Միջազգային նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գենետիկական նախատրամադրվածությունն իսկապես ազդում է այն բանի վրա, թե ինչպես է մեր ապրելակերպն անդրադառնում ծերացման գործընթացի վրա։ Սակայն այդ ազդեցությունը միակողմանի չէ. այն սերտորեն կապված է մարդու կենսակերպի, սոցիալ-տնտեսական վիճակի և անհատական սովորությունների հետ։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journals of Gerontology գիտական ամսագրում։
Գիտնականներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են մի ցուցանիշի վրա, որն անվանում են «ներքին կարողություն»։ Սա մարդու ֆիզիկական և մտավոր բոլոր այն ունակությունների ամբողջությունն է, որոնք նա օգտագործում է ողջ կյանքի ընթացքում ամենօրյա գործողություններ կատարելու համար (ինքնասպասարկում, շփում, սոցիալական ակտիվություն և այլն)։ Այս կարողությունների պահպանումը համարվում է առողջ ծերացման հիմնական ցուցիչներից մեկը։
Կանադական ծերացման երկայնական ուսումնասիրության (CLSA) շրջանակներում ավելի քան 13,000 մարդկանց տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ՝
Ընդհակառակը, ծխելը և քնի խանգարումները (թե՛ չափազանց քիչ, թե՛ չափից շատ քնելը) բացասաբար են անդրադառնում մարդու ներքին կարողությունների և ընդհանուր առողջության վրա:
Կարևոր է նշել, որ գենետիկան փոփոխում է վարքագծային և սոցիալական գործոնների ազդեցության ուժը։ Այլ կերպ ասած՝ նույն ապրելակերպը կարող է տարբեր կերպ անդրադառնալ մարդկանց առողջության և օրգանիզմի կենսունակության վրա՝ կախված նրանց գենետիկ տվյալներից։
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ սա չի նշանակում, թե գեներն են որոշում ամեն ինչ։ Պարզապես այն, թե ինչպես է մեր օրգանիզմն արձագանքում սովորություններին, կենսակերպին և սոցիալ-տնտեսական պայմաններին, մասնակիորեն կախված է գենետիկական նախատրամադրվածությունից։
Գիտնականները նաև նկատել են, որ գենետիկական գործոնների ազդեցությունը հատկապես տեսանելի է միջին տարիքում (մոտավորապես 45-ից 64 տարեկան)։ Սա փաստում է այն մասին, որ կուտակված փորձը, ապրելակերպը և սոցիալական պայմանները տարիքի հետ ավելի մեծ նշանակություն են ստանում։ Այնուամենայնիվ, այնպիսի գործոնները, որոնք մենք կարող ենք փոխել՝ օրինակ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը և հասարակական կյանքին մասնակցությունը, վճռորոշ են մնում նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր չունեն այնքան բարենպաստ գենետիկական տվյալներ։
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ այս արդյունքները ճանապարհ են հարթում հատուկ կանխարգելիչ ծրագրերի և առողջապահական միջոցառումների ստեղծման համար։ Դրանք նպատակ կունենան պահպանել մարդկանց կենսունակությունը և կյանքի որակը՝ հասուն և տարեց հասակում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day