• Latest news

Ինչ հիմքո՞վ է Ապահովագրության հիմնադրամը բուժհիմնարկներից գումար հետ պահանջում․ Ասոցիացիաները դիմել են նախարարին

20 օգոստոսի, 2026  20:40

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի՝ ամբուլատոր ծառայություններ մատուցող բուժհաստատություններից ու բժիշկներից գումարները հետ վերցնելու պահանջը չունի որևէ իրավական հիմնավորում։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը, որը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել այն մասին, որ ընտանեկան բժիշկներից հետ են պահանջում հունվարից ի վեր ստացած գումարների մի մասը։

Ոչ մի հիմնարկում ստուգում չի իրականացվե՞լ, գումարի չափը որոշե՞լ է ԱԲ-ն

Նա նշեց, որ ոչ մի ամբուլատոր հիմնարկում ստուգում չի իրականացվել, ուղղակի ինչ-որ ուսումնասիրության արդյունքում Հիմնադրամում գտել են, որ այդ գումարները պետք է հետ վերադարձվեն։ «Իմ ինֆորմացիայով արհեստական բանականությամբ ինչ-որ ֆիլտր են ստեղծել՝ գործիք, դրել են ու այդ գումարները ավտոմատ հաշվարկվել են», - ասաց նա։ Ըստ Անուշ Պողոսյանի, Հիմնադրամի գործողությունները, ներառյալ այն, որ Արմեդում հետին թվով գումարի չափ են փոխում, իրավական շատ հարցեր են առաջացնում։

Ի դեպ, այն որ Հիմնադրամը նաև պահանջել է, որ բժիշկները ձեռքով ուղղեն Արմեդ համակարգում գրանցված խորհրդատվությունների վճարները, օրինակ՝ 6000 դրամը դարձնելով 3000 դրամ, պարզ է դառնում բժիշկ Իդա Նավասարդյանի հրապարակած տեսանյութից, որտեղ նա ցույց է տալիս, որ այդ ուղղումն ուղղակի անհնար է ձեռքով կատարել։

Անուշ Պողոսյանը հավելեց, որ պահանջվող գումարները պետք է համամասնորեն հետ վերադարձնեն բուժհաստատություններն ու ընտանեկան բժիշկները, թերապևտներն ու մանկաբույժները։ «Հիմնադրամում այդ գումարի թիվը հաշվել են, բաժանել են ամիսների մեջ, ասում են ամեն ամիս քիչ-քիչ հետ տվեք», - ասաց նա։ Իրավապաշտպանը հիշեցրեց, որ ընտանեկան բժիշկներն ու թերապևտները միակ մասնագետներն էին, որոնք գումարային առումով իսկապես շահել էին առողջության ապահովագրության ներդրմամբ։ Մնացած մյուս մասնագետների եկամուտները խիստ կրճատվել էին։ «Իրենք միակ բժիշկներն էին, որոնք որ շահեցին այո, գոհ էին աշխատավարձից։ Մտածում էին, լարված աշխատում ենք, բայց ոչինչ էլի, բարձր աշխատավարձ կստանանք», - ասաց նա։ Մեր տեղեկություններով, յուրաքանչյուր հիմնարկից պահանջել են մի քանի միլիոն դրամ։

Ասոցիացիաները նամակ են ուղղել առողջապահության նախարարին

Երկու բժշկական միավորումներ՝ Հայաստանի ընտանեկան բժիշկների և Հայկական բժշկական ասոցիացիաները օրերս հրապարակել են առողջապահության նախարարին ուղղված նամակը, որն ուղարկվել է դեռևս օգոստոսի 5-ին։

Հրապարակելուց էլ գործընկերներին կոչ են արել «համբերատար սպասել վերջնական պարզաբանմանը»։ Թեպետ այս կոչի կարիքն էլ չկա երևի, բժիշկների մեծ մասը, միևնույն է, լուռ են։ «Համոզված ենք, որ բարձրացված բոլոր խնդիրները հնարավոր է լուծել կառուցողական երկխոսության և միասնական իրավական մոտեցման շրջանակում», - կարդում ենք ասոցիացիաների ֆեյսբուքյան հրապարակումներում։

Նամակում նրանք նշել են, որ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից բժշկական կազմակերպություններին է հասցեագրվել գրություն, համաձայն որի՝ ամբուլատոր բուժման կապակցությամբ ֆինանսավորված բազմաթիվ դեպքեր չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշման 8-րդ հավելվածում ընդգրկված ախտորոշումներին, և այդ դեպքերի համար տրամադրված գումարները ենթակա են վերադարձման։ Ասոցիացիաներն առաջարկել են տրամադրել ամբուլատոր բուժման ֆինանսավորման իրավական հիմքերի պարզաբանում և մինչև հարցի վերջնական հստակեցումը կասեցնել գումարների վերադարձի պահանջների կիրառումը։

Հիմնադրամի կողմից գումարների հետպահանջը իրավական հիմքեր չունի՞

Նամակում, մասնավորապես ասվում է, որ «արդեն իսկ հաստատված ու ֆինանսավորված դեպքերի գումարների վերադարձի պահանջը առաջացնում է մի շարք իրավական, ֆինանսական և գործնական հարցեր»։

Նշվում է, որ ​բժշկական կազմակերպությունները ծառայությունները գրանցել և ֆինանսավորման հայտերը ներկայացրել են գործող «Արմեդ» էլեկտրոնային համակարգի միջոցով՝ տվյալ պահին առկա տեխնիկական հնարավորությունների, հրապարակված պարզաբանումների և կիրառվող ընթացակարգերի հիման վրա։

«Եթե Հիմնադրամը գտնում է, որ դրանք չեն համապատասխանել սահմանված պահանջներին, անհրաժեշտ է գնահատել նաև՝

  • ինչու անհամապատասխանությունը չի հայտնաբերվել եռօրյա ստուգման ընթացքում և, փաստորեն թույլատրվել է աշխատել նույն ընթացակարգով,
  • ինչու հայտերը չեն մերժվել կամ վերադարձվել ճշգրտման,
  • ինչու են դրանք հաստատվել և ամիսներ շարունակ ֆինանսավորվել,
  • և արդյոք առկա է եղել էլեկտրոնային կամ ներքին վերահսկողության մեխանիզմի բաց։

Նման վերահսկողական բացի ամբողջ ֆինանսական հետևանքը միայն բժշկական կազմակերպությունների վրա դնելը չի կարող համարվել հիմնավորված և համաչափ», - ասվում է նամակում։

Ասոցիացիաները նաև հղում են անում վատթարացնող մեկնաբանության հետադարձ կիրառման անթույլատրելիության վրա ու նշում, որ  «նոր կամ հստակեցված կարգավորումը կարող է կիրառվել միայն դրա պաշտոնական հրապարակումից, բժշկական կազմակերպություններին պատշաճ ծանուցումից, կիրառման միասնական մեթոդաբանության տրամադրումից և էլեկտրոնային համակարգում համապատասխան կանխարգելիչ հսկողությունների ներդրումից հետո գրանցված դեպքերի նկատմամբ»։

Նաև հարց է բարձրացվում այն մասին, որ բժշկական կազմակերպությունները արդեն այդ գումարներից կատարել են ծախսեր և վճարել են հարկեր, և սկզբնական ֆինանսավորման ամբողջ գումարի վերադարձի պահանջը հաշվի չի առնում, որ դրա մի մասն այլևս բժշկական կազմակերպության տնօրինության տակ չէ։

Ասոցիացիաներն առաջարկել են մինչև հարցի ամբողջական իրավական, ֆինանսական և տեխնիկական հստակեցումը կասեցնել արդեն իսկ ֆինանսավորված ամբուլատոր բուժման դեպքերի գումարների վերադարձի վերաբերյալ բոլոր պահանջները, պարզաբանել հայտերի եռօրյա ժամկետում ստուգման և հաստատման իրավական նշանակությունն ու իմաստը, ինչպես նաև Հիմնադրամի՝ արդեն հաստատված և վճարված հայտերը հետագայում վերանայելու հիմքերը, ընթացակարգը և ժամկետները։

Առաջարկվել է նաև վերջնական հստակեցումից հետո հաստատել ամբուլատոր բուժման դեպքերի գրանցման, կոդավորման, ֆինանսավորման և վերահսկման միասնական գրավոր ուղեցույց և համապատասխան սահմանափակումները ներդնել էլեկտրոնային համակարգում այնպես, որ անհամապատասխան հայտը մերժվի կամ վերադարձվի ճշգրտման՝ նախքան դրա հաստատումն ու ֆինանսավորումը, իսկ նոր կամ հստակեցված կարգավորումը կիրառել միայն դրա պաշտոնական հրապարակումից, բժշկական կազմակերպություններին պատշաճ ծանուցումից և անհրաժեշտ տեխնիկական գործիքների ներդրումից հետո ներկայացված հայտերի նկատմամբ։

«Մինչև վերոնշյալ հարցերի վերջնական պարզաբանումը գումարների վերադարձի պահանջների կիրառման կասեցումն անհրաժեշտ է՝ բժշկական կազմակերպությունների նկատմամբ անհամաչափ ֆինանսական հետևանքները, աշխատողների դժգոհությունը, ոչ միատեսակ վարչարարությունը և հետագա իրավական վեճերը կանխելու համար։

Խնդրում ենք մինչև հարցի վերջնական լուծումը գրավոր հաստատել, որ վիճարկվող գումարների հետգանձման, հաշվանցման կամ հետագա ֆինանսավորումից պահումների գործընթացը կասեցվում է», - ասվում է նամակում։

«Գործնական խնդիրը պետք է գործնական սեղանի շուրջ լուծվի»

Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Գեղամ Խանդանյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ խոսել է Հիմնադրամի տնօրենի ԺՊ Սամվել Խարազյանի հետ, որն առաջարկել է քննարկումներ կազմակերպել։ Իր տեղեկություններով, բուժհիմնարկները, որոնք ստացել են Հիմնադրամի գրությունը գումարների հետպահանջի մասին, այն չեն ստորագրել, ինչը նշանակում է, որ դեռ համաձայնություն չեն տվել այդ գումարները վերադարձնելու վերաբերյալ։

Ընտանեկան բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Սամվել Հովհաննիսյանը NEWS.am Medicine-ին հայտնեց, որ նամակին գրավոր պատասխան առայժմ չեն ստացել, բայց նախարարությունից իրենց հրավիրել են քննարկման։ Չունեն նաև գրավոր հավաստիացում, որ գումարների հետգանձման ընթացքը կասեցվել է, սակայն բուժհաստատությունները առայժմ չեն սկսել այդ գործընթացը։

Ամեն դեպքում, ըստ Հովհաննիսյանի, փորձելու են հասնել նրան, որ արդեն վճարված գումարների վերաբերյալ պահանջը չեղարկվի, քանի որ, ինչպես նշել են նամակում, վատթարացնող նորմը հետադարձ ուժ չունի։

«Հետո թող նոր կանոններ դնեն, այդ օրվանից հաշվենք։ Հիմնադրամը երեք օր ստուգելուց հետո ընդունել է, փող էլ փոխանցել է։ Թող չընդունեին, եթե ընդունել են, ուրեմն մարդիկ էլ գիտեն, որ ընդունել են, հաջորդը նույն ձևի Արմեդում տեղադրել են», - պարզաբանեց նա, միաժամանակ հավելելով, որ իրենք չեն ուզում կոնֆրոնտացիայի գնալ, քանի որ ուղղակի գործնական խնդիր է, և «այդ գործնական խնդիրը պետք է գործնական սեղանի շուրջ լուծվի»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll