• Latest news

Կարանտինով փակված քաղաքներում սննդի, խուճապի եւ փոխօգնության մասին․ Ինչ է պատմում Չինաստանում ապրող հայը (ֆոտո)

1 փետրվարի, 2020  19:29

Արդեն առաջին օրը չէ, որ Չինաստանում մի քանի քաղաքներ 2019-nCoV կորոնավիրուսի պատճառով փակված են կարանտինով։ Ինչպե՞ս է փոխվել կյանքն այդ քաղաքներում։ Բավականացնո՞ւմ է արդյոք մարդկանց սնունդը։ Կա՞ արդյոք խուճապ։ Այս ամենի մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց Սիփան Պետրոսյանը, որն ապրում է Խանչժոում (Չժեցզյանի շրջան) եւ կապ է պահպանում Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող ավելի քան 500 մեր հայրենակիցների հետ։

Կյանքն իսկապես փոխվել է

Կյանքը Չինաստանում իսկապես փոխվել է՝ երբեմնի բազմամարդ փողոցներում համարյա ոչ ոք չկա։ Շատ խանութներ փակ են, գրասենյակներն ու ուսումնական հաստատությունները չեն աշխատում, տրանսպորտի աշխատանքի ռեժիմը փոխվել է։

«Հիմնականում մենք բոլորս տանը նստած ենք։ Տնից դուրս ենք գալիս առավելագույնը խանութ գնալու համար՝ մթերք գնելու»,- պատմեց Սիփանը։

Խանութներից, նրա խոսքերով, աշխատում են հիմնականում մթերայինները։ Սնունդ բոլորը ձգտում են գնել փակ փաթեթներով, իսկ մսամթերքից եւ ձկնեղենից խուսափում են։ Ավելին, մարդիկ ձգտում են չուտել հասարակական սննդի օբյեկտներում եւ տանը ուտելիք պատրաստել։

Դեղատներն աշխատում են, սակայն բժշկական դիմակների մեծ պահանջարկ կա, դրանք միշտ չէ, որ հեշտ է գտնել։

Դպրոցներն ու համալսարանները, Սիփանի խոսքերով, փակ են, գրասենյակներն ու խանութները (բացի մթերայիններից) նույնպես փակ են։ Լուրեր են պտտվում, որո որոշ ուսումնական հաստատություններ, հնարավոր է, կանցնեն առցանց ուսուցման, որպեսզի աշակերտները հետ չմնան։

Սայան ոչ մի խուճապ քաղաքում չկա, ինչպես նաեւ չկան փողոցում ընկնող մարդիկ եւ այլ սարսափներ, որոնց մասին պատմում են որոշ ԶԼՄ-ներ։ Մարդկանց փակի տակ նույնպես չեն պահում՝ մարդիկ հանգիստ դուրս են գալիս, եթե ուզում են, պարզապես բնակելի համալիր մտնելուց առաջ շրջանների մեծ մասում չափում են նրանց ջերմությունը։

«Տնից դուրս մենք պաշտպանիչ դիմակներ ենք կրում։ Շատերն իրենց հետ բժշկական սպիրտ են վերցնում, որպեսզի ժամանակ առ ժամանակ շփեն ձեռքերը։ Երբ վերադառնում ենք տուն, արագ լվացվում ենք եւ սպիրտով մաքրում ենք ձեռքերը»,- պատմում է Սիփանը։

Ինչ վերաբերում է տրանսպորտին, քաղաքների մեծ մասում այն աշխատում է, սակայն ոչ նախկինի պես։ Ավտոբուսներն ավելի քիչ են, քան սովորաբար, եւ ոչ բոլոր համարներն են աշխատում։ Ավելին, մետրոյի գնացքները բոլոր կայարաններում չեն կանգնում, այլ միայն ամենախոշորներում։ Ճեպընթաց գնացքը աշխատում է սովորականի պես, սակայն բոլոր ուղեւորներին ստուգում են։ Խոշոր օդանավակայանները նույնպես աշխատում են։

«Այժմ միայն 4 օդանավակայան է փակ, որոնցից մեկը՝ Ուհանում»,- նշեց Սիփանը։

Ոչ ոք սովի մատնված չէ

2019-nCoV կորոնավիրուսի պատճառով փակ չինական Ուհան քաղաքի ուսանողները բողոքում էին սննդի բացակայությունից։ https://med.news.am/rus/news/25041/inostranniye-studentiy-boyatsya-umeret-ot-goloda-v-zakriytom-na-karantin-ukhane.html

Հայ ուսանողներից Սիփանը նման բողոքներ դեռեւս չի լսել։

«Խանութներում ամեն ինչ չէ, որ կա, սակայն ես չեմ լսել, որ որեւէ մեկը սովի մատնված լինի։ Ես ամեն օր շփվում եմ ոչ միայն հայերի, այլեւ այլ երկրներից մարդկանց հետ, եւ դեռեւս ոչ ոք չի բողոքել սննդի անբավարարությունից։ Վերջերս խոսում էի Ուհանից մեր հայրենակցի հետ, նա ասաց, որ խանութներում կան անհրաժեշտ սննդամթերքները»,- պատմեց նա։

Ինչ վերաբերում է սննդի համար փողին, շատերը խնայողություններ ունեն, եւ սննդի համար նրանց բավարարում է։

«Դեռեւս այնքան էլ շատ ժամանակ չի անցել, որպեսզի մարդիկ սննդի եւ գումարի հետ կապված իրական խնդիրներ ունենան։ Սակայն եթե սա ձգձգվի, շատերի մոտ, հնարավոր է, խնդիրներ առաջանան։ Ինչ վերաբերում է ուսանողներին, շատ հայ ուսանողներ արդեն վերադարձել են հայրենիք։ Ոմանք մնացել են այստեղ, եւ ես չեմ կարծում, թե նրանց ուսումնական հաստատությունները նրանց չօգնեն»։

Փոխօգնության մասին

Եթե որեւէ մեկին թվում է, որ արտասահմանցիներին Չինաստանում բախտի քմահաճույքին են հանձնել, դա բոլորովին էլ այդպես չէ, հաստատում է Սիփանը։ Նրա խոսքերով՝ բոլորն այստեղ օգնում են միմյանց, աջակցում են միմյանց, ինչպես կարող են։

«Այսօր զանգահարել էր մանկապարտեզի տնօրենը, ուր հաճախում է իմ որդին, մեզ բժշկական դիմակներ եւ քաղցրավենիք էր բերել։ Մենք շատ զգացված էինք։ Մեր շատ հայրենակիցներ պատմում են, որ իրենց ղեկավարները օգնում են բոլորին, ինչով կարող են։ Իրականում այստեղ շատ լավ մարդիկ կան, եւ երբեմն նրանք քեզ համար այնպիսի բան են անում, որ չես սպասի անգամ արյունակից հարազատներից»,- պատմեց Սիփանը։

Շատերը վախենում են հայրենիք վերադառնալ

Շատերը, Սիփանի խոսքերով, վախենում են հայրենիք վերադառնալ, քանի որ չեն ուզում վարակել հարազատներին, եթե հանկարծ 2019-nCoV կորոնավիրուսով վարակվել են։ Նրանք վստահ չեն, որ օդանավակայանում ձեռնարկված միջոցները բավարար են՝ այնտեղ չափում են ժամանողների ջերմությունը, բայց չէ՞ որ ինկուբացիոն շրջանում որեւէ ախտանիշ, այդ թվում՝ ջերմություն չկա, սակայն պացիենտը լիարժեք վարակիչ է։

«Մեր հայրենակիցներից շատերը հետաքրքրվում են, թե որտեղ կարող են նորմալ ստուգվել, երբ վերադառնան»,- պատմեց Սիփանը։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել