• Latest news

Տարեկան Հայաստանում թոքի քաղցկեղի 1000 նոր դեպք է գրանցվում․ Տղամարդիկ համարվում են խոցելի խումբ

7 դեկտեմբերի, 2019  14:13

Չարորակ գոյացություններից մահերի 20 տոկոսը պայմանավորված է թոքի քաղցկեղով։ 2018 թվականին աշխարհում չարորակ նորագոյացություններից մահացել է շուրջ 9,6 մլն մարդ: Այս մասին, ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի Առողջապահության տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար՝ Դիանա Անդրեասյանի, փաստում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները։

Ծխախոտի ազդեցությունը, անառողջ սնունդը, ֆիզիկական թերակտիվությունը, ալկոհոլի չարաշահումը․․․ սրանք ռիսկի այն տարածված գործոններն են, որոնցով պայմանավորված են այս մահերի մեկ երրորդը։

Դիանա Անդրեասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բարձր է հատկապես թոքի քաղցկեղից տղամարդկանց շրջանում հիվանդացությունն ու մահացությունը, եւ տղամարդիկ համարվում են խոցելի խումբ այս հիվանդության համար։

Հայաստանում ամեն տարի հայտնաբերվում է թոքի քաղցկեղով հիվանդացության շուրջ 1000 նոր դեպք։ 2018 թվականին Հայաստանում թոքի քաղցկեղով ընդհանուր հիվանդների թիվը կազմել է շուրջ 2350 անձ, իսկ առաջին անգամ հիվանդության հայտնաբերում է եղել 799 տղամարդու եւ 120 կնոջ դեպքում։

Նույն տարվա ընթացքում թոքի քաղցկեղից մահացության 1020 դեպք է գրանցվել, որոնցից 831-ը՝ տղամարդ, 189-ը՝ կին։

Դիանա Անդրեասյանի խոսքով՝ այս դեպքերը կանխարգելելու համար առաջին հերթին պետք է կարողանանք նվազեցնել ծխախոտի օգտագործումը։  

«Հայաստանում բնակչության շուրջ 28 տոկոսը եւ յուրաքանչյուր 2-րդ տղամարդ ծխում է։ Կանխարգելման տեսանկյունից հակածխախոտային օրենքի ընդունումն է շատ կարեւոր, միջգերատեսչական համագործակցությունը, որպեսզի կրթական հաստատություններում այնպիսի միջավայր ստեղծվի, այնպես փորձենք կրթել երեխաներին, որ նրանք կարեւորեն դրա վնասակար ազդեցությունը», - ասաց մասնագետը։

Դիանա Անդրեասյանն ընդգծեց, որ համաշխարհային փորձը ցույց է տվել, որ հակածխախոտային օրենքի ընդունումը բավականին ազդեցիկ է եղել։ «Օրենքի ընդունումը բնական է՝ կնպաստի, որ մենք տարիների ընթացքում ունենանք ծխախոտի օգտագործման ցուցանիշների նվազում»։

Հարցին, արդյո՞ք օրենքը բավարար է արդյունքի հասնելու համար եւ արդյո՞ք անհրաժեշտ չեն աջակցման խմբեր, մասնագիտական օգնություն այն անձանց, ովքեր փորձում են հրաժարվել ծխախոտից, Դիանա Անդրեասյանն ընդգծեց, որ մեր խնդիրը ոչ թե ծխողների դեմ պայքարն է, այլ առողջ հասարակություն ունենալը։

«Մասնագիտական օգնություն պետք է բժիշկների կողմից իրականացվի, եւ առաջնային օղակի բժիշկների հետ էլ բազմիցս դասընթացներ են իրականացվել։ Իհարկե պետք է աջակցել, բացատրել, բայց անձը պետք է գիտակցի ծխելը թողնելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը։ Բնական է, ստիպողաբար ոչինչ հնարավոր չէ։ Բժիշկը կարող է ասել, բացատրել, համապատասխան դեղորայք նշանակել, սակայն անձը պետք է կամք ունենա։ Փորձը ցույց է տալիս, որ շատ ծխողներ, ում մոտ արդեն ախտորոշվում է թոքի քաղցկեղ, կամ թոքաբորբ, գիտակցաբար հրաժարվում են ծխելուց, երբ բժիշկը բացատրում է, որ ծխելը հետագայում նպաստելու է իրենց հիվանդության զարգացմանը»։

Հարցին՝ կա՞ն արդյոք այլ ռիսկեր ու որքանո՞վ են դրանք նպաստում թոքի քաղցկեղի առաջացմանը, Դիանա Անդրեասյանը նշեց, որ օդի աղտոտվածությունը, վատ սնունդը եւ այլ գործոններ հավանաբար եւս իրենց ազդեցությունն ունենում են, սակայն դրանց վերաբերյալ ուսումնասիրություններ չկան։

Loading...

Loading...

Loading...

Loading...

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ