• Latest news

Հինգ հետաքրքիր փաստ մարդու քթի մասին

25 հոկտեմբերի, 2015  14:51

Քիթը միայն մեր արտաքինի այն մասը չէ, որը շատերը երազում են փոխել ու փոքրացնել: Քիթը շատ կարեւոր ու հետաքրքիր գործառույթներ ունի, որոնց մասին շատերը չեն էլ կռահում:

NEWS.am Medicine–ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ մարդու քթի մասին.

1. Քիթն օգնում է զուգընկեր գտնել

Մեզանից շատերը նույնիսկ չեն էլ գիտակցում թե ինչ դեր է մեր քիթը կատարում սեռական զուգընկերոջ որոնման հարցում: Մեր համակրանքն այս կամ այն մարդու նկատմամբ հաճախ պայմանավորված է նրանով,թե ինչ հոտ է գալիս նրա վրայից: Օծանելիքի կամ օճառի հոտը կարող է նույնիսկ գրգռել մեզ, չէ՞ որ մեր շնչառական համակարգը անմիջականորեն կապակցված է ուղեղի՝ գրգռվելու համար պատասխանատու ռեցեպտորների հետ:

Հետաքրքիր է նաեւ, որ հոտառության կորուստը նվազեցնում է մարդու լիբիդոն:

2. Քիթը ձեւավորում է մեր ձայնի հնչողությունը

Մարդու ձայնի հնչողությունը մեծամասամբ պայմանավորված է նրա կոկորդի, քթի խոռոչների ու քթի կառուցվածքով: Ձայնը, որը ստեղծվում է կոկորդում, իրականում նման է տհաճ բզզոցի, սակայն անցնելով կոկորդի ու քթի միջով ՝ այն փոխվում է, ավելի հարուստ ու հաճելի դառնում: Հարբուխով հիվանդ մարդու ձայնի փոխվելու պատճառը հենց այն է, որ այն չի կարողանում նորմալ անցնել քթի միջով:

3. Քիթն օգնում է ճանաչել ուտելիքի համը

Քթի շնորհիվ մենք կարող ենք ճանաչել ոչ միայն հոտը, այլեւ համը: Այն մարդը, ում քիթը լիքն է (կամ ում քիթը պարզապես սեղմում են՝ փորձի նպատակով), չի ընկալում սննդի համը, ու ամենայն հավանականությամբ չի կարողանա մի մթերքը մյուսից տարբերել:

Քիթը մեզ օգնում է ճանաչել նաեւ վտանգները՝ լինի դա ծուխ, թե փչացած մթերք:

4. Քիթը խոնավացնում ու մաքրում է օդը

Քիթը խոնավացնում ու մարքում է մեր շնչած օդը՝ այն դարձնելով ավելի անվնաս մեր թոքերի համար: Հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ բերանով շնչելու դեպքում կոկորդը կչորանա, չէ՞ որ այն չի կարողանա օդն այնպես խոնավացնել, ինչպես քիթն է անում: Նաեւ քիթը կարգավորում է օդի ջերմաստիճանը, որպեսզի այն քիչ թե շատ համապատասխանի մեր մարմնի ջերմաստիճանին:

Քիթը նաեւ հնարավորության սահմանում մաքրում է մեր շնչած օդը ալերգեններից, ծխից, մանրէներից, վիրուսներից ու այլ վնասակար նյութերից: Այդ ամենը կուտակվում է լորձաթաղանթի վրա, որը կոկորդի միջով ընկնում է ստամոքս, քանի որ ստամոքսն ավելի հեշտ է մարսում վնասակար նյութերը, քան թոքերը:

5. Նորածինները կարող են միաժամանակ շնչել ու կուրծք ուտել

Քթով շնչելը շատ կարեւոր է նորածինների համար: Հետաքրքիր է, որ նորածիններն իրենց կոկորդի հատուկ կառուցվածքի շնորհիվ կարող են միաժամանակ քթով շնչել ու կուրծ ուտել՝ առանց խեղդվելու: Տարիքի ընթացքում մարդը զրկվում է այդ հատկությունից ու որեւէ բան կուլ տալու համար ստիպված է լինում ավելի շունչը պահել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել