Կոլումբիայի և Բրաունի համալսարանների հետազոտողները հայտնել են ենթաստամոքսային գեղձի մետաստատիկ քաղցկեղի բուժման նոր մոտեցման վաղ կլինիկական հետազոտության հուսադրող արդյունքների մասին։ Արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է նոր ախտորոշված մետաստատիկ քաղցկեղով 11 հիվանդ, որոնք նախկինում բուժում չէին ստացել։ Նշանակվել է չորս դեղամիջոցի համակցություն՝ CXCR4 ռեցեպտորն արգելափակող մոտիքսաֆորտիդ, ցեմիպլիմաբ իմունային դեղամիջոց, ինչպես նաև գեմցիտաբին և նաբ-պակլիտաքսել քիմիաթերապևտիկ միջոցներ։
Հատկապես տպավորիչ է եղել մեկ հիվանդի արդյունքը։ Ուռուցքն այնքան լավ է արձագանքել բուժմանը, որ հիվանդին կարողացել են վիրահատել։ Հեռացված հյուսվածքի հետազոտությունը դրանում կենսունակ քաղցկեղային բջիջներ չի հայտնաբերել. բժիշկներն արձանագրել են լիարժեք պաթոլոգիական արձագանք։
Թերապիայի սկզբից ի վեր հիվանդն ավելի քան երեք տարի մնում է առանց հիվանդության նշանների, իսկ վիրահատությունից հետո՝ ավելի քան երկու տարի՝ առանց հավելյալ բուժում ստանալու։ Ենթաստամոքսային գեղձի մետաստատիկ քաղցկեղի դեպքում նման արձագանքը չափազանց հազվադեպ է համարվում։
Մասնակիցների մոտ առանց հիվանդության առաջխաղացման կյանքի միջին տևողությունը կազմել է 9,7 ամիս, իսկ ընդհանուր ապրելիությունը՝ 10,1 ամիս։ Համեմատության համար՝ գեմցիտաբինով և նաբ-պակլիտաքսելով ստանդարտ թերապիայի դեպքում այս ցուցանիշները սովորաբար կազմում են համապատասխանաբար մոտ երեք-չորս և վեց ամիս։
Գիտնականները կարծում են, որ արդյունքների գաղտնիքը ոչ միայն ուղղակիորեն ուռուցքի, այլև դրա միկրոմիջավայրի վրա ազդելն է։ Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը շրջապատված է հյուսվածքներով և իմունային բջիջներով, որոնք ստեղծում են արտահայտված իմունաճնշիչ միջավայր և փաստացի պաշտպանում ուռուցքն իմունային համակարգի հարձակումից։
Հետազոտողները կենտրոնացել են CXCR4/CXCL12 ազդանշանային ուղու վրա, որը մասնակցում է նման պաշտպանիչ միջավայրի ձևավորմանը։ Նախ մոտիքսաֆորտիդ դեղամիջոցն արգելափակում է CXCR4-ը և փոխում ուռուցքի միկրոմիջավայրը, ինչից հետո գործի են անցնում իմունաթերապիան և քիմիաթերապիան։ Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ դեղամիջոցների ներմուծման հաջորդականությունը սկզբունքային նշանակություն ունի։
Նոր մոտեցումը թույլ է տվել միաժամանակ ազդել ուռուցքը պաշտպանող մի քանի մեխանիզմների վրա։ Հետազոտությունը նաև օգնել է գիտնականներին հասկանալ, թե ինչու նույնիսկ արդյունավետ բուժումը ժամանակի ընթացքում կարող է դադարել գործել։ Արյան և ուռուցքային հյուսվածքի նմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ թերապիան իսկապես փոխում է ուռուցքի իմունային միջավայրը։ Սակայն ժամանակի ընթացքում քաղցկեղային բջիջների վրա հարձակվող T-լիմֆոցիտներն անցնում են ֆունկցիոնալ հյուծված վիճակի և կորցնում արդյունավետ իմունային պատասխանը պահպանելու ունակությունը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում