• Latest news

Շուշիի համար մարտերում վիրավորում ստացած 18-ամյա Էրիկը Գերմանիայում վիրահատության կարիք ունի (ֆոտո)

10 դեկտեմբերի, 2020  17:24

Արցախյան պատերազմում 18-ամյա Էրիկ Օհանջանյանը մասնակցել է Շուշիի համար մղվող մարտերին, որտեղ ծանր վիրավորում է ստացել. փամփուշտը վնասելով նրա ողնուղեղը՝ հայտնվել է թոքի մեջ: Հիմա նա Գերմանիայում վիրահատության կարիք ունի, որը կօգնի նրան նստել հաշմասայլակին: Իսկ մինչ այդ նա կարող է միայն պառկած մնալ:

Էրիկը վիրավորվել է նոյեմբերի 7-ին: Երբ նա ընկել է եւ չի կարողացել գետնից վեր բարձրանալ, նրան թվացել է, թե ոտքերը կտրվել են. նա բացարձակապես ոտքերը չէր զգում: Նույնիսկ չի կարողացել արմունկներին հենված բարձրանալ, որ տեսնի, թե ինչ է կատարվել: Նրա ընկեր եւ ծառայակից Վահեն նրան դուրս է բերել գնդակոծության տակից: Էրիկն ամբողջ ժամանակ գիտակից վիճակում էր եւ հասկանում էր, որ ոչինչ չի կարող անել ինքնուրույն, ու որ ընկերը սեփական կյանքն է վտանգում՝ իրեն օգնելով, եւ Վահեին խնդրել է իրեն սպանել, միայն թե գերի չընկնի, իսկ ինքն էլ փրկվի: Բայց Վահեն ասելով, որ Էրիկը պետք է ապրի, այնուամենայնիվ, կարողացել էր նրան քարշ տալով հասցնել անվտանգ վայր, որտեղից Էրիկին տարհանել էին: Ինքը՝ Վահեն, մնացել էր պաշտպանելու քաղաքն ու մարտերում զոհվել նոյեմբերի 8-ին:

Նաիրա Օհանջանյանը՝ Էրիկի հորաքույրը, NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ վիրավորվելուց հետո արդեն 7-8 ժամ անց Էրիկը Երեւան էր տեղափոխվել՝ Ստեփանակերտում անհրաժեշտ օգնություն ստանալով: Այստեղ վիրահատել են նրա թոքը, սակայն ողնաշարի հետ ոչինչ անել չէին կարող: Երեւանի լավագույն նեյրոավիրաբույժները նրան զննել են, սակայն չեն համարձակվում վիրահատել, քանի որ վիճակը շատ վտանգավոր եւ բարդ է: Սակայն առանց վիրահատության Էրիկը չի կարողանա նույնիսկ նստել:

Գերմանիայում երիտասարդին խոստացել են օգնել. չնայած փաստացի հույս չկա, որ կկարողանա քայլել, սակայն վիրահատությունից հետո Էրիկը կկարողանա գոնե նստել եւ տեղաշարժվել հաշմասայլակով:

Ավելին՝ գերմանացի բժիշկները, տեղեկանալով Էրիկի պատմությանն ու նրա վիրավորման հանգամանքներին, խոստացել են նրան անվճար վիրահատել: Սակայն անալիզների եւ հետազոտությունների, ինչպես նաեւ ստացիոնարում 10 օր անցկացնելու համար պահանջվում է 12 000 եվրո, որոնք երիտասարդի հարազատները հույս ունեն հավաքել կարեկից մարդկանց հանգանակության միջոցով:

Էրիկը լավ նկարում է եւ երազում է դիզայներ դառնալու մասին: Եթե նա կարողանա նստել, նրա երազանքն առավել քան իրականանալի է. նա կկարողանա ստեղծագործել, հետագայում՝ նաեւ աշխատել եւ գումար վաստակել:

Էրիկին օգնել ցանկացողները կարող են ցանկացած չափի գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարին՝ 

INECOBANK 5406610000503503

Ստացող՝ Naira Ohanjanyan     

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել