Կերատինային ուղղացումը կարող է անհնազանդ եւ գանգուր մազերն ուղիղ եւ հարթ դարձնել: Շատ աղջիկներ գիտեն այս պրոցեդուրայի մասին, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչ խնդիրներ կարող են թաքնված լինել դրա հետեւում:
Մազերի կերատինային ուղղացումը մազերի քիմիական ուղղացում է, որի ազդեցությունը 4-6 ամիս է տեւում: Մազերին կերատին քսելուց հետո դրանք տաք ուղղացման են ենթարկվում ավելի քան 200 աստիճան ջերմաստիճանի տակ: Տաք ուղղացման ժամանակ կարող են ֆորմալդեհիդի քայքայիչ գոլորշիներ բաց թողնվել, որոնք վնասակար ազդեցություն ունեն աչքի լորձաթաղանթի եւ քթի եւ կոկորդի համար: Եթե հաճախորդը ալերգիա, մաշկի դերմատիտ կամ սեբորեա ունի, ապա ախտանիշները սրվում են: Սակայն եթե սենյակը լավ օդափոխվում է, քայքայիչ գոլորշիներ չեն կուտակվի եւ հնարավոր է խուսափել այդպիսի հետեւանքներից: Պետք չէ մոռանալ, որ շատ բան կախված է վարպետից, որը կարող է այրել գլխամաշկը պրոցեդուրայի ընթացքում, եթե նա անփորձ է կամ անփույթ:
Մաշկաբանության եւ սեռավարակների գիտական բժշկական կենտրոնի մաշկաբան եւ տրիխոլոգ Լուսինե Կիրակոսյանը կոչ է անում դիմել միայն գրագետ վարպետներին, ովքեր ուշադրություն են դարձնում ձեր մազերի կառուցվածքին: Եթե մազերը բարակ եւ բաց են, խորհուրդ է տրվում նուրբ, մեղմ միջոցներ օգտագործել: Եթե այս առանձնահատկությունը հաշվի չի առնվում, ապա պրոցեդուրայից հետո մազերը չոր եւ չվերականգնվող կդառնան, իսկ երկարությունը անհրաժեշտ կլինի կարճացնել:
Բացի այդ, եթե ձեր մազերը շատ գանգուր են, ապա այս պրոցեդուրան կարող է վնասակար լինել: Գանգուր մազի մեջ ննական կերատին կա: Բարձր ջերմաստիճանի տակ Ֆորմալդեհիդ քսելիս ձեր բնական կերատինը կարող է քայքայվել, ինչի հետեւանքով մազերը կարող են ճյուղավորվել:
Բժիշկ Կիրակոսյանը մի դեպք հիշեց, երբ կնոջ մոտ պրոցեդուրայից հետո աչքերը սկսել էին արցունքոտվել, ինչպես նաեւ հազ էր առաջացել: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել գլխի առաջին լվացմանն ուղղումից հետո: Խորհուրդ է տրվում լվանալ մազերը լավ օդափոխվող տարածքում, քանի որ տաք ջրի ազդեցության տակ կարող են քայքայիչ գոլորշիներ արտադրվել: Պետք է առանց սուլֆատի շամպուններ օգտագործել, որոնք, ի դեպ, սովորականից թանկ են մի քանի անգամ:
Կերատինի ազդեցության ընթացքում մազերը չի կարելի ներկել, քանի որ ներկը չի ներթափանցում մազերի կառուցվածքի մեջ:
Մազերի կերատինային ուղղումն ի հայտ է եկել 2000-ականների սկզբին Բրազիլիայում: Համարվում է, որ Բրազիլիայի դիահերձարանի աշխատակիցներից մեկը նկատել էր, որ դիակի` ֆորմալինի լուծույթում ընկղմված մազերը նկատելիորեն փոխվում են` կոշտ եւ չենթակվող մազերից դառնալով փափուկ եւ մետաքսանման: Այդպես էլ հայտնվել է մազերի բրազիլական կերատինային ուղղացման հայտնի կոսմետիկ պրոցեդուրան:
Դոկտոր Կիրակոսյանը նշում է, որ եթե ցանկանում եք բարելավել ձեր մազերի կառուցվածքը, ավելի լավ է սառը պրոցեդւորաներ անցկացնել: Տնային պայմաններում դրանք դիմակները, յուղերը եւ բալզամներն են:
Կերատինային ուղղացման պրոցեդուրան իր հավատարիմ երկրպագուներն ու ջերմեռանդ հակառակորդներն ունի: Արժե արդյոք դիմել այս պրոցեդուրային, թե՞ ոչ, ձեր որոշումն է, սակայն որոշում կայացնելիս փորձեք հաշվի առնել բոլոր խորհուրդները եւ դիմել բացառապես մասնագետներին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր