• Latest news

Արժե՞ արդյոք մազերի կերատինային ուղղացում անել. դրական եւ բացասական կողմերը

20 փետրվարի, 2021  13:45

Կերատինային ուղղացումը կարող է անհնազանդ եւ գանգուր մազերն ուղիղ եւ հարթ դարձնել: Շատ աղջիկներ գիտեն այս պրոցեդուրայի մասին, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչ խնդիրներ կարող են թաքնված լինել դրա հետեւում:

Մազերի կերատինային ուղղացումը մազերի քիմիական ուղղացում է, որի ազդեցությունը 4-6 ամիս է տեւում: Մազերին կերատին քսելուց հետո դրանք տաք ուղղացման են ենթարկվում ավելի քան 200 աստիճան ջերմաստիճանի տակ: Տաք ուղղացման ժամանակ կարող են ֆորմալդեհիդի քայքայիչ գոլորշիներ բաց թողնվել, որոնք վնասակար ազդեցություն ունեն աչքի լորձաթաղանթի եւ քթի եւ կոկորդի համար: Եթե ​​հաճախորդը ալերգիա, մաշկի դերմատիտ կամ սեբորեա ունի, ապա ախտանիշները սրվում են: Սակայն եթե սենյակը լավ օդափոխվում է, քայքայիչ գոլորշիներ չեն կուտակվի եւ հնարավոր է խուսափել այդպիսի հետեւանքներից: Պետք չէ մոռանալ, որ շատ բան կախված է վարպետից, որը կարող է այրել գլխամաշկը պրոցեդուրայի ընթացքում, եթե նա անփորձ է կամ անփույթ:

Մաշկաբանության եւ սեռավարակների գիտական ​​բժշկական կենտրոնի մաշկաբան եւ տրիխոլոգ Լուսինե Կիրակոսյանը կոչ է անում դիմել միայն գրագետ վարպետներին, ովքեր ուշադրություն են դարձնում ձեր մազերի կառուցվածքին: Եթե ​​մազերը բարակ եւ բաց են, խորհուրդ է տրվում նուրբ, մեղմ միջոցներ օգտագործել: Եթե ​​այս առանձնահատկությունը հաշվի չի առնվում, ապա պրոցեդուրայից հետո մազերը չոր եւ չվերականգնվող կդառնան, իսկ երկարությունը անհրաժեշտ կլինի կարճացնել:

Բացի այդ, եթե ձեր մազերը շատ գանգուր են, ապա այս պրոցեդուրան կարող է վնասակար լինել: Գանգուր մազի մեջ ննական կերատին կա: Բարձր ջերմաստիճանի տակ Ֆորմալդեհիդ քսելիս ձեր բնական կերատինը կարող է քայքայվել, ինչի հետեւանքով մազերը կարող են ճյուղավորվել:

Բժիշկ Կիրակոսյանը մի դեպք հիշեց, երբ կնոջ մոտ պրոցեդուրայից հետո աչքերը սկսել էին արցունքոտվել, ինչպես նաեւ հազ էր առաջացել: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել գլխի առաջին լվացմանն ուղղումից հետո: Խորհուրդ է տրվում լվանալ մազերը լավ օդափոխվող տարածքում, քանի որ տաք ջրի ազդեցության տակ կարող են քայքայիչ գոլորշիներ արտադրվել: Պետք է առանց սուլֆատի շամպուններ օգտագործել, որոնք, ի դեպ, սովորականից  թանկ են մի քանի անգամ:

Կերատինի ազդեցության ընթացքում մազերը չի կարելի ներկել, քանի որ ներկը չի ներթափանցում մազերի կառուցվածքի մեջ:

Մազերի կերատինային ուղղումն ի հայտ է եկել 2000-ականների սկզբին Բրազիլիայում: Համարվում է, որ Բրազիլիայի դիահերձարանի աշխատակիցներից մեկը նկատել էր, որ դիակի` ֆորմալինի լուծույթում ընկղմված մազերը նկատելիորեն փոխվում են` կոշտ եւ չենթակվող մազերից դառնալով փափուկ եւ մետաքսանման: Այդպես էլ հայտնվել է մազերի բրազիլական կերատինային ուղղացման հայտնի կոսմետիկ պրոցեդուրան:

Դոկտոր Կիրակոսյանը նշում է, որ եթե ցանկանում եք բարելավել ձեր մազերի կառուցվածքը, ավելի լավ է սառը պրոցեդւորաներ անցկացնել: Տնային պայմաններում դրանք դիմակները, յուղերը եւ բալզամներն են:

Կերատինային ուղղացման պրոցեդուրան իր հավատարիմ երկրպագուներն ու ջերմեռանդ հակառակորդներն ունի: Արժե արդյոք դիմել այս պրոցեդուրային, թե՞ ոչ, ձեր որոշումն է, սակայն որոշում կայացնելիս փորձեք հաշվի առնել բոլոր խորհուրդները եւ դիմել բացառապես մասնագետներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է