• Latest news

Կծու կերակուրներ. Օգո՞ւտ, թե՞ վնաս

13 հունվարի, 2021  19:40

Կծու կերակուրների ազդեցությունն ընդհանրապես մարդու առողջության եւ, մասնավորապես, աղեստամոքսային համակարգի վրա, կախված է մի շարք գործոններից՝ հենց այդ մթերքների քանակից մինչեւ դրանք ուտել պատրաստվողի առողջական վիճակը:

Ինչպես հաստատում է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը, սննդակարգում ոչ մեծ քանակությամբ կծուն՝ թեթեւ կծու համը, որը մի փոքր գրգռում է ախորժակը, չի կարող վնասել: Նույնիսկ ստամոքսի որոշակի հիվանդություններ ունեցող պացիենտների համար կծվի փոքր քանակությունը հաճախ չի հակացուցվում:

Սակայն, իհարկե, խորհուրդ չի տրվում չարաշահել կծու կերակուրները: Կծվի մեծ քանակությունը կարող է հանգեցնել լորձաթաղանթների այրվածքների եւ ստեղծել մի շարք այլ խնդիրներ: Կծվի նման քանակ, ըստ մասնագետի, իհարկե, խորհուրդ չի տրվում:

Գաստրոէնտերոլոգը հիշեցրել է, որ դեռեւս հնագույն ժամանակներից համարվում էր, որ կծու կերակուրը հատկապես օգտակար է շոգին եւ «ոչ շատ հիգիենիկ» պայմաններում: Բանն այն է, որ կծու սնունդը գրգռում է լորձաթաղանթները, ինչի արդյունքում ավելի շատ ստամոքսահյութ է արտադրվում՝ ավելի արտահայտված հակաբորբոքային հատկություններով: Այդ պատճառով կծու սննդամթերքը այդքան տարածված է հակասանիտարական պայմաններում:

Բայց եթե մենք ապրում ենք նորմալ հիգիենիկ պայմաններում` բավարար մաքուր ջրի հասանելիությամբ, եւ ցանկանում ենք երկար տարիներ ու տասնամյակներ պահպանել առողջությունը, խորհուրդ չի տրվում չարաշահել կծուն, ասում է մասնագետը:

Նշենք, որ որոշ ուսումնասիրություններ վկայում են նաեւ սննդակարգում չափավոր քանակի կծու կերակուրների օգտակար հատկությունների մասին: Այսպես, իտալացի գիտնականների աշխատանքը, որը հրապարակվել է Journal of the American College of Cardiology-ում, ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր պարբերաբար կծու չիլի պղպեղ են ուտում, ավելի հազվադեպ են մահանում ինֆարկտից եւ ինսուլտից: Մեկ այլ ուսումնասիրություն էլ ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր պարբերաբար կարմիր կծու պղպեղ են ուտում, սովորաբար երկար են ապրում եւ ավելի հազվադեպ են մահանում սրտանոթային հիվանդություններից:

Հայտնի է, որ կարմիր կծու պղպեղը պարունակում է կապսաիցին, որը, ինչպես համարվում է, կարող է բարելավել սրտանոթային համակարգի աշխատանքն ու նյութափոխանակությունը: Հայտնի են նաեւ դրա պաշտպանիչ հատկությունները աթերոսկլերոզի դեմ: Կարծիք կա, որ կապսաիցինը հակաքաղցկեղային ակտիվություն ունի: Սակայն այսօր հայտնի չէ՝ արդյո՞ք այդ ազդեցությունները բավականաչափ արտահայտիչ են մարդկային կյանքը երկարացնելու համար: Միեւնույն ժամանակ, մտավախություն կա, որ այս նյութը մեծ քանակությամբ կարող է մեծացնել ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է