Կարո՞ղ է արդյոք մեր մտածողությունը փոխել մեր մարմինը ընդամենը մեկ շաբաթում։ Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ պատասխանը կարող է դրական լինել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Communications Biology ամսագրում։
Գիտնականները պարզել են, որ մեդիտացիայի նման պարզ մտային պրակտիկաները կարող են արագորեն փոխել ուղեղի ակտիվությունը, օրգանիզմի քիմիական կազմը և նույնիսկ բջիջների վարքագիծը։ Այս փոփոխություններն աննշան չեն․ դրանք ազդում են առողջությունը վերահսկող համակարգերի վրա։
Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են մտքի և մարմնի միջև առկա այս հզոր կապը, փոխանցում է Planet Today-ը։ Նրանց եզրահանգումները ցույց են տալիս, որ նպատակաուղղված մտավոր պրակտիկան կարող է իրական և չափելի փոփոխությունների հանգեցնել ամբողջ օրգանիզմում։
Հետազոտությանը մասնակցել է 20 առողջ չափահաս, որոնք միացել են յոթօրյա ռետրիտին։ Ծրագիրը ներառել է մեդիտացիա, դասախոսություններ և առողջարարական միջոցառումներ։ Մասնակիցները շատ ժամեր են անցկացրել՝ ուսումնասիրելով, թե ինչպես կարող է միտքը ձևավորել մարմինը և ինչպես կարող է ուշադրությունը փոխել ընկալումը։
Ծրագիրը միավորել է երեք առանցքային մեթոդ։ Մեդիտացիան օգնել է մասնակիցներին կենտրոնացնել ուշադրությունը։ Վերաիմաստավորումն օգնել է նրանց փոխել սեփական մարմնի և առողջության մասին պատկերացումները։ Բուժիչ աշխատանքները գործել են բաց պիտակավորմամբ պլացեբոյի նման, երբ մարդիկ գիտեին, թե ինչ է տեղի ունենում, բայց միևնույն է, իրական ազդեցություն էին զգում։ Գիտնականները ցանկանում էին տեսնել, թե ինչ տեղի կունենա, երբ այս բոլոր մեթոդները գործեն միասին։ Նախկինում նման համադրությունը երբեք մանրամասն չէր ուսումնասիրվել։
Ուղեղի սկանավորման արդյունքները ռետրիտից հետո ակնհայտ փոփոխություններ են ցույց տվել։ Ակտիվությունը նվազել է այն հատվածներում, որոնք կապված են չափից ավելի մտածելու և կենտրոնացվածության հետ։ Այս հատվածները ուղեղի պասիվ ռեժիմի ցանցի (DMN) մի մասն են, որը հաճախ ակտիվ է մնում, երբ մտքերը ցրվում են։
Ուղեղը դարձել է ավելի արդյունավետ։ Ուղեղի տարբեր հատվածներ սկսել են ավելի ճկուն կերպով փոխազդել՝ ապահովելով տեղեկատվության ավելի լավ հոսք։ Սա նշանակում է, որ ուղեղը կարողացել է ավելի արագ հարմարվել և ավելի լավ արձագանքել նոր իրավիճակներին։ Մեդիտացիան թուլացրել է գլխուղեղի նեյրոնային ցանցերի կոշտ նմուշօրինակները։ Սա թույլ է տվել ուղեղին դուրս գալ կոշտ մտածողության վիճակից և դառնալ ավելի բաց ու գիտակից։ Գիտնականները սա նկարագրում են որպես տեղաշարժ դեպի առավել ճկուն հոգեկան վիճակ։
«Մենք արդեն գիտենք, որ այնպիսի պրակտիկաները, ինչպիսին մեդիտացիան է, կարող են ազդել առողջության վրա, բայց զարմանալին այն է, որ մեկ ռետրիտի շրջանակում մարմնի և մտքի ներդաշնակեցմանն ուղղված մի քանի պրակտիկաների համադրումը փոփոխությունների է հանգեցրել բազմաթիվ կենսաբանական համակարգերում, որոնք մենք կարողացանք անմիջականորեն չափել ուղեղում և արյան մեջ»,- այս մասին հայտնել է հետազոտության համահեղինակ Հեմալ Հ. Պատելը։
Օրգանիզմում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել։ Արյան անալիզները ցույց են տվել, որ բջիջներն սկսել են ավելի լավ էներգիա արտադրել։ Պարզ ասած՝ օրգանիզմը բարելավել է վառելիքի օգտագործումը գործելու համար։
Գիտնականները հայտնաբերել են նաև նեյրոպլաստիկության նշաններ։ Դա ուղեղի՝ աճելու և նոր կապեր ձևավորելու ունակությունն է։ Երբ հետազոտողները լաբորատորիայում աճեցված նյարդային բջիջների վրա ազդել են ռետրիտից հետո մասնակիցների վերցված արյամբ, բջիջները դարձել են ավելի երկար և ձևավորել ավելի ամուր կապեր։
Ուղեղի աճի հետ կապված որոշ սպիտակուցների մակարդակը բարձրացել է։ Այս սպիտակուցներն օգնում են նեյրոններին գոյատևել և կապեր հաստատել, ինչը նպաստում է ուսուցմանն ու հիշողությանը։ Բացի այդ, օրգանիզմում փոխվել է նյութափոխանակությունը։ Բջիջներն սկսել են ավելի շատ հենվել էներգիայի արագ արտադրության վրա, ինչը կարող է օգնել ուղեղին ակտիվ և ընկալունակ մնալ մեդիտացիայի ընթացքում։
Հետազոտողները հայտնաբերել են բնական ցավազրկող նյութերի քանակի ավելացում։ Դրանց թվում են այնպիսի նյութերը, ինչպիսիք են բետա-էնդորֆինը և դինորֆինը, որոնք նվազեցնում են ցավը և բարեկեցության զգացում ստեղծում։ Դրան զուգահեռ ակտիվացել է իմունային համակարգը։ Ուժեղացել են ինչպես բորբոքային, այնպես էլ հակաբորբոքային ազդանշանները։ Սա կարող է շփոթեցնող թվալ, բայց իրականում վկայում է հավասարակշռության մասին։ Օրգանիզմը նախապատրաստվել է միաժամանակյա արձագանքմանն ու վերականգնմանը։
Գիտնականները կարծում են, որ նման հավասարակշռված արձագանքը կարող է նպաստել ապաքինմանն ու վերականգնմանը։ Այն կարող է նաև օգնել օրգանիզմին ավելի առողջ ձևով հարմարվել սթրեսին։
«Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ մեր միտքն ու մարմինը սերտորեն փոխկապակցված են․ մեր համոզմունքները, ուշադրությունը կենտրոնացնելու ձևը և այն պրակտիկաները, որոնց մասնակցում ենք, կարող են չափելի հետքեր թողնել մեր կենսաբանության վրա»,- ասել է հետազոտության համահեղինակ Ալեքս Ջինիչ Դիամանտը։
Մասնակիցները նաև հայտնել են ուժեղ մտավոր ապրումների մասին։ Շատերը զգացել են միասնության, գիտակցվածության և կապի զգացում։ Նման ապրումները հաճախ անվանում են միստիկ։ Ավելի խորն ապրումներ ունեցած մարդկանց մոտ նկատվել են նաև ավելի արտահայտված կենսաբանական փոփոխություններ։ Բարելավվել են ուղեղի կապերը, և օրգանիզմի արձագանքներն ավելի ուժեղ են դարձել։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ մեդիտացիայի մեջ մարդու սուզվելու խորությունը կարող է ազդել այն բանի վրա, թե որքանով է փոխվում նրա մարմինը։
Անսպասելի արդյունքներից մեկը բավականին շատ է աչքի ընկնում։ Մեդիտացիայից հետո ուղեղի ազդանշանների նմուշօրինակները նման են եղել պսիխոդելիկ նյութեր օգտագործելիս նկատվող պատերններին։ Հայտնի է, որ այդ նյութերը փոխում են ընկալումն ու գիտակցությունը։ Սակայն մասնակիցներն այս վիճակներին հասել են բնական ճանապարհով (պրակտիկայի միջոցով)։ Ոչ մի դեղամիջոց չի կիրառվել։
«Մենք նկատում ենք նույն միստիկ ապրումներն ու նեյրոնային կապերի պատերնները․ դրանք սովորաբար պահանջում են պսիլոցիբինի կիրառում, սակայն այժմ դրանց հասնում ենք բացառապես մեդիտատիվ պրակտիկայի միջոցով»,- ասել է Պատելը։
Այս հայտնագործությունը ցույց է տալիս, որ միտքն ունի հզոր սեփական վիճակը փոխելու համար նախատեսված գործիքներ։ Այժմ գիտնականները ցանկանում են ստուգել, թե արդյոք նման ծրագրերը կարող են օգնել ցավից, սթրեսից կամ հոգեկան խանգարումներից տառապող մարդկանց։
Արդյունքները ցույց են տալիս նաև, որ միտքն ու մարմինը գործում են որպես մեկ միասնական համակարգ։ Մտքերի, ուշադրության և համոզմունքների փոփոխությունները կարող են միաժամանակ ազդել նյութափոխանակության, իմունիտետի և ուղեղի ֆունկցիաների վրա։ Մեդիտացիան լոկ թուլացում չէ․ այն կարող է փոխել ուղեղի աշխատանքը և օրգանիզմի արձագանքը։ Պրակտիկայի շնորհիվ միտքը կարող է առողջության բարելավման հզոր գործիք դառնալ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day