• Latest news

Առողջության պարտադիր ապահովագրության մասին․ մութ սենյակում սև կատու փնտրելիս, հնարավոր է հանդիպել հրեշի. Տիգրան Ջրբաշյան  

25 հունվարի, 2023  21:47

«Առողջության պարտադիր ապահովագրության մասին․ մութ սենյակում սև կատու փնտրելիս, հնարավոր է հանդիպել հրեշի», – գրել իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։

«Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի` ներկայումս առաջարկվող տեսքով ներդրումը կբերի առողջապահական համակարգի ֆինանսավորման աղբյուրների փոփոխության` չհանգեցնելով, սակայն, համակարգի արդյունավետության և որակի բարձրացմանը

Առողջապահության ընթացիկ ծախսերը որպես ՀՆԱ մասնաբաժին դիտարկելիս` կարելի է նկատել, որ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով,  2020 թվականին Հայաստանի ցուցանիշը (ՀՆԱ-ի 12%) գերազանցում է այնպիսի երկրների ցուցանիշները, ինչպիսիք են Իսրայելը (8%), Իտալիան (10%), Ֆինլանդիան (10%), և համադրելի է Ֆրանսիայի (12%) կամ Գերմանիայի (13%) ցուցանիշների հետ (ավելին տե'ս https://apps.who.int/nha/database/Select/Indicators/en):

Միևնույն ժամանակ, վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող առողջապահական ծախսերը (և' պետական, և' մասնավոր) ավելացել են շուրջ 20 անգամ` 26 դոլարից (2000 թվականին) հասնելով 524 դոլարի 2019 թվականին: Արդյունքում, ներկայումս առողջության պահպանման գինը Հայաստանում զգալիորեն գերազանցում է տարածաշրջանային այլ երկրներում համանման ցուցանիշները. այդ ցուցանիշով Հայաստանը գերազանցում է ինչպես Վրաստանի (291 դոլար), այնպես էլ Ադրբեջանի ցուցանիշները (193 դոլար):

Այսպիսով` իրապես կարիք կա նախաձեռնել առողջապահական համակարգի բարեփոխում, որի թիրախը պետք է լինի համակարգի արդյունավետության բարձրացումը, մասնավորապես` քաղաքացիների անձնական միջոցներից ծախսվող գումարների ճիշտ ուղղորդումը և կառավարումը:

Հայաստանի առողջապահական համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ պետական բյուջեից հատկացումները կազմում են առողջապահական ծախսերի միայն փոքր մասը՝ 2019 թ. տվյալներով` շուրջ 15%-ը:  Այսինքն` համակարգի ֆինանսավորման հիմնական բեռը` ծախսերի շուրջ 85%-ը, հոգում է բնակչությունը` իր անձնական միջոցներից ծախսերի հաշվին (անգլերեն` out-of-pocket expenses): Պետք է նշել, որ, օրինակ` հարևան Վրաստանում 2019 թ. բնակչության անձնական միջոցների բաժինն առողջապահության վրա կատարվող ընդհանուր ծախսերում կազմել է մոտ 47%` ունենալով նաև նվազման միտում, Հայաստանի հետ նույն եկամտային խմբին պատկանող` միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում` 32%, իսկ համաշխարհային միջինը շուրջ 19% է (ավելին տե'ս https://data.worldbank.org/indicator/SH.XPD.OOPC.CH.ZS):

Առողջապահության վրա կատարվող ծախսերի ֆինանսավորման աղբյուրներից բացի` անհրաժեշտ է անպայմանորեն անդրադառնալ համակարգի արդյունավետության և արտադրողականության խնդրին, որը, առողջապահական համակարգի հիմնական ցուցանիշների համաձայն, ակնհայտորեն ցածր է, մասնավորապես՝

  1. Դեռևս 2015 թվականին Հայաստանը 1,000 բնակչի հաշվով ունեցած հիվանդանոցային մահճակալների հաշվով` 4.2, ավելի քան 1,5 անգամ գերազանցում էր աշխարհի միջին ցուցանիշը` 2.7։ Հայաստանի այս ցուցանիշը համեմատելի է Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների, դրանցից` Հունաստանի (4.2), Լյուքսեմբուրգի (4.3), Շվեյցարիայի (4.4) հետ, և գերազանցում է այնպիսի երկրների համանուն ցուցանիշը, ինչպիսիք են Շվեդիան (2.1), Նորվեգիան (3.5) ու Դանիան (2.6) (ավելին տե'ս https://data.worldbank.org/indicator/SH.MED.BEDS.ZS...)։
  2. 1,000 բնակչի հաշվով բժիշկների քանակով Հայաստանը (4.4 բժիշկ 1,000 բնակչի հաշվով) գերազանցում է ինչպես աշխարհի միջին ցուցանիշը (1.7), այնպես էլ միջինից բարձր (2.3) և բարձր եկամուտ ունեցող երկրների միջին ցուցանիշը (3.7) (ավելին տե’ս https://data.worldbank.org/indicator/SH.MED.PHYS.ZS...)։

Միևնույն ժամանակ, առողջապահության համակարգի արդյունավետության տեսանկյունից, Հայաստանը բախվում է լուրջ խնդիրների, դրանցից`

  1. 2019 թ․-ին ոչ վարակիչ հիվանդություններից (որը ընդհանուր մահացության մասնաբաժնում կազմել է ավելի քան 93%) մահացության հարաբերական գործակիցը հասել է 829-ի` 1990 թ.-ի 528-ի փոխարեն։ Ոչ վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշով Հայաստանը գերազանցում է ինչպես աշխարհի միջին (73% ընդհանուր մահացության մասնաբաժնում), այնպես էլ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների միջին ցուցանիշը (85% ընդհանուր մահացության մասնաբաժնում).
  2. Առողջապահության որակի և հասանելիության ինդեքսով (անգլերեն` Healthcare Access and Quality index) Հայաստանի ցուցանիշը 2016 թ.-ին 71, իսկ 2019 թ.-ին արդեն 63,2 էր։ Թեև այս ցուցանիշով Հայաստանը փոքր-ինչ գերազանցում է Ադրբեջանին և Վրաստանին (համապատասխանաբար 57,2 և 53,3), սակայն, հաշվի առնելով առողջապահության գինը, Հայաստանը գին/որակ հարաբերակցությամբ զգալիորեն զիջում է իր հարևաններին։

Վերջին 30 տարիների ընթացքում առողջապահության համակարգի բարեփոխումներն իրականացվել են` առանց վերջինիս արդյունավետությունը և արտադրողականությունը թիրախավորելու` նպատակ ունենալով պահպանել համակարգն այն տեսքով, ինչպիսին կա` մեծացնելով նաև դրան առնչվող քանակական ցուցանիշները։ Դրա հետևանքով ներկայումս Հայաստանում առկա է իրավիճակ, երբ հիվանդանոցների, բժիշկների, մահճակալների հարաբերական քանակով Հայաստանը գերազանցում է եվրոպական զարգացած երկրների մեծ մասին, իսկ առողջապահության արդյունավետության տեսանկյունից` զիջում իրենից ավելի քիչ զարգացած երկրներին։ Իմ կարծիքով` պետական ֆինանսավորումը «կոնսերվացնում» է համակարգի անարդյունավետությունը, և առողջապահության ծախսերի մեջ պետական մասնաբաժնի հետագա ավելացումն էլ ավելի է խորացնելու այս խնդիրը։

Մեր թիմի հաշվարկներով` կա հնարավորություն Հայաստանի առողջապահության ծախսերը կրճատել մոտավորապես 40%-ով, եթե ՀՆԱ մասնաբաժնում ցուցանիշը դարձնենք համեմատելի Վրաստանի հետ։ Այդ դեպքում, քաղաքացիների անձնական միջոցներից կատարվող ծախսերը կկրճատվեն մոտ 3 անգամ, որին հնարավոր կլինի հասնել այդ գումարի ավելի արդյունավետ և ուղղորդված ծախսելու դեպքում։  Համոզված եմ, որ, արդյունավետության բարձրացման տեսանկյունից, մասնավոր ապահովագրական ընկերություններն այս խնդիրը կարող են լուծել շատ ավելի թիրախային՝ մասնավոր-պետություն համագործակցության միջոցով։

Ելնելով թվարկված խնդիրներից ու ներկա իրավիճակից` առողջության ապահովագրության համակարգն անհրաժեշտ է ներդնել փուլային եղանակով` հաշվի առնելով կամավոր ապահովագրվածների քանակը, քաղաքացիների օբյեկտիվ բնութագիրը և եկամուտների չափը` դրանցից կախված կիրառելով տարբերակված մոտեցում։ Առողջության ապահովագրության փուլային եղանակով ներդրման շրջանակներում մասնավորապես անհրաժեշտ է`

- առաջին փուլում սահմանել, որ առողջապահության կամավոր ապահովագրության ծախսը կարող է դիտարկվել  որպես եկամտահարկի հարկվող բազայի նվազեցում,

- սահմանել առողջության պարտադիր ապահովագրության պարտավորություն այն մարդկանց համար, որոնց եկամուտը գերազանցում է որոշակի սահմանաչափը, կամ որոնք ունեն սահմանված չափը գերազանցող անշարժ կամ շարժական գույք, արժեթղթեր և այլն (նույն մոտեցմամբ, ինչպես առաջարկում էի սահմանել եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը): Այդ չափանիշներից ելնելով` կիրառել պետական համաֆինանսավորման տարբերակված մոտեցում:

Առաջին փուլով առողջապահական ապահովագրություն ստացող անձինք այլևս չեն օգտվի պետական ֆինանսավորումից, ինչը հնարավորություն կընձեռի պետական միջոցներն ուղղել բնակչության սոցիալապես խոցելի խմբերի առողջության պահպանմանը և առողջապահական ծախսերի ծածկմանը», – գրել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է