Տնամերձ այգու առկայությունը կամ մի քանի զբոսայգիների հարևանությամբ ապրելը կապված է 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ։ Նման եզրահանգման են եկել ավստրալացի գիտնականները՝ ընդգծելով քաղաքաշինական պլանավորման մեջ կանաչ գոտիների պահպանման և ստեղծման կարևորությունը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ բավականաչափ մեծ տնամերձ այգի ունեցող մարդկանց մոտ 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը 6,8%-ով ավելի ցածր է եղել՝ այգի չունեցողների համեմատ։ Մի քանի զբոսայգու հարևանությամբ ապրողների մոտ հիվանդության զարգացման հավանականությունը նույնպես ավելի ցածր է ստացվել՝ 5,7%-ով։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Քվինսլենդի համալսարանը (The University of Queensland)։
Աշխատանքը հրապարակվել է BMC Public Health ամսագրում։ Հեղինակների կարծիքով՝ ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ նոր բնակելի թաղամասեր նախագծելիս անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել հանրային առողջապահության հարցերին և կանաչ տարածքների հասանելիությանը, հատկապես քաղաքային կառուցապատման խտության աճի ֆոնին։
Հետազոտության առաջատար հեղինակ, Քվինսլենդի համալսարանի Հանրային առողջապահության դպրոցից Չինոնսո Օդեբեատուն նշել է, որ բնակարանաշինության ժամանակակից միտումները ենթադրում են ավելի ու ավելի մեծ թվով բազմահարկ բնակելի համալիրների կառուցում, փոխարենը՝ զբոսայգիների և այլ կանաչ գոտիների պահպանումը պետք է դառնա քաղաքային պլանավորման առաջնահերթություններից մեկը։
Գիտնականները վերլուծել են 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող UK Biobank նախագծի ավելի քան 19 հազար մասնակցի տվյալները և գնահատել նրանց բնակության վայրերի շուրջ կանաչ տնկարկների քանակը, ներառյալ 800 մետր շառավղով գտնվող մասնավոր այգիներն ու զբոսայգիները։
Հետազոտողների խոսքով՝ տնամերձ այգիներն ու մոտակա զբոսայգիները կարող են նվազեցնել դիաբետի ռիսկը։ Դա տեղի է ունենում այն բանի շնորհիվ, որ դրանք նպաստում են ավելի մեծ ֆիզիկական ակտիվությանը, ավելացնում են արևի տակ գտնվելու տևողությունն ու վիտամին D-ի արտադրությունը, ինչպես նաև դրական են ազդում հոգեկան առողջության վրա։ Բացի այդ, մաքուր օդին կանոնավոր գտնվելը կարող է բարելավել աղիքային միկրոբիոտայի վիճակը և ամրապնդել իմունային համակարգը՝ շրջակա միջավայրի բազմազան միկրոօրգանիզմների հետ շփման հաշվին։
Հետազոտության հեղինակները հիշեցնում են, որ այսօր ամբողջ աշխարհում դիաբետով տառապում է ավելի քան 500 միլիոն մարդ, իսկ մինչև 2050 թվականը, ըստ կանխատեսումների, այս հիվանդությամբ մարդկանց թիվը կարող է հասնել 1,31 միլիարդի։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day