Կլիմայի փոփոխությունը և մոլորակի վրա ջերմաստիճանի բարձրացումն ի վիճակի են ազդել ոչ միայն շրջակա միջավայրի, այլև մարդկանց հոգեկան առողջության և վարքագծի վրա: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ցերեկային ավելի բարձր ջերմաստիճանը կապված է Մեքսիկայում և Բրազիլիայում ինքնասպանությունների և սպանությունների ռիսկի մեծացման հետ:
Չինաստանի Հարավային բժշկական համալսարանի և Սան Պաուլոյի համալսարանի գիտնականները վերլուծել են 2000-2019 թվականներին այդ երկու երկրներում մահացության և եղանակային պայմանների վերաբերյալ տվյալները: Nature Mental Health հանդեսում հրապարակված հետազոտությունը ներառել է ավելի քան 1,2 միլիոն մահվան դեպքերի վերլուծություն, որոնք պաշտոնապես դասակարգվել են որպես ինքնասպանություն կամ սպանություն:
Հետազոտողները մահվան օրվա օդի ջերմաստիճանը համեմատել են նույն տարածաշրջանում այլ համանման օրերի եղանակային պայմանների հետ: Վերլուծությունը ցույց է տվել, որ անգամ ջերմաստիճանի համեմատաբար աննշան բարձրացումը կապված է բռնի մահվան ռիսկի աճի հետ:
Բրազիլիայում միջին ջերմաստիճանի 1°C-ով բարձրացումն ուղեկցվել է սպանությունների ռիսկի 2,17%-ով և ինքնասպանությունների ռիսկի 2,78%-ով աճով: Մեքսիկայում ջերմաստիճանի նույնքան բարձրացումը կապված է եղել սպանությունների ռիսկի 1,80%-ով և ինքնասպանությունների ռիսկի 3,75%-ով աճի հետ:
Առավել արտահայտված կապ է նկատվել տղամարդկանց, խառնածին մարդկանց շրջանում, ինչպես նաև հանգստյան օրերին և տարվա տաք եղանակներին: Գիտնականները պարզել են նաև, որ սոցիալ-տնտեսական պայմանները կարող են ազդել այն բանի վրա, թե որքան ուժեղ է ջերմաստիճանն անդրադառնում ինքնասպանությունների և սպանությունների մակարդակի վրա:
Ըստ հետազոտության տվյալների՝ տարածաշրջանային միջին մակարդակից բարձր ջերմաստիճանը դիտարկվող ժամանակահատվածում կապված է եղել Բրազիլիայում ինքնասպանությունների և սպանությունների դեպքերի մոտ 10%-ի, իսկ Մեքսիկայում նման մահերի ավելի քան 12%-ի հետ:
Աշխատության հեղինակները նշում են, որ ստացված արդյունքներն ընդգծում են առողջապահության և հոգեբանական օգնության համակարգերի՝ կլիմայի տաքացման պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը։ Բնակչությանը շոգից պաշտպանելու միջոցառումները և խոցելի խմբերի համար աջակցության ընդլայնումը կարող են օգնել նվազեցնելու ջերմաստիճանի բարձրացման բացասական հետևանքները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day