• Latest news

Ի՞նչ մթերքներ կարելի է ուտել գիշերը՝ չանհանգստանալով առողջության եւ կազմվածքի համար

23 հունիսի, 2022  10:22

Բժիշկ-սննդաբան Վիկտորյա Կուզմինան SOLENKA.INFO պարբերականի հարցազրույցում թվարկել է 7 մթերք, որոնք կարելի է ուտել գիշերը։ Մասնագետն ընդգծել է, որ գիշերը քաղցած մնալն ավելի շատ վնաս է հասցնում օրգանիզմին, քան ուշ ընթրիքը։ Բայց սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնելուց գոնե մեկ ժամ առաջ եւ բաղկացած լինի այնպիսի մթերքներից, որոնք բացասական ազդեցություն չեն ունենա առողջության եւ կազմվածքի վրա։

Սննդաբանի խոսքով՝ գիշերվա սննդաբաժնում չի կարելի ներառել ծանր, կալորիական սնունդ եւ ալկոհոլային ըմպելիքներ։ Ավելի լավ է ուշ ընթրիքի համար օգտագործել սպիտակուցի մեծ, ճարպերի փոքր պարունակությամբ եւ ածխաջրեր չունեցող մթերքներ։

Գոլորշու վրա պատրաստված կամ ջեռոցում եփված սպիտակ ձուկը (ձողաձուկ, խեկ, սուդակ) շատ հարմար է ուշ ժամի ուտելու համար։ Որպես խավարտ Կուզմինան խորհուրդ է տվել օգտագործել թարմ կամ ջեռոցում եփված բանջարեղեններ։

Մեկ բաժակ կեֆիրը կամ բնական յոգուրտը, որին կարելի է հատապտուղներ ավելացնել, կօգնի հաղթահարել քաղցի զգացողությունը, եւ բարենպաստ ազդեցություն կունենա մարսողական համակարգի վրա։

150 գրամ հավի կրծքամիսը կամ հնդկահավի միսը՝ համեմված խոտաբույսերով եւ պատրաստված ջեռոցում, գրիլի կամ գոլորշու վրա, հիանալի ընթրիք է, որը չի վնասի կազմվածքին եւ առողջությանը։

Կարելի է օգտագործել ինչպես հավի, այնպես էլ լորի ձվեր։ Ամենից հարմարը խաշած ձվերն են։ Կալորիականությունը նվազեցնելու համար մասնագետը խորհուրդ է տվել օգտագործել միայն սպիտակուցը։

Ծովամթերքներով եւ կանաչիներով ու ավոկադոյով պատրաստված աղցանը հիանալի կերակուր է ուշ ժամի սնվելու համար։ Բայց սննդաբաժինը չպետք է մեծ լինի (200-250 գրամից ոչ ավելի)։

Ընկույզները նույնպես հարմար են ուշ ժամի ուտելու համար։ Մի բուռ կաղինը կամ նուշը ոչ միայն կհագեցնի քաղցը, այլեւ օրգանիզմը կապահովի В խմբի վիտամիններով եւ մագնիումով։

Ջեռոցում եփված բանջարեղենները՝ սխտորով եւ ոչ մեծ քանակությամբ բուսայուղով, հատկապես ձիթայուղով, մեր առողջության համար միայն օգտակար կարող են լինել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ