• Latest news

Ի՞նչ է Դեմենցիայի կանխարգելման ազգային պլանը

20 մարտի, 2023  22:21

Հայաստանում մինչեւ 2026 թվականը գործողության մեջ կդրվի Դեմենցիայի կանխարգելման ազգային պլանը։ Այս մասին մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին առողջապահության նախարարության հոգեբուժության գծով խորհրդատու Գեւորգ Փաշիկյանը, առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Գալստյանը եւ «Ալցհայմեր խնամք-Հայաստան» ծրագրի ղեկավար Օֆելյա Կամավոսյանը։

Քրիստինե Գալստյանը հայտնեց, որ վերջերս Հայաստանի կառավարությունը հաստատել է առողջապահության զարգացման 2023-2026 թվականների ռազմավարությունը, որի մաս է կազմում նաեւ Դեմենցիայի կանխարգելման ազգային պլանը, որը պետք է փուլ առ փուլ ներդրվի մինչեւ 2026 թվականը։

Պլանը ներառում է.

Հիվանդության տեսանելիության բարձրացում

Գալստյանի խոսքով՝ կարեւոր է, որ հասարակությունը կարողանա ճանաչել խնդիրը, հասկանալ, որ սա պարզապես տարիքային փոփոխություն չէ, այլ հենց դեմենցիա։ Այս դեպքում ընտանիքները կսկսեն ավելի վաղ դիմել բժշկի, եւ խորը դեմենցիայի զարգացումը հնարավոր կլինի կանխել:

Բժշկական անձնակազմի եւ ընտանիքի անդամների տեղեկացվածության եւ կարողությունների բարձրացում

Բժշկական անձնակազմը նույնպես պետք է ճանաչի հիվանդության առաջին նշանները եւ ունենա նման հիվանդներին խնամելու հմտություններ: Առաջնային օղակի բժիշկները պետք է իմանան, թե հիվանդության որ փուլում կարող են ինքնուրույն վարել այն, եւ երբ է պահանջվում դիմել նեղ մասնագետի՝ նյարդաբանի կամ հոգեբույժի խորհրդատվության:

«Ընտանիքի անդամների համար կրթական ծրագրեր պետք է լինեն։ Այս հիվանդները դժվար կառավարելի են, դրա համար հատուկ հմտություններ են պետք: Անտեղյակության եւ նման հիվանդների հետ շփվելու անկարողության պատճառով ընտանիքի անդամները կարող են անհիմն ագրեսիա ցուցաբերել նրանց նկատմամբ»,- ասել է նա։

Հատուկ «հիշողության ակումբների» ստեղծում

«Նպատակ կա ստեղծել հիշողության ակումբներ, որտեղ տարեցները կարող են գալ, զարգացնել եւ մարզել ճանաչողական կարողությունները վարժությունների եւ հաղորդակցման միջոցով»,- ասաց Քրիստինե Գալստյանը։

«Ալցհայմեր խնամք Հայաստան» ծրագրի ղեկավար Օֆելյա Կամավոսյանը տեղեկացրեց, որ այսօր «Լոֆթ» ակումբի հետ ստորագրվել է հուշագիր, ըստ որի՝ 65 տարեկանից բարձր անձինք ամեն հինգշաբթի ժ․11․00 նախապես գրանցվելով կկարողանան ժամանակ անցկացնել ակումբում։ Նրանք կկարողանան շփվել հասակակիցների հետ, զարգացնող խաղեր խաղալ, թեյ, սուրճ խմել, ֆիլմեր դիտել, երգել ու պարել։ Հետագայում Հայաստանի տարբեր համայնքների բոլոր «Լոֆթ» ակումբներում կամ տեղական ամբուլատորիաներում նմանատիպ «հիշողության ակումբներ» կկազմակերպվեն։

Մի քիչ վիճակագրություն

Ինչպես նշեց «Ալցհայմեր խնամքՀայաստան» ծրագրի ղեկավար Օֆելյա Կամավոսյանը, 2022 թվականի հունիսի 1-ից Հայաստանում իրականացնում են «Առողջ ուղեղ» ծրագիրը, որի շրջանակներում առաջին անգամ մեր երկրում կոգնիտիվ ֆունկցիաների, հիշողության, տարածության մեջ կողմնորոշման գնահատում է իրականացվել։ Այս հետազոտության նախնական գնահատականները ցույց են տալիս, թե որքան է արդիական խնդիրն այսօր: «40-ից բարձր քաղաքացիների հիշողության գնահատումը ցույց է տվել, որ հարցվածների 35.7%-ն ունի կոգնիտիվ ֆունկցիաների խանգարումներ։ Սա նշանակում է, որ եթե այդ մարդիկ այս փուլում դիմեն բժշկի, ապա հնարավոր է կասեցնել դեմենցիայի զարգացումն իր անցանկալի դրսեւորումներով»,- ասաց նա։

Ինչպե՞ս ճանաչել դեմենցիան

Գեւորգ Փաշիկյանի խոսքով՝ դեմենցիան ծերունական կամ նախածերունական հիվանդություն է, որը դասվում է հոգեկան հիվանդությունների շարքին։ Դրա տարածվածությունն աճում է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ բնակչության ծերացման հետ մեկտեղ։ Դեմենցիայի զարգացմանը նպաստում են այնպիսի տարածված հիվանդություններ, ինչպիսիք են անոթային խնդիրները, արյան բարձր ճնշումը եւ այլն։

Հիվանդության նշանները՝ ապակողմնորոշում, բնավորության որոշակի գծերի սրացում, ագրեսիվություն, հարազատների ու հարեւանների հանդեպ մշտական մեղադրանքներ։ Սրա պատճառով ընտանիքում հաճախակի են լինում կոնֆլիկտներ։ Հարազատները պետք է հասկանան, որ սա բնավորության փոփոխություն չէ, այլ առողջական խնդիր, եւ պետք է դիմել բժշկի։ Այսօր, որպես կանոն, բժշկի դիմում են, երբ դեմենցիան արդեն զարգացած էլինում, եւ սկսվում են փսիխոտիկ վիճակներ։ Եթե ժամանակին դիմեք բժշկի՝ կոգնիտիվ ֆունկցիաների խանգարման փուլում, ապա կոգնիտիվ դեֆիցիտի մեծ մասը հնարավոր է վերականգնել»,- ասաց նա։

Ռիսկի գործոններ են, ըստ Քրիստինե Գալստյանի, ծխելը, կրթական ցածր մակարդակը, սոցիալական կապերի խզումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել