Ջոնս Հոփկինսի համալսարանի հետազոտողները պարզել են, որ սովորությունների ձևավորումը կարող է տեղի ունենալ ոչ թե սահուն ու աստիճանաբար ձևով, ինչպես ընդունված էր կարծել ավելի քան հարյուր տարի, այլ կտրուկ ձևով։ Այլ կերպ ասած՝ վարքագիծը բառացիորեն «փոխարկվում» է գիտակցված վիճակից ավտոմատի։ Աշխատությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում:
Գիտության մեջ երկար ժամանակ գերիշխել է այն տեսակետը, որ սովորությունները ձևավորվում են կրկնությունների դանդաղ կուտակման միջոցով. որքան հաճախ է մարդը կատարում նույն գործողությունը, այնքան ժամանակի ընթացքում քիչ է գիտակցում այն:
Սակայն նոր տվյալները փաստում են, որ այս գործընթացը կարող է լինել շատ ավելի կտրուկ և ոչ գծային:
Այս վարկածը ստուգելու համար գիտնականները մշակել են փորձարարական մոդել, որը թույլ է տալիս իրական ժամանակում հետևել կենդանիների վարքագծին:
Ի տարբերություն դասական մոտեցումների, որտեղ վարքագիծը գնահատվում է միայն ուսուցման վաղ և ուշ փուլերում, նոր մեթոդիկան հնարավորություն է տվել անմիջապես ընթացքում որսալ «նպատակաուղղված գործողությունից» դեպի «սովորություն» անցման պահը:
Փորձի ընթացքում մկները հնարավորություն են ունեցել խմել այնպիսի ջուր, որի համն իրենց դուր չի եկել, սակայն որոշակի ձայնային ազդանշանին արձագանքելու դեպքում նրանք կարողացել են ստանալ դրա ավելի հաճելի տարբերակը։ Քանի որ կենդանիներն ուժեղ ծարավ չեն զգում, նրանց վարքագիծը մնացել է ճկուն. նրանք մեկ արձագանքել են ազդանշանին, մեկ՝ անտեսել այն։
Սակայն ինչ-որ պահի տեղի է ունեցել կտրուկ անցում. մկները սկսել են կայուն կերպով արձագանքել ձայնին՝ անկախ նրանից, թե տվյալ պահին ցանկացել են ստանալ հենց այդ համեղ ջուրը, թե ոչ։ Սա նման է եղել ռազմավարության ակնթարթային «փոխարկման»։
Ուղեղի ակտիվության դիտարկումները ցույց են տվել, որ այդ պահին, ամենայն հավանականությամբ, միանում է որոշակի նեյրոնային մեխանիզմ, որն էլ հենց կառավարում է գիտակցված գործողությունից ավտոմատ վարքագծի
Հետաքրքիր է, որ հնարավոր է նաև հակառակ անցումը. պայմանների փոփոխության դեպքում որոշ կենդանիներ, նույնիսկ կայուն սովորությունների շրջանից հետո, վերադարձել են ավելի գիտակցված ու նպատակաուղղված վարքագծի։ Սա կասկածի տակ է դրել այն պատկերացումը, թե սովորությունները անդառնալի կառույցներ են:
Աշխատության հեղինակները նշել են, որ ստացված արդյունքները կարող են կարևոր նշանակություն ունենալ վարքագծային կայուն մոդելների հասկացման և շտկման համար՝ սկսած վատ սովորություններից մինչև տարբեր կախվածություններ։ Եթե նման «փոխարկման» մեխանիզմ իրոք գոյություն ունի, ապա տեսականորեն հնարավոր կլինի ազդել դրա վրա՝ վարքագիծն ավտոմատ ռեժիմից նորից հետ բերելով գիտակցված դաշտ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day