Պացիենտների հոգեկան առողջության անտեսումը լուրջ վիրահատությունից առաջ կարող է հետաձգել նրանց վերականգնումը, հատկապես տարեցների մոտ, վկայում է չորեքշաբթի JAMA Network Open ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը։
«Վիրահատության հետ կապված սթրեսը կարող է մեծացնել տագնապը և դեպրեսիվ ախտանիշները և ազդել պացիենտների վերականգնման և ընդհանուր առողջության վրա», - ասել է հետազոտության առաջատար հեղինակ Ջոաննա Աբրահամը։
Հեղինակները նշել են, որ նախավիրահատական նախապատրաստումը պետք է ներառի ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական աջակցություն որակավորված մասնագետների կողմից, ինչը հաճախ բացակայում է ներկայիս նախավիրահատական օգնության դեպքում։
«Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է վիրահատությունից առաջ մարմինը լավ վիճակում պահելը, բայց նույնքան կարևոր է նաև ձեր միտքն ու ուղեղը պատրաստելը», - նշել է ավագ հեղինակ Էրիկ Ջ. Լենզեն։
Հետագա ուղին պացիենտների նկատմամբ «համալիր» մոտեցումն է, հավելել է Մայքլ Ս. Ավիդանը, որն առաջարկում է համատեղել անեսթեզիոլոգիան և հոգեբուժությունը, տեղեկացրել է Euronews-ը։
Հետազոտությանը մասնակցել է 60 և ավելի բարձր տարիքի 306 մարդ, որոնց նշանակվել է սրտի, ուռուցքաբանության կամ օրթոպեդիկ վիրահատություն։ Պացիենտները բաժանվել են երկու խմբի։ Մեկը ստացել է միայն ինքնօգնության նյութեր՝ ինքնուրույն ուսումնասիրելու համար, մինչդեռ մյուսն ունեցել է 8-12 հեռախոսազրույց հոգեկան առողջության մասնագետի հետ (սոցիալական աշխատող կամ հոգեկան առողջության խորհրդատու)։ Երկրորդ խումբը նաև անցել է դեղագործների և բժիշկների կողմից անհատականացված դեղատոմսերի զննում՝ կողմնակի ազդեցությունների բարձր ռիսկ ունեցող դեղամիջոցների դեղաչափերը անվտանգ օպտիմալացնելու համար։
Վիրահատությունից երեք ամիս անց այն պացիենտները, որոնք շփվել են հոգեկան առողջության մասնագետների և դեղորայքի զննման հետ, ունեցել են դեպրեսիայի և տագնապի ախտանիշների 2.2-2.5 միավորով ավելի մեծ նվազում, քան նրանք, ովքեր ստացել են միայն կրթական նյութեր՝ հիմնվելով 48 միավորանոց սանդղակի վրա։
Ամենամեծ ազդեցությունը նկատվել է քաղցկեղի վիրահատության ենթարկված տարեցների մոտ. նրանց հոգեկան առողջության միավորները գրեթե հինգ միավորով ցածր են եղել, քան վերահսկիչ խմբում։
Պացիենտները տեղեկացրել են նաև լրացուցիչ աջակցության դրական փորձի մասին՝ թե՛ հոգեկան առողջության մասնագետների, թե՛ դեղագործների կողմից, որոնք օգնել են նվազեցնել դեղորայքի ավելորդ օգտագործումը։
«Օգնության այս մոդելի հեռանկարայնությունն այն է, որ այն իսկապես կարող է կիրառվել գործնականում», - ասել է Աբրահամը։ «Պացիենտները և բուժանձնակազմը ծրագիրը համարել են իրագործելի և հեշտությամբ ինտեգրվող առկա վիրաբուժական գործընթացներում։ Հոգեկան առողջության մասին պրոակտիվ խնամքը պարտադիր չէ, որ լրացուցիչ բեռ դառնա հիվանդանոցի համար»։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day