Հայաստանում այս պահին Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքեր չեն արձանագրվել։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնել են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ)։
«Եթե դրսից բերված դեպքեր լինեին, դրանք կգրանցվեին։ Այս պահին մեզ մոտ նման դեպքեր չկան։ Հետազոտություններ են իրականացվել նաև փոխանցողների շրջանում, սակայն վիրուս չի հայտնաբերվել»,- ընդգծել են ՀՎԿԱԿ-ից։
Կենտրոնից նշել են, որ հիվանդությունը հանդիպում է Եվրոպայի առանձին շրջաններում, որտեղ այն ավելի բնորոշ է տվյալ տարածքին, սակայն Հայաստանն այդ տարածքների հետ ուղղակիորեն կապված չէ։
Հիշեցնենք, որ եվրոպական մի շարք երկրներում արձանագրվել են Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման դեպքեր։ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) տվյալներով՝ վիրուսի փոխանցման շրջանի սկզբից ի վեր տեղական վարակման դեպքեր են գրանցվել Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Ռումինիայում և Հյուսիսային Մակեդոնիայում։
Եվրոպայում Արևմտյան Նեղոսի տենդ է տարածվում. Հունաստանում գրանցվել է վարակման 21 դեպք
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) մասնագետները նշում են, որ վիրուսի տարածումը կախված է եղանակային պայմաններից, մոծակների քանակից և չվող թռչունների քանակից։ Այս կապակցությամբ Եվրոպայի առողջապահական մարմինները պարբերաբար թարմացված տվյալներ են հրապարակում և բնակչությանը խորհուրդ տալիս օգտագործել մոծակների խայթոցներից պաշտպանող միջոցներ։
Հիշեցնենք, որ 2024 թվականին ՀՀ-ում արձանագրվել է Արեւմտյան Նեղոսի տենդ հիվանդության 132 դեպք, որից 4-ը մահվան ելքով, 2025թ․ ընթացքում արձանագրվել է 2 դեպք, իսկ 2026թ․-ին հիվանդության դեպքեր փաստացի դեռ չեն արձանագրվել։
Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող վիրուսային հիվանդություն է: Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։ Վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ հիվանդությունն ընթանում է անախտանիշ, 18-19% դեպքերում միջին ծանրությամբ, 1 %-ի մոտ կարող է զարգանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day