• Latest news

Ողբերգություն Խաշթառակ գյուղում. ո՞վ է մեղավոր եւ ո՞րն էր պատճառը

29 օգոստոսի, 2020  17:40

Խաշթառակ գյուղում (Տավուշի մարզ) 6 երեխաներին ծեծի ենթարկելու եւ թունավորելու դեպքը մեծ արձագանք ստացավ հայ հասարակության կողմից: Օգոստոսի 25-ին 6-ամյա տղան մահացավ ստացված վնասվածքներից: Նրա եղբայրն ու քույրերը՝ մկնդեղով թունավորումից հետո բուժում ստանալով, այժմ գտնվում են Երեւանի մանկատներից մեկում:

Մեղավոր է ճանաչվել 57-ամյա Սամվել Հակոբջանյանը՝ երեխաների պապը, սակայն հետո հայտնի է դարձել, որ երեխաներին, ամենայն հավանականությամբ, ծեծի է ենթարկել 28-ամյա Մարիաննան՝ երեխաներից մի քանիսի մայրն ու մյուսների հորաքույրը:

Քննության համար դժվար չի լինի պարզել՝ ով է ծեծի ենթարկել երեխաներին: Առավել բարդ է հասկանալը, թե ով եւ ինչպես է թույլ տվալ, որպեսզի նման բան տեղի ունենա, եւ ինչ կարելի է անել՝ հետագայում նման ողբերգությունները կանխելու համար:

Խնդրային ընտանիք

Համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ ընտանիքը խնդրային էր, եւ ամբողջ գյուղը գիտեր այդ մասին: Միակ ադեկվատ մարդը տատն էր, մնացածը «թուլամիտ» էին, հոգեկան խնդիրներ ունեին՝ այդպես էին ասում համագյուղացիները:

Նա նշեց, որ երեխաները անխնամ էին, կեղտոտ, եւ ինչպես համագյուղացիները, այնպես էլ տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ World Vision-ի եւ Հայաստանի օգնության ֆոնդի ներկայացուցիչները օգնում էին՝ ինչով կարող էին: Օրինակ՝ փոխել են տան պատուհանները: Սակայն ընտանիքի հետ հոգեբանական աշխատանք ոչ ոք չի տարել:

Անդրանիկ Վիրաբյանի խոսքով՝ համագյուղացիները չգիտեին, որ երեխաներին բռնության են ենթարկում, սակայն որոշ գյուղացիների պատմածից կարելի է հասկանալ, որ եթե ոչ բոլորը, ապա շատերը գիտեին, որ երեխաներին մշտապես ծեծի են ենթարկում:

Անտարբերություն

«Խնդրային» ընտանիքին սոցիալական ոչ մի աշխատող չի կցվել: Արդյո՞ք որեւէ մեկը գիտեր այդ մասին կառավարությունում կամ շրջանային վարչակազմում, եւս մեծ հարց է:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ սոցիալական աշխատողները համայնքային ծառայությունների պատասխանատվության տակ են, եւ այդ հարցով նախարարության գործառույթները սահմանափակ են: Եթե շրջանային վարչակազմին առընթեր սոցիալական ծառայությունները որոշեին, որ երեխաների համար վտանգավոր է այդ ընտանիքում գտնվելը, ապա սոցիալական հարցերի նախարարությունը նրանց կուղարկեր մանկատուն (ինչն արդյունքում արվեց, սակայն մեկ երեխայի մահից հետո):

Նախարարությունն իրավունք չունի նման որոշումներ կայացնել, քանի որ համայնքապետարանները ենթարկվում են ոչ թե իրեն, այլ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը:

Տավուշի շրջանային վարչակազմից NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ երեխաների եւ նրանց անվտանգության հարցերով զբաղվում է ոչ թե առողջապահության եւ սոցիալական ապահովման հարցերով բաժինը, այլ ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների հարցերով բաժինը: Սակայն առողջապահության եւ սոցիալական պապահովման բաժնից հայտնեցին, որ Խաշթառակում սոցիալական աշխատողներ չկան, նման պաշոնը նախատեսված է խոշոր համայնքների համար: Կա միայն սոցիալական աջակցության շրջանային գործակալություն, սակայն գործակալության աշխատակիցները միայն մեկ խնդիր են լուծում՝ նպաստ նշանակելը:

Պատասխանատվություն

Եթե ոստիկանությունը սխալ է գործում, միանգամից ծառայողական հետաքննություն է անցկացվում, որի ավարտին հասարակությանը տեղեկացվում է, որ հայտնաբերվել են աշխատակիցների, որոնց դիսցիպլինար պատասխանատվության են ենթարկել: Սակայն ոչ ոք չի լսել, որ նման ծառայողական հետաքննություններ անցկացվեն սոցիալական ոլորտում՝ չնայած հենց դրանից է կախված շատ հանցագործությունների կանխումը՝ պնդում է Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ, «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Գասպարյանը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում մասնագետը նշեց, որ նրանք, ում ձեռքով կատարվել է հանցանքը, իհարկե, պետք է պատժվեն, սակայն ոչ պակաս կարեւոր է հասկանալ պատճառը եւ պարզել, թե ինչու չի հաջողվել կանխել միջադեպը, որպեսզի հետագայում բարդ իրավիճակում հայտնված ընտանիքի հետ անհրաժեշտ աշխատանքներ անցկացվեն եւ արվի հնարավոր ամեն ինչ՝ երեխաների՝ բարեկեցության եւ կյանքի իրավունքներն ապահովելու համար:

Մասնագետի խոսքով՝ Խաշթառակ գյուղն ու համայնքապետը համարվում են խնամակալության եւ հոգաբարձության մարմիններ: Եվ եթե գյուղում սոցիալական աշխատող չկա, ապա դա չի նշանակում, որ ոչ ոք չպետք է հոգ տանի այդ համայնքի անդամների բարեկեցության մասին:

«Արդյո՞ք համայնքապետը գիտեր այդ ընտանիքի մասին: Չէր կարող ամեն ինչ ակնթարթորեն տեղի ունենալ: Ես վստահ եմ, որ կա նախապատմություն, եւ ընտանիքում նախկինում եւս եղել են հոգեբանական եւ ֆիզիկական բռնության դեպքեր: Միգուցե, համագյուղացիները մտածել են՝ «դա մեր գործը չէ»: Ցավոք, նման երեւույթները հաճախ են հանդիպում մեր հասարակության մեջ: Կամ այդ մարդիկ չգտիեին՝ ինչ կարող են անել, եւ դա արդեն պետության խնդիրն է, կամ էլ գիտեին եւ ոչինչ չեն արել, եւ դա եւս պետության խնդիրն է»,-ասաց մասնագետը: 

Նրա խոսքով՝ մեր հասարակությունն ակտիվորեն դատապարտում է Ստամբուլի կոնվենցիան եւ չի ցանկանում, որպեսզի որեւէ մեկը միջամտի ընտանիքի գործերին, սակայն փաստը մնում է փաստ՝ ընտանիքում բռնության խնդիրը մեր երկրում կա, եւ Խաշթառակի դեպքը միակը չէ վերջին ամիսների ընթացքում: Իսկ եթե կան խնդիրներ, ապա պետք է լինեն նաեւ կարգավորման մեխանիզմներ, եւ խոսքը միայն ոստիկանության մասին չէ, այլ ծառայությունների, որոնք պետք է կանխեն նման ողբերգությունները:

«Ցավով պետք է նշեմ, որ իրականում ամենից արագ արձագանքում է հենց ոստիկանությունը: Սակայն երկիրը, որտեղ սոցիալական ծառայությունների դեր է տանում ոստիկանությունը, չի կարող ժողովրդավար համարվել»,-ասաց Արշակ Գասպարյանը:

Ի՞նչ է պետք անել «խնդրային» ընտանիքների համար մինչեւ ողբերգությունը:

Մասնագետի խոսքով՝ խնամակալության եւ հոգաբարձության խորհուրդը՝ ի դեմս համայնքապետի, պետք է գնահատի պայմանները, որտեղ ապրում են երեխաները: Այն մասին, որ երեխաներին մշտապես ծեծի են ենթարկում, պետք էր հայտնել ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների հարցերով բաժնին: Եթե մասնագետները հասկանային, որ երեխաներին վտանգ է սպառնում, նրանց պետք է ուղարկեին այլ ընտանիք կամ մանկատուն: 

Ինչպես նշեց մասնագետը, Հայաստանում արդեն գրեթե 20 տարի փորձում են երեխայի պաշտպանության համար համակարգ ստեղծել, սակայն մինչ օր խնամակալության հարցերով հանձնաժողովները եւ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով տարբեր բաժիններ զրոյական դեր են խաղում խնդրային ընտանիքների հայտնաբերման հարցում: Այս ընթացքում նրանք միայն 1 գործառույթ են իրականացրել՝ երեխաներին տեղավորել են մանկատներ, այն էլ՝ ծնողների ցանկությամբ:

Իրավիճակը բարդացնում է նաեւ այն, որ սոցիալական ծառայությունների աշխատանքի մեթոդաբանությունը որոշում է սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ վարչակազմում այդ ծառայությունները ենթարկվում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը:

«Հուսով եմ՝ այդ երկու նախարարությունները շուտով կանցնեն ծառայողական հետաքննություններին, որպեսզի հայտնաբերեն մեղավորներին եւ նրանց դիսցիպլինար կամ քրեական պատասխանատվության ենթարկեն:  Պետք է նաեւ պարզել, թե ինչ է տեղի ունենում ոլորտում եւ ինչպես լուծել այդ խնդիրներ՝ հետագայում նման միջադեպերից խուսափելու համար: Շատ կցանկանայի, որպեսզի քննչական կոմիտեն եւ ամբողջ քննչական բլոկը հետաքննություն անցկացնեին եւ հայտնաբերեին բոլոր խնդիրները, որոնք վաղը կարող են հանցանք ծնել»,-ասաց մասնագետը:      

Մասնագետի խոսքով, քրեական արդարադատության  նպատակն է գործը բացահայտելը, հանցագործներին հայտնաբերելն ու գործը դատարան ուղարկելը: Խաշթառակի համայնքը պարզվեց, որ անվտանգ չէ: Եվ դա նշանակում է, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է արվել:            

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է