• Latest news

Հայաստանում ծխում է յուրաքանչյուր երկրորդ տղամարդը

12 հոկտեմբերի, 2015  12:41

Հայաստանում 16-ն անց տղամարդկանց շրջանում ծխելու ցուցանիշը 50 տոկոս է, այսինքն յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխում է: Այս մասին հոկտեմբերի 12-ին՝ Առանց ծխախոտի ազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը: 1999 թ. այդ ցուցանիշը կազմում էր 64-65 տոկոս:

Նրա խոսքով, 16-ն անց կանանց շրջանում ծխողները ամբողջ երկրում 3-4 տոկոս են կազմում,  իսկ Երեւանում ՝ 6-7 տոկոս, որոշ տարիքային խմբերում էլ այս ցուցանիշը 8 տոկոսի է հասնում: Սակայն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ կանանց վերաբերյալ վիճակագրությունը ճշգրիտ չէ, քանի որ շատ կանայք, հատկապես մարզերում բնակվողները, թաքցնում են, որ ծխում են:

Այսպիսով, մեծահասակ բնակչության շրջանում ծխողների ցուցանիշով Հայաստանը բարձր դիրքեր է զբաղեցնում աշխարհում ու տարածաշրջանում, բայց դեռահասների շրջանում ծխողների ցուցանիշով զգալիորեն զիջում է զարգացած երկրներին ու հարեւաններին: Սա բացատրվում է նրանով, որ մեր երկրում երեխաները ավելի երկար ժամանակ են մնում ծնողների վերահսկողության տակ: Ամենավտանգավոր տարիքը 15 տարեկանն է , այս տարիքային խմբում ծխելու ցուցանիշը կազմում է 10 տոկոս՝ տղաների, եւ1 տոկոս ՝ աղջիկների մոտ:

Ալեքսանդր Բազարչյանը պարզաբանեց, որ մեծահասակ ծխողների վիճակագրությունը ներառում է միայն այն մարդկանց, որոնք ծխում են կանոնավոր կերպով, ամեն օր, իսկ դեռահասաների վերաբերյալ վիճակագրությունն ընդգրկում է  նաեւ ոչ կանոնավոր ծխողներին, նաեւ նրանց, ովքեր գեթ մեկ անգամ փորձել են ծխել: Նա նաեւ նշեց, որ ամեն օր ծխողներն ավելի շատ են վտանգում իրենց առողջությունը, քանի որ ծխելով պայմանավորված հիվանդությունների զարգացման վտանգն աճում է ՝ օրվա ընթացքում ծխած ծխախոտների քանակին համընթաց:

Ինստիտուտի տնօրենը հայտնեց, որ սրանք անցած տարվա տվյալներն են, բայց 2015 թ. նոր հետազոտություն է արվելու, որի արդյունքները հայտնի կդառնան 2016 թ. սկզբին:

Հիշեցնենք, որ այսօր, հոկտեմբերի 12–ին, Հայաստանում նշվում է Առանց ծխախոտի ազգային օրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել