Աղիքային միկրոբիոմը դարձել է առողջության և բարեկեցության ոլորտի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Աղիքներում բնակվող բակտերիաների և այլ միկրոօրգանիզմների հսկայական համայնքն ազդում է ոչ միայն մարսողության, այլև իմունիտետի, նյութափոխանակության, տրամադրության, ուղեղի աշխատանքի և օրգանիզմի շատ այլ գործընթացների վրա։ Սակայն մասնագետները զգուշացնում են՝ միկրոբիոմի «օպտիմալացման» վերաբերյալ շատ առևտրային արտադրանքներ և խորհուրդներ առաջ են անցնում իրական գիտական տվյալներից։
Միկրոբիոմի հետազոտությունների գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ լիովին առողջ մարդկանց շրջանում աղիքային միկրոֆլորայի կազմը կարող է էականորեն տարբերվել։ Դրա վրա ազդում են սնունդը, գենետիկան, ապրելակերպը, բնակության վայրը և բազմաթիվ այլ գործոններ։
Այսօրվա դրությամբ գիտնականները չունեն միասնական սահմանում այն մասին, թե ինչպիսին պետք է լինի առողջ միկրոբիոմը։ Ի տարբերություն խոլեստերինի մակարդակի կամ զարկերակային ճնշման, գոյություն չունի մեկ ցուցանիշ, որը հնարավորություն կտար օբյեկտիվորեն գնահատել աղիքների առողջությունը։
Ընդսմին, հետազոտողներն առանձնացնում են մի շարք հատկանիշներ, որոնք սովորաբար կապված են միկրոբիոմի բարենպաստ վիճակի հետ։ Դրանց թվում են՝ միկրոօրգանիզմների բազմազանությունը, սթրեսային ազդեցությունների նկատմամբ կայունությունը (մասնավորապես՝ հիվանդությունները կամ հակաբիոտիկները), ինչպես նաև խանգարումներից հետո արագ վերականգնվելու ունակությունը։
Գիտնականները հայտնաբերել են բակտերիալ մի շարք խմբեր, որոնք հաճախ հանդիպում են առողջ մարդկանց օրգանիզմում և կարևոր գործառույթներ են իրականացնում։ Սակայն մասնագետները զգուշացնում են, որ մանրէները «լավերի» ու «վատերի» բաժանելը չափազանց պարզեցնում է իրական պատկերը։
Այսօր միկրոբիոմն ավելի ու ավելի հաճախ դիտարկվում է որպես միասնական էկոհամակարգ։ Առողջական խնդիրները կարող են առաջանալ ոչ թե մեկ կոնկրետ միկրոօրգանիզմի պատճառով, այլ ամբողջական միկրոբային համայնքների անհավասարակշռության հետևանքով։
Խոշոր միջազգային հետազոտությունները հայտնաբերել են բակտերիաների մի քանի խմբեր, որոնք կապված են օրգանիզմի կայունության և առողջական լավ վիճակի հետ, ներառյալ՝ Roseburia, Eubacterium, Faecalibacterium, Allistipes և Bacteroides խմբերը։ Դրանցից շատերը մասնակցում են սննդային մանրաթելերի խմորմանը և օգտակար կարճ շղթայով ճարպաթթուների արտադրությանը։
Օրինակ՝ Roseburia ցեղի բակտերիաներն արտադրում են բուտիրատ՝ նյութ, որը սնուցում է հաստ աղիքի բջիջները, պահպանում է աղիքային պատնեշը և խոչընդոտում ախտածին միկրոօրգանիզմների բազմացմանը։ Սակայն նույնիսկ երկու առողջ մարդկանց օրգանիզմում միկրոբիոմը կարող է էապես տարբերվել, ինչը նշանակում է, որ միևնույն դիետաներն ու միջամտությունները կարող են տարբեր արդյունքներ տալ։
Սոցիալական ցանցերը հաճախ այնպիսի տպավորություն են ստեղծում, թե ժամանակակից ապրելակերպն ամբողջությամբ կործանել է մարդու միկրոբիոմը։ Սակայն հետազոտողները նման տեսակետը չափազանց հասարակ են համարում։
Իրոք, արդյունաբերական ապրելակերպը, հակաբիոտիկների լայն կիրառումը, մանրաթելերով աղքատ սննդակարգը, ֆիզիկական ակտիվության պակասը և այլ գործոններ իրենց ազդեցությունն են թողնում միկրոբիոմի վրա, և ոչ միշտ դեպի լավը։
Այնուամենայնիվ, գիտնականները զգուշացնում են, որ մեր նախնիների միկրոբիոմը չի կարելի ավտոմատ կերպով ավելի առողջ համարել։ Այն էվոլյուցիայի է ենթարկվել մարդու հետ միասին և հարմարվել է ժամանակակից պայմաններին։ Որոշ միկրոօրգանիզմներ, որոնք լայնորեն տարածված էին անցյալում, այսօր ճանաչված են որպես խոցային հիվանդության և ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոններ։
Ուստի միկրոբիոմի փոփոխությունները պետք է դիտարկել մարդու էվոլյուցիայի համատեքստում, այլ ոչ թե որպես դրա լիակատար կործանման վկայություն։
Աղիքների առողջության հանդեպ հետաքրքրության աճին զուգընթաց՝ արագորեն զարգանում է միկրոբիոմի ինքնուրույն վերլուծության համար նախատեսված թեստերի շուկան։ Սովորաբար դրանք հիմնված են կղանքի նմուշների հետազոտության վրա և բակտերիաների կազմի, նյութափոխանակության արգասիքների և նույնիսկ աղիքների վիճակի անհատական գնահատականի վերաբերյալ տվյալներ են տրամադրում։
Թեև այս գաղափարը գրավիչ տեսք ունի, շատ մասնագետներ կասկածում են նման թեստերի գործնական արժեքի վրա։ Քանի որ առողջ միկրոբիոմի միասնական ստանդարտ գոյություն չունի, իսկ մարդկանց միջև տարբերությունները շատ մեծ են, արդյունքների մեկնաբանումը չափազանց դժվար է լինում։
Բացի դրանից, հետազոտությունները ցույց են տալիս, որ միևնույն նմուշը տարբեր լաբորատորիաներում կարող է տարբեր արդյունքներ տալ՝ վերլուծության մեթոդների տարբերության պատճառով։ Շատ առևտրային թեստեր նաև չեն անցնում որակի այնպիսի խիստ վերահսկողություն, ինչպիսին անցնում են բժշկական ախտորոշիչ հետազոտությունները։
Ապրելակերպի բոլոր գործոնների թվում հենց սնունդն է, ըստ ամենայնի, ամենամեծ ազդեցությունը գործում աղիքային միկրոբիոմի կազմի և գործառույթների վրա։ Հետազոտությունները հետևողականորեն ցույց են տալիս, որ սննդային սովորությունները միկրոբային համայնքները ձևավորում են ավելի ուժեղ, քան շրջակա միջավայրի շատ այլ գործոններ։
Մանրաթելերով հարուստ մթերքները, ներառյալ՝ բանջարեղենը, մրգերը, ընդեղենը, ամբողջական հատիկավորները, ընկուզեղենը և սերմերը, սննդի աղբյուր են աղիքային օգտակար բակտերիաների համար։ Մշակելով մանրաթելերը՝ միկրոօրգանիզմներն արտադրում են կարճ շղթայով ճարպաթթուներ, որոնք պահպանում են աղիքների և իմունային համակարգի առողջությունը։
Ընդհակառակը, ուլտրա-վերամշակված (խոր տեխնոլոգիական վերամշակման ենթարկված) և մանրաթելերի ցածր պարունակությամբ սննդակարգը կապված է միկրոբիոմի բազմազանության նվազման և աղիքներում ոչ այնքան բարենպաստ մետաբոլիկ գործընթացների հետ։ Գիտնականներն ընդգծում են, որ երկարատև սննդային սովորություններն ավելի կարևոր են, քան կարճատև դիետիկ փորձարկումները։
Պրոբիոտիկների հանրաճանաչությունը հանգեցրել է այն տարածված կարծիքին, թե կենսաբանական ակտիվ հավելումները աղիքների առողջությունը բարելավելու ամենապարզ միջոցն են։ Սակայն հետազոտողները զգուշացնում են, որ նմանատիպ շատ ապրանքների ապացուցողական բազան դեռևս սահմանափակ է։
Պրոբիոտիկների որոշ շտամներ կարող են օգտակար լինել որոշակի հիվանդությունների դեպքում, սակայն համոզիչ տվյալներն այն մասին, որ դրանք կայուն կերպով բարելավում են մարդկանց մեծամասնության առողջությունը, առայժմ բավարար չեն։ Բացի դրանից, բակտերիաների տարբեր շտամներ կարող են լիովին տարբեր ազդեցություններ ունենալ։
Փորձագետներն ընդգծում են, որ սննդային հավելումները չպետք է դիտարկվեն որպես լիարժեք սննդակարգի փոխարինող։ Դեպքերի մեծամասնությունում սննդի որակի բարելավումը միկրոբիոմի վրա շատ ավելի մեծ ազդեցություն է թողնում, քան ինքնին պրոբիոտիկների ընդունումը։
Միկրոբիոմի հետազոտությունների ամենախոստումնալից ուղղություններից մեկը անհատականացված սնունդն է։ Գիտնականներն ավելի ու ավելի հաճախ են հանգում այն եզրակացության, որ մարդիկ տարբեր կերպ են արձագանքում միևնույն մթերքներին՝ գենետիկայի, նյութափոխանակության, ապրելակերպի և աղիքների միկրոբիոտայի կազմի տարբերությունների պատճառով։
Օրինակ՝ այն մթերքը, որը մեկ մարդու օրգանիզմում արյան մեջ շաքարի մակարդակի չափավոր արձագանք է առաջացնում, մեկ ուրիշի օրգանիզմում կարող է հանգեցնել զգալիորեն ավելի կտրուկ ազդեցության։ Հետազոտողները հույս ունեն, որ ապագայում սննդի վերաբերյալ հանձնարարականները հնարավոր կլինի հարմարեցնել՝ հաշվի առնելով անհատական կենսաբանական առանձնահատկությունները, ներառյալ՝ միկրոբիոմի բնութագրերը։
Թեև գիտության այս ճյուղը դեռևս զարգացման վաղ փուլում է, այն կարող է օգնել բացատրել, թե ինչու գոյություն չունի մեկ միասնական դիետա, որը հավասարապես արդյունավետ կլինի բոլոր մարդկանց համար։
Չնայած միկրոբիոմի հետազոտությունների հանդեպ մեծ հետաքրքրությանը՝ մասնագետները համամիտ են, որ դրա առողջության պահպանմանն ուղղված շատ խորհուրդներ մնում են բավականին ավանդական։ Թանկարժեք թեստերի, հավելումների և նորաձև մեթոդիկաների փոխարեն մարդկանց մեծամասնության համար ավելի օգտակար է հետևել առողջ ապրելակերպի ստուգված սկզբունքներին։
Հետազոտողները սովորաբար հանձնարարում են բազմազան սնունդ՝ բուսական մթերքների գերակշռությամբ, մանրաթելերի բավարար օգտագործում, կանոնավոր ֆիզիկական ակտիվություն, լիարժեք քուն, հակաբիոտիկների խելամիտ կիրառում և խրոնիկական սթրեսի մակարդակի նվազեցում։
Թեև գիտությունը շարունակում է բացահայտել միկրոբիոմի աշխատանքի նորանոր մանրամասներ, ամենահամոզիչ ապացույցները նախկինի պես սատարում են պարզ ու կայուն սովորությունները, որոնք նպաստում են ընդհանուր առողջության ամրապնդմանը։ Առողջ միկրոբիոմի պահպանումը կապված է ոչ թե «հրաշագործ միջոցի» որոնման, այլ ամբողջ օրգանիզմի առողջության մասին հետևողական հոգատարության հետ։
Եզրակացություն
Աղիքային միկրոբիոմը վճռորոշ դեր է խաղում մարդու առողջության պահպանման գործում՝ ազդելով մարսողության, իմունիտետի, նյութափոխանակության և նույնիսկ ուղեղի ֆունկցիաների վրա։ Թեև այս բարդ էկոհամակարգի ընկալումը շարունակում է զարգանալ, հետազոտողները համակարծիք են, որ դրա բազմազանությունը, կայունությունը և հավասարակշռված աշխատանքը աղիքների առողջության հիմնական հատկանիշներն են։
Ժամանակակից տվյալները վկայում են, որ միկրոբիոմի աջակցության ամենաարդյունավետ միջոցները շարունակում են մնալ առողջ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը, որակյալ քունը և այլ օգտակար սովորությունները, այլ ոչ թե կասկածելի թեստերը կամ թանկարժեք հավելումները։ Ապագայում անհատականացված մոտեցումները կարող են ավելի լայն տարածում գտնել, սակայն արդեն այսօր առողջ ապրելակերպի հիմնական սկզբունքները մնում են միկրոբիոմի մասին հոգ տանելու ամենահուսալի միջոցը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day