• Latest news

Դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել Էլիզաբեթ Հոլմսին, որը խոստացել էր մատից արյան մեկ կաթիլով 200 անալիզ անել

21 նոյեմբերի, 2022  17:15

Կալիֆոռնիայի դատարանը «Տերանոս» ստարտափի հիմնադրին դատապարտել է 11 տարի 3 ամսվա ազատազրկման՝ դավադրության եւ խարդախության համար, հայտնում է NBC News-ը։ Փոխհատուցման չափը, որը նա պետք է վճարի, դատարանը կսահմանի ավելի ուշ։

Հոլմսը ներդրողներին խոստացել է, որ իր նորարարական սարքը կարող է արագ ավելի քան 200 անալիզ կատարել՝ մատից ընդամենը մեկ կաթիլ արյունով: Սակայն մշակումների տարիների ընթացքում ընկերությունը չի կարողացել տրամադրել ոչ նշված պահանջներին համապատասխանող սարքի նախատիպը, ոչ էլ համոզիչ գիտական հոդվածներ:

Էլիզաբեթ Հոլմսը հիմնել է «Տերանոսը» հիմնել է 2003 թվականին։ Ստարտափը պետք է մշակեր տեխնոլոգիա, որը կարող էր լիարժեք լաբորատոր հետազոտություններ կատարել՝ օգտագործելով մատից մի քանի կաթիլ արյուն եւ թույլ տալ ախտորոշում կատարել։ Այս գաղափարն իրականացնելու համար Հոլմսին հաջողվել է ներգրավել 900 միլիոն դոլարի ներդրումներ, իսկ բուն ստարտափը գնահատվել է 9 միլիարդ դոլար։ «Տերանոսը» մշակել է նման կոմպակտ լաբորատորիաների մի քանի նախատիպ, բայց դրանցից ոչ մեկը չի կարողացել ապահովել այն արդյունքը, որը խոստացել էր Հոլմսը իր հարցազրույցներում։

Ավելի քան 10 տարվա ընթացքում «Տերանոսը» ոչ մի գիտական հոդված չի հրապարակել իր տեխնոլոգիայի մասին, սակայն դա չի խանգարել Հոլմսին ավելի ու ավելի շատ գումարներ ներգրավել։ The Wall Street Journal-ում հրապարակված մի շարք բացահայտող հոդվածներից եւ ստարտափի մասին լրագրողի գրքից հետո 2018 թվականին Հոլմսը հայտարարել է ընկերության փակման մասին։ Մարդիկ բողոքել են, որ «Տերանոս»-ի սարքերը անալիզի կեղծ արդյունքներ են տալիս, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի եւ ուռուցքային մարկերների համար: Պարզվել է նաեւ, որ նախատիպերի աշխատանքի թերությունները նկատած աշխատակիցներին սպառնացել եւ ստիպել են գնալ կեղծիքի։ Ընկերության դեմ հայցերի տարափ է տեղացել, եւ Հոլմսին 10 տարով արգելել են ղեկավար պաշտոններ զբաղեցնել հայտնի ընկերություններում։ 2018 թվականի ամռանը Կալիֆոռնիայի Հյուսիսային շրջանի ԱՄՆ դատախազությունը խարդախության մեղադրանք է առաջադրել Հոլմսին եւ նրա գործընկեր Ռամեշ Բալվանիին:

2022 թվականի հունվարին երդվյալ ատենակալները Էլիզաբեթ Հոլմսին մեղավոր են ճանաչել մեղադրանքի 11 կետերից 4-ով՝ կապված դավադրության եւ էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ մեղադրանքների հետ, որոնց համար նրանց սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում: Միաժամանակ Հոլմսն անմեղ է ճանաչվել հիվանդներին խաբելու մեղադրանքով։ Այժմ դատախազները Հոլմսի համար խնդրել են 15 տարվա ազատազրկում եւ 804 միլիոն դոլար տուգանք։ «Տերանոս»-ի հիմնադրի փաստաբանները դատարանին տրամադրել են ավելի քան 100 նամակ՝ ի պաշտպանություն Հոլմսի, եւ պնդել են, որ նրան  18 ամսվա տնային կալանքի եւ հասարակական աշխատանքի դատապարտեն: Դատավարության ժամանակ Հոլմսը արցունքներն աչքերին հայտարարել է, որ ափսոսում է իր սխալների եւ «մարդկանց հիասթափեցնելու համար»։

Դատավորը լսել է բոլոր կողմերին, ներառյալ տուժողներին, եւ որոշել, որ Էլիզաբեթ Հոլմսը պետք է բանտում անցկացնի 135 ամիս (11 տարի 3 ամիս), սակայն պատժի կատարումը հետաձգել են մինչեւ 2023 թվականի ապրիլ։ Հոլմսը հղի է, ունի նաեւ 15 ամսական որդի եւ փաստաբանները մտադիր են բողոքարկել դատավճիռը։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել