոշ մարդիկ պետք է «շնորհակալ» լինեն իրենց երկարակեցության համար հենց դիաբետին, չէ՞ որ այդ հիվանդությունը ստիպում է նրանց վարել առողջ կենսակերպ։ Իսկ դա միանշանակ ապացուցված է. եթե մարդն առաջին իսկ օրերից ճիշտ բուժում է ստանում, նա կապրի դիաբետ չունեցող իր հասակակիցներից ոչ պակաս»,- ասել է մասնագետը։

Հասմիկ Աբովյանի խոսքով՝ այսօր մենք ապրում ենք գիտության եւ բժշկության բարգավաճման դարաշրջանում, եւ լավագույն գիտական տվյալները հասանելի են բոլոր բժիշկներին։ Ուստի, բժիշկները հնարավորություն ունեն կազմակերպելու դիաբետի բուժումը համաձայն լավագույն միջազգային փորձի։ Բայց մինչ այդ նրանք պետք է պացիենտներին հասցնեն միտքն այն մասին, որ այդ բուժումն իրենց անհրաժեշտ է առողջության պահպանման համար։

«Բժիշկներն այսօր ունեն անհրաժեշտ զինանոցը, որպեսզի պահպանեն դիաբետ ունեցող մարդկանց առողջությունը մինչեւ ծերություն, բայց առանց բժշկի եւ պացիենտի միջեւ արդյունավետ համագործակցության դրան անհնար կլինի հասնել»,- ասաց մասնագետը։

Նրա խոսքով՝ շաքարային դիաբետի բուժումը պետք է լինի համալիր. պարզապես իջեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ընդամենը գործի կեսն է, անհրաժեշտ է նաեւ կանխել սիրտ-անոթային  եւ այլ բարդությունները, որոնք կարող են առաջանալ դիաբետի պատճառով։

«Բժիշկը պետք է պացիենտին հասցնի այն միտքը, որ նա հիվանդ է աշխարհում ամենավատ եւ միաժամանակ ամենալավ հիվանդությամբ։ Ամենավատ, որովհետեւ դրա հետեւանքները քայքայիչ են առողջության համար. 6 վայրկյանը մեկ աշխարհում շաքարային դիաբետի հետեւանքների պատճառով մարդ է մահանում։ Ամենալավ, որովհետեւ այդ հիվանդությունը կարելի է վերահսկողության տակ պահել եւ ապրել երկար»,- ասաց մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի