Բոստոնի համալսարանի Չոբանյանի և Ավեդիսյանի անվան բժշկական դպրոցի մասնագետները զգալի բացթողումներ են հայտնաբերել տրանսգենդեր պացիենտներին սեռը հաստատող մաստէկտոմիա («թոփ-վիրահատություն») նշանակելիս կրծքագեղձի ու կրծքավանդակի քաղցկեղի ռիսկերը գնահատելու գործընթացում։
Ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, բազմաթիվ տրանսգենդեր և գենդերային առումով բազմազան (TGD) անձինք դիմում են վիրահատության՝ լիարժեք պատկերացում չունենալով այն մասին, թե միջամտությունն ինչպես կանդրադառնա իրենց կյանքի ընթացքում քաղցկեղի առաջացման հավանականության վրա։ Որոշ դեպքերում անտեսվում է նաև ուռուցքաբանական հիվանդությունների ժառանգական հակվածության ստուգումը, չնայած այդ տվյալները կարող են վճռորոշ լինել վիրահատական մեթոդի ընտրության և հետագա կանխարգելման հարցում։
Հետազոտության հեղինակները պարզել են, որ նախավիրահատական փուլում քաղցկեղի ռիսկերի գնահատումը ներառելուն խանգարում են մի շարք համակարգային խնդիրներ։ Դրանց թվում են բուժհաստատությունների հստակ պատասխանատվության բացակայությունը, կլինիկական անհամապատասխան ուղեցույցները, բուժօգնության ստանդարտացված ընթացակարգերի բացակայությունը և սեռը հաստատող բուժօգնություն տրամադրող բազմամասնագիտական թիմերում գենետիկական խորհրդատվության սահմանափակ հասանելիությունը։
Այս արդյունքները համահունչ են նախկինում անցկացված ուսումնասիրությանը, որտեղ պացիենտները ևս փաստել էին, որ վիրահատությունից առաջ և հետո բավարար տեղեկացված չեն եղել քաղցկեղի զարգացման ռիսկերի մասին։
«Անկախ նրանից՝ մարդը տրանսգենդեր է, թե ցիսգենդեր, նա ունի քաղցկեղի ռիսկի վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու և կանխարգելիչ միջոցներից օգտվելու իրավունք։ Այսօր տրանսգենդեր անձանց մոտ ուռուցքաբանական հիվանդությունները հաճախ հայտնաբերվում են ավելի ուշ ու վտանգավոր փուլերում, քան ցիսգենդեր պացիենտների մոտ»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, գենետիկական խորհրդատու և Բոստոնի համալսարանի Չոբանյանի և Ավեդիսյանի անվան բժշկական դպրոցի դոցենտ Կիմ Զայխովսկին։
Նրա պնդմամբ՝ առանձին մասնագետների անհատական նախաձեռնողականության վրա հենվելու փոխարեն, բուժհաստատությունները պետք է ձևավորեն համակարգային ենթակառուցվածք, որը բոլոր տրանսգենդեր պացիենտներին հնարավորություն կտա մինչև վիրահատական որոշում կայացնելը քաղցկեղի ռիսկերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալ։
Հետազոտությունը հիմնված է երկու որակական ուսումնասիրության վրա։ Առաջինի շրջանակում հարցվել է 16 տրանսգենդեր պացիենտ՝ կրծքագեղձի ու կրծքավանդակի քաղցկեղի ռիսկերի գնահատման և «թոփ-վիրահատության» ենթարկվելու անձնական փորձի վերաբերյալ։ Երկրորդում հետազոտողները հարցազրույցներ են անցկացրել 20 բուժաշխատողի հետ (ներառյալ առաջնային օգնության բժիշկներ, գենետիկական խորհրդատուներ, ուռուցքաբաններ և պլաստիկ վիրաբույժներ)՝ պարզելու առկա պրակտիկան և նման պացիենտների ռիսկերի գնահատման հիմնական խոչընդոտները։
Հեղինակները եզրակացրել են, որ թեև շատ բուժաշխատողներ պատրաստակամ են բարելավել տրամադրվող խնամքը, ներկայումս չկան միասնական մոտեցումներ քաղցկեղի ռիսկերի քննարկման, վիրահատությունից հետո հետագա սկրինինգի և ժառանգական նախատրամադրվածություն ունեցողների մոտ հյուսվածքների ավելի լայն հեռացման անհրաժեշտության վերաբերյալ։
Այս բացերը լրացնելու նպատակով հետազոտողները մշակում են CHESTcare (Cancer & Hereditary Risk Education & Support for Transgender and Nonbinary Individuals) առցանց հարթակը, որը կմիավորի քաղցկեղի ու ժառանգական ռիսկերի մասին կրթական ռեսուրսները սքրինինգի վերաբերյալ իրազեկված որոշումներ կայացնելու գործիքների հետ (սեռը հաստատող բուժօգնության շրջանակներում)։ Նախագիծը նախատեսված է լինելու ինչպես պացիենտների, այնպես էլ բուժաշխատողների համար։
Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Breast Cancer Research and Treatment պարբերականում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day